Մատչելիության հղումներ

Արցախից տեղահանված ևս մի ընտանիք չի կարողանում սերտիֆիկատով տուն գնել, «դժվար պայմաններ են դրել»


Պատերազմն ու տան կորուստը Օֆիկ Առաքելյանի բազմանդամ ընտանիքին Բերձորից տեղափոխեց Արտաշատ։ Արցախ վերադառնալու մտադրությունները մնացին անցյալում, երազանքներն՝ ապագայում, ներկան մի փաստաթուղթ է՝ Հայաստանի կառավարության տված հիփոթեքով տուն գնելու վկայականը, որն էլ փոշի է հավաքում մի անկյունում։

«Ոնց որ մարդու հոգին այստեղ լինի, սիրտը՝ այնտեղ, շատ դժվար է։ Որ օրը, երբ կարողացանք հետ վերցնել այդ հողերը, ոչ մեկս էլ չի մնա այստեղ», - «Ազատությանն» ասաց նա։

Պետությունը տեղահանված արցախցիներին մինչև 8 միլիոն դրամ հիփոթեքային վարկ է առաջարկում Երևանում, մինչև 10 միլիոն մարզերում, մինչև 12 միլիոն Արցախում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ազատությունը» տեղեկացավ, որ կես տարվա ընթացքում ընդամենը մեկ շահառու է Արցախում տուն գնել։ Արցախի շրջափակումից հետո ծրագիրը չի վերանայվել, 12 միլիոն դրամ հիփոթեքային վարկով աշխարհի հետ կապը կորցրած Արցախում տուն ձեռք բերելու առաջարկը դեռ գործում է։ Տեղահանված մարդիկ, սակայն, տարակուսած են՝ ինչպե՞ս տեղափոխվեն Արցախ։

«Եթե շրջափակում չլիներ, եթե Արցախի կարգավիճակը լիներ կայուն, անպայման ես կգնայի, որովհետև իմ ամբողջ կյանքն այնտեղ է անցել, բայց դե հիմա որ կարգավիճակն այդպես է, չեմ կարող ես գնալ, անգամ Արցախում ապրող մարդիկ չգիտեն՝ ինչ է լինելու այնտեղ», - նշեց նա։

Չորս երեխաների մորն առաջարկել են տուն գնել Հայաստանի սահմանամերձ գոտում։ Այս դեպքում պետությունը 14 միլիոն է առաջարկում։ Օֆիկը, սակայն, անհանգիստ է՝ պատերազմի միջով անցած փոքրերին ինչպե՞ս նորից նոր վտանգի առջև կանգնեցնի. - «Գեղարքունիքի մարզում, Տավուշի մարզում էլ անգամ այնտեղ նոր եղավ չէ՞ պատերազմ, անգամ կրակոցներ են։ Ում էլ տուն տրամադրել են, մեկ է՝ անապահով է, քանի որ մարդիկ տարիներով այնտեղ ապրել են, նորից վարձով ժողովուրդն ընկել է այս կողմ, այն կողմ»։

70 հազար դրամ վարձ են վճարում Արտաշատի ոչ բարվոք վիճակում գտնվող տան համար։ Ապրուստի միակ միջոցն ամուսնու 7000 դրամ օրավարձով աշխատանքն է։ Այդքանը տան վարձին, կոմունալներին ու սնունդին հազիվ է հերիքում, ուր մնաց, թե կարողանային մի բան էլ կողքի դնել, կես միլիոն դրամ հավաքել, որ պետության տված վկայականով բանկերի հետ գործարք սկսեն տուն գնելու համար։ Վարկային վատ պատմությունն էլ մյուս կողմից է խանգարում։

«Պատերազմից հետո չենք կարողացել վճարումներ անել, այդպես համ վարկային պատմության համար, համ կանխավճարի համար մենք չենք կարողանում տուն գնել, օրինակ՝ մեր սերտիֆիկատն ամուսնուս անունով է, իմ անունով չէ, բայց պետք է տան անդամը, չափահաս անդամներն էլ լինեն վարկայինից մաքուր, որ կարողանան տունը գնել։ Տեսեք՝ ինչքան դժվար պայմաններ են դրել, որ չենք կարողանում գնել», - նկատեց կինը։

Արցախում հողագործությամբ էին զբաղվում, հիմա Հայաստանում աշխատանք գտնելը բարդ է. - «Ի՞նչ անենք, պիտի ստիպված յոլա գնանք։ Այս կվարտիրայում սովոր չէին {երեխաները}, որ մենք սեփական տուն ենք ունեցել, բակ է եղել, բակում խաղացել են, օգնել են մեզ, հողամասում գործ ենք արել, խոզ ենք պահել, այդպես էլի։ Որ գնում ես աշխատանք փնտրելու, ասում են՝ դուք Արցախից եք, գնացեք այնտեղ, կամ օրինակ՝ Հայաստան, Արցախ ի՞նչ կապ ունի, մարդս մարդ ա չէ՞, բոլորս էլ հայ ենք»։

Օֆիկի ընտանիքի պես 44-օրյա պատերազմից հետո ևս մոտ 3000 տեղահանված արցախցի դեռ չի կարողանում պետության տված սերտիֆիկատով տուն գնել։ Թուղթն էլ վաղեմության ժամկետ ունի՝ մինչև հոկտեմբեր։ Կես տարվա ընթացքում միայն 450 հոգի, այսինքն՝ շահառուների ընդամենը 13 տոկոսն է վարկավորման գործընթացը սկսել։ Կառավարությունը ծրագրի ժամկետը երկարաձգելու մասին դեռ չի խոսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG