Ֆրանսիայի նման երկրները բարդացնում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և այն օգտագործում են սեփական շահերի համար:
Այդ մասին, ըստ APA ադրբեջանական լրատվական գործակալության, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը:
Նրա փոխանցմամբ, Ֆրանսիան պարտավոր է հայ-ադրբեջանական երկխոսության հարցում առավել կառուցողական դիրք գրավել:
Քալընը նաև քննադատել է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայ համայնքների գործողությունները, պնդելով, թե «դրանք Հայաստանի համար դրական արդյունքներ չեն ապահովի»:
Էրդողանի ավագ խորհրդականը նաև պնդել է, թե «պետք է լուրջ ընդունել Խանքենդիում և դրա շրջակայքում ապրող հայերին Ադրբեջանի կողմից տրամադրվող կյանքի և գույքի անվտանգության երաշխիքները, որոնք մենք համարում ենք խաղաղ գործընթացի ամենակարևոր հիմնասյուներից մեկը»: