Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավորը Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու ստորագրահավաք է սկսել 


Իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ստորագրահավաք է նախաձեռնել, որ Թագուհի Թովմասյանին հետ կանչեն Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից։

«Խմբակցությունը պետք է քննարկի և խմբակցությունը եթե որոշում կայացնի, էդ հարցին տալ օրենքով նախատեսված ընթացք», - լրագրողներին ասաց Հովիկ Աղազարյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թովմասյանը երեկ խորհրդարանում բողոքի ակցիա էր անում ընդդեմ վարչապետ Փաշինյանի հայտարարությունների։ Նա որոշեց չհեռանալ ամբիոնից։ Նրան ու մի քանի թիմակիցներին ուժով հեռացրին նիստերի դահլիճից։

Միջադեպից հետո Աղազարյանը ամբիոնից էլ հայտարարեց, որ գործընթաց է սկսել։ Նա Թովմասյանին պաշտոնանկ անելու հիմքերը փնտրում է ոչ թե երեկվա, այլ17 օր առաջ օմբուդսմենի թեկնածուներին առաջադրելու սկանդալային նիստում, երբ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանին ներկայացնելու ժամանակ ամբողջ քննակումը վերածվեց լեզվակռվի, աղմուկ-աղաղակի։

Թեև իշխանական պատգամավորներն էին վիրավորում, նաև սպառնում ընդդիմադիր թեկնածուին, բայց Հովիկ Աղազարյանը կարծում է, որ պետք է պատասխան տա հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Իսկ ի՞նչ հիմքեր կան Թովմասյանին պաշտոնանկ անելու։ Աղազարյանը նշել է, այն, որ Թովմասյանը ընդմիջում չի հայտարարել ու կողմերին չի հրավիրել առանձնազրույցի. - «Թովմասյանի պատրավոր էր որպես հանձնաժողովի ղեկավար ընդմիջում հայտարարել։ Օրինակի համար, որպես տարբերակ»։

Թագուհի Թովմասյանը հակադարձում է. - «Ընդմիջում հայտարարելու մասին ես ուղիղ եթերում երկու անգամ առնվազն հնչեցրել եմ, առաջարկել եմ, ու վերջում իմ առաջարկով էլ հենց ընդմիջումը եղել է։ Էնպես որ, դա իրենց համար ամենաթույլ հիմքն ա, որ կարող են գտնել»։

Թովմասյանը անհիմն է համարում այս նախաձեռնությունը, այն որակում է քաղաքական հետապնդում. - «Ինչ էլ անի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, դա լինելու է քաղաքական ռեպրեսիայի կոնկրետ դրդևորում»։

Աղազարյանի նախաձեռնած ստորագրահավաքին ոչ բոլոր թիմակիցներն են միացել, 71 իշխանականներից ընդամենը 29-ը։ Ստորագրությունների ցանկն արդեն խմբակցությունում է, պետք է արտահերթ նիստ հրավիրեն ու որոշեն հիմնավոր է, թե ոչ։ Եթե համարեն, որ հիմք կա, նախագիծ կմշակեն ու նիստում կքննարկեն։

«Եթե իհարկե խմբակցության գործընկերները հավանություն տան էդ գործընթացին, ապա կբերվի բոլոր հիմնավորումները», - ասաց Աղազարյանը։

Նա խոստովանեց, որ իրենց թիմում կան պատգամավորներ, որոնք Թովմասյանին պաշտոնանկ անելուն կողմ չեն։

Ռուստամ Բաքոյանը, ով նիստին ակտիվ էր ու ընդդիմադիր թեկնածուին վիրավորողներից մեկը, ասաց, որ չի միացել ստորագրահավաքին. - «Ես չգիտեմ ով է ինչ ասել։ Ես չեմ ստորագրել»։

Աղազարյանի թիմակիցը չպարզաբանեց, թե ինչու չի միացել։

Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն էլ ասաց՝ քննարկումից հետո կկողմնորոշվի. - «Հիմա բերում ա, նախաձեռնում ա, մենք է պետք հիմքերը նայենք, համոզվենք էդ հիմքերը իրավաչա՞փ են, թե՞ ոչ»։

Իսկ ի՞նչ կարծիքի է խորհրդարանի ղեկավար կազմը։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հրաժարվեց խոսել։

Օմբուդսմենի քննարկման նիստի աղմուկը հասել էր մինչեւ իրավապահ մարմիններ։ Թագուհի Թովմասյանն էր դիմել, որ քննեն իշխանական Արթուր Հովհաննիսյանի վարքը, որը վիրավորում ու սպառնում էր ընդդիմության թեկնածուին։ Բայց քննչական կոմիտեն վարույթ սկսելու հիմքեր չէր տեսել։ Արթուր Հովհաննիսյանն էլ ընդդեմ Թովմասյանի էր դիմել, սա էլ էր մերժվել։

«Խմբակցությունը տեր է կանգնելու իր առաջադրած թեկնածուին», - խոստացել էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ազգային ժողովի երեկվա միջադեպը ևս անհետևանք չեն թողնի։ Թագուհի Թովմասյանը փոխանցեց. - «Ես հիմա աշխատում եմ դիմումի տեքստի վրա և ուղարկելու եմ բոլոր ուժային կառույցներին, որպեսզի պահանջեմ քրեական պատասխանատվություն կրեն բոլոր այն մարդիկ, ովքեր թույլ են տվել ապօրինություններ»։

Թե ինչ զարգացում կունենա Աղազարյանի նախաձեռնությունը, խմբակցությունից պաշտոնապես դեռ չեն հայտնում։

Ընդդիմադիրներին հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից զրկելու նախադեպ կա իշխող թիմում։ Տասն ամիս առաջ ընդդիամդիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի փոխոխսնակի, Վահե Հակոբյանին հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից զրկեցին։ Թովմասյանը այս պահին միակ ընդդիմադիրն է, որ հանձնաժողով է ղեկավարում։

XS
SM
MD
LG