Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովն այսօրվա հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Ըստ հայկական կողմի՝ նրանք անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Ադրբեջանական կողմը իր տարածած հաղորդագրության մեջ միայն նշել է, որ քննարկվել են անվտանգության իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումից հետո Թվիթերում գրել է, որ երկխոսությունն առանցքային է Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար:
Մինչ այս հանդիպումը Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ առանձին-առանձին քննարկումներ է ունեցել Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը։
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Միրզոյանի հետ քննարկումներին ներկա էր նաև փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Հայաստանի միջազգային իրավական հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։ Այս հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Վաշինգտոնում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ կողմերը շատ փակագծեր չեն բացում։
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ում իր դիվանագիտական աղբյուրները, հայտնել էր՝ Վաշինգտոնը փորձելու է հասնել տարաձայնությունների հաղթահարմանն ու խաղաղության «ճանապարհային քարտեզի» մշակմանը։ Ընդ որում, լրատվամիջոցի տեղեկություններով՝ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը կարող է տևել մի քանի օր։
«Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ եթե Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում հաջողվի խաղաղության «ճանապարհային քարտեզ» մշակել, ապա «գործը կավարտի» Եվրոպան՝ ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին, որպեսզի «մի քանի շաբաթվա ընթացքում» կնքվի խաղաղության պայմանագիրը», - գրում է «Թուրանը»։
Հայաստանի արտգործնախարարությունից դեռևս չի հաջողվում ճշտել ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդած տեղեկությունները։
Մինչ Վաշինգտոնում սպասվում էր Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը, պաշտոնական Բաքուն հայտարարություն տարածեց, թե անընդունելի է համարում Հայաստանի միջամտությունը «Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքում անցակետի ստեղծմանը»։
Արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարի հետ։ Բլինքենը մասնավորապես Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը՝ ընդգծելով Լաչինի միջանցքը հնարավորինս արագ վերաբացելու կարևորությունը։
Ըստ Վաշինգտոնի հաղորդագրության՝ Բլինքենը խոստացել է ԱՄՆ շարունակական աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին՝ համոզմունք հայտնելով, որ խաղաղությունը հնարավոր է:
Պաշտոնական Բաքվի հաղորդմամբ՝ Ալիևը Բլինքենին ասել է, որ «Լաչինում անցակետը տեղադրվել է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների շրջանակներում և միջազգային բոլոր նորմերին համապատասխան»։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, թե «անցակետի նպատակը ոչ թե երթևեկության սահմանափակումն է, այլ վերահսկողության ապահովումը, և մարդիկ արդեն անցնում են այդ անցակետով»։
Բլինքենի հետ հեռախոսազրույցում Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։
Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
Ի՞նչ սպասել արտգործնախարարների հանդիպումից, երբ մի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն է սրվել ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո, մյուս կողմից՝ Բաքուն նոր պահանջներ է դնում հարաբերությունների բարելավման համար։ Այս մասով փորձագիտական դաշտում մեծ ակնկալիքներ չունեն՝ հաշվի առնելով նաև նախորդ նմանատիպ հանդիպումները։
Միրզոյանի ու Բայրամովի նախորդ հանդիպումը նոյեմբերի 7-ին էր դարձյալ Վաշինգտոնում։
Միրզոյանն ու Բայրամովը պետք է հանդիպեին նաև Ռուսաստանում՝ Մոսկվայի միջնորդությամբ եռաչափ ձևաչափով։ Այդ հանդիպումը, սակայն, անցած տարի դեկտեմբերին չէր կայացել։ Հայաստանի արտգործնախարարը հրաժարվել էր այս հանդիպումից՝ դա պատճառաբանելով Լաչինի միջանցքի փակ լինելով: Օրեր առաջ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ կա համաձայնություն Ռուսաստանում անցկացնել Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպում։ Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել էր, որ «կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաև պայմանավորվածություններ», բայց հանդիպման ամսաթիվը կհաղորդվի լրացուցիչ։