Մատչելիության հղումներ

«Խայտառակություն, տավտալոգիա». ըստ Թովմասյանի՝ ԱԺ աշխատակազմը սկզբում խոչընդոտել է դիմումն ուղարկել դատախազին


Խայտառակություն, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ղեկավարող, ընդդիմադիր «Պատիվ ունեմից» Թագուհի Թովմասյանն այսպես է որակում նախօրեին իր հետ տեղի ունեցածը։ Պնդում է՝ Ազգային ժողովի աշխատակազմը խոչընդոտել է, որ իր գրությունը հասնի գլխավոր դատախազին։ Յոթ էջերի վրա շարադրել էր, թե ինչ ենթադրյալ հանցանքներ է թույլ տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ի հանձնաժողովի նիստում, երբ թեժ մթնոլորտում քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրման հարցը:

Երբ Թովմասյանը պարզել է, որ նամակը չի ելքագրվել, աշխատակազմից, ըստ նրա, պատճառաբանել են. - «Պիտի Ձեզ հանձնաժողովի բլանկ սարքենք, որ Դուք հանձնաժողովի նախագահի բլանկով ուղարկեք, որովհետև եթե հանձնաժողովի բլանկով եք ուղարկում, պիտի հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեն, այսինքն՝ պիտի հիմա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ես ուղարկեմ, ասեմ՝ այն չորս հոգի պատգամավորները, որոնք իրենց խմբակցությունից են, կողմ քվեարկեք, որ Արթուր Հովհաննիսյանին պատժեն։ Տավտալոգիա»։

Յոթ հոգանոց հանձնաժողովում ՔՊ-ն մեծամասնություն ունի։ Մեկ տարի յոթ ամիս հենց հանձնաժողովի ձևաթղթով է մարդու իրավունքների խախտումների մասին իր գրությունները Թովմասյանն ուղարկել պետական կառույցներին, ու ոչ մեկը քվեարկության արդյունքներ իրենից չի պահանջել։ Կարծում է՝ սա քաղաքական հրահանգ է, այլապես աշխատակազմը ինչո՞ւ պիտի մտներ բովանդակության մեջ, թե ում է առնչվում ելքագրվող նամակը։

«Իմ իրավունքները որպես հանձնաժողովի նախագահի՝ չեմ կարողացել իրացնել, այսինքն՝ իմ ահազանգը որպես հանձնաժողովի նախագահ եմ ես հնչեցնում, որովհետև ես չկարողացա նիստը վարել այնպես, որ մարդիկ չվիրավորեն որևէ մեկին, հատկապես ընդդիմադիր թեկնածուին։ Եվ այս մասով ես ներկայացրել եմ մի շարք հանցագործություններ ու մի շարք օրինախախտումներ։

Ազգային ժողովի աշխատակազմը ապաքաղաքական մարմին է, այսինքն՝ նրանք չպիտի մտնեն բովանդակության մեջ, տեսնեն՝ Արթուր Հովհաննիսյանին է առնչվում, ասեն՝ վայ, էս խնդիր է, մի հատ տեսնենք՝ ինչ խնդիր կարող ենք սարքել, որ չգնա այս դիմումը», - պնդում է ընդդիմադիր պատգամավորը։

ԱԺ-ից հերքում են, թե աշխատակազմը փորձել է խոչընդոտել Թովմասյանի դիմումի ընթացքը։ Բայց հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը չհերքեց, որ մյուս հանձնաժողովականների համաձայնության հարց դրվել է. - «Աշխատակազմի ղեկավարը տիկին Թովմասյանի հետ զրույցում հարցրել է՝ արդյոք հանձնաժողովի մյուս անդամները տեղյակ են և համաձայն են բովանդակության հետ, և ստացել է պատասխան, որ ոչ, դա իմ անունից եմ ես պատրաստվում ուղարկել, նրան ուղղակի խորհուրդ է տրվել, որ այդ դեպքում պետք է ուղարկել հանձնաժողովի նախագահի բլանկով»։

«Ազատության» հարցին, թե աշխատակազմը մյուս հանձնաժողովների դեպքում նույն նախանձախնդրությունը դրսևորո՞ւմ է, Անտոնյանը արձագանքեց. - «Պարոն Առաքելյանը նոր է դարձել աշխատազմի ղեկավար, ու միգուցե նախորդ աշխատակազմերի ղեկավարները նպատակահարմար չեն գտել նման նյուանսին ուշադրություն դարձնել»։

ԱԺ աշխատակազմի ղեկավարն այժմ Դավիթ Առաքելյանն է. նա խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի օգնականն էր, հենց նրան նախագահի լիազորությունները մի կարճ շրջան կատարած Սիմոնյանը նշանակեց նախագահի աշխատակազմի ղեկավար, հիմա էլ Առաքելյանն ԱԺ-ում է նույն պաշտոնը զբաղեցնում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել իր մասին Թագուհի Թովմասյանի հայտարարությունները։

Վահե Հակոբյանի՝ իշխանականների նախաձեռնած պաշտոնանկությունից հետո Թագուհի Թովմասյանը միակ ընդդիմադիրն է, որ շարունակում է մշտական հանձնաժողով ղեկավարել։ Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը այժմ համախոհներ է փնտրում նրան պաշտոնանկ անելու համար։ Յոթ հոգու աջակցություն ունի, երեքին էլ գտավ, ասում է՝ խմբակցության նիստում հարցը կբարձրացնի. - «Այո, այդպիսի տրամադրություն կա»։

Իր կուսակից Արթուր Հովհաննիսյանի արտահայտությունները, Հովիկ Աղազարյանը ինչպես ասաց, մի երկու level (մակարդակ) ցածր էին օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի ու Թագուհի Թովմասյանի մտքերից։ Մինչ ընդդիմադիր Թովմասյանը իշխանական Հովհաննիսյանի վարքն է անօրինական համարում, Աղազարյանն ասում է՝ նա իր վրա վերցրեց հարվածը, որ իրավիճակը անկառավարելի չդառնա։

«Ինքը և պարոն Էդգար Ղազարյանը պլանավորած եկել էին մշակված սադրանքի, և ինքն այդ ամեն ինչը գրեթե հասցնում էր այն նպատակին, որ իրենք հետապնդում էին, բայց բարեբախտաբար և նաև ի շնորհիվ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանի դա տեղի չունեցավ», - նկատեց Աղազարյանը։

Թագուհի Թովմասյանը կարծում է՝ հանձնաժողովի նիստին իշխանականները հենց այդ ծրագրերով էին եկել, որ թերություններ գտնեին՝ բարձրացնելու համար իր պաշտոնակության հարցը։

«Քսան հոգի միայն սեղանի շուրջ էին նստած, մնացածը միջանցքում էին։ Բոլորը բաղվում էին ու ինձ ասում էին՝ դու չես կարողանում վարել։ Բա որ դուք բոլորդ բղավում եք, ես ո՞ր մեկիդ բերանը պիտի փակեմ։ Պատգամավորին ոչ հարիր վարքագիծ կամ կանոնակարգային ի՞նչ խախտում է թույլ տվել Թագուհի Թովմասյանը, որ իրենք այդ հիմքով… իհարկե, հիմք չկա, իհարկե, դա լինելու է քաղաքական քայլ, եթե նման բան իրականացնեն», - ասաց նա։

Թագուհի Թովմասյանի հրապարակային դժգոհություններից հետո օրվա վերջում ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց՝ Ազգային ժողովը տրամադրել է հանձնաժողովի նախագահի անունով ձևաթուղթ, իշխանական պատգամավորին վերաբերող դիմումը կարողացել է ուղարկել գլխավոր դատախազին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG