Ազգային ժողովի դահլիճից երեկ հեռացված ընդդիմադիր պատգամավորների ելույթի հնարավորությունը վերականգնվեց․ առաջարկը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանինն էր, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ այն ընդունեց։
«Երեկ, պարոն Սիմոնյան, միջադեպի պատճառով «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախապատրաստված ելույթներն ընդհատվեցին, առաջարկում ենք վերականգնել, որպեսզի պատգամավորները հնարավորություն ունենան խոսել՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ․ առաջին հերթին այն, որ նիստի ընթացքը վերականգնվեց՝ դեռևս միջադեպի հետևանքները մինչև վերջ չվերականգնված, մեր պատգամավորների որոշ մասը դրսում էին։ Հաջորդը՝ կառավարության ծրագրի քննարկումները շարունակվում են, և կառավարության ծրագրին գնահատական տալը, ելույթներով հանդես գալը նաև տրամաբանական է, անհրաժեշտություն է նուն քաղաքական իշխանության, կառավարության համար, որ իրենք էլ լսեն ու հաջորդ տարվա ծրագրերում համապատասխան հետևություններ անեն», - ասաց Օհանյանը:
Սիմոնյանն արձագանքեց՝ առաջարկն ընդունելի է, բայց նաև մի խնդրանք ուներ՝ հայրենակիցներին զերծ պահել վիրավորանքներից և ելույթների մեջ հնարավոր սադրանքներից։
«Եթե մենք կարողանում ենք ապահովել բովանդակային քննարկում, միանշանակ ես կարծում եմ, որ կարելի է վերակնգնել», - ասաց Սիմոնյանը՝ քարտուղարությունից խնդրելով երեկ գրանցված բայց ելույթ չունեցած պատգամավորների ցանկը։
Երեկ խորհրդարանի նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց օրվա երկրորդ կեսին, երբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ելույթ ունենալիս հայտարարեց, թե բողոքի ակցիա է անում, չի լքելու ամբիոնը։ Դահլիճում էր նաև վարչապետ Փաշինյանը։
Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, վերջիններս փորձեցին Թովմասյանին հեռացնել ամբիոնից։ Քաշքշոցով մի խումբ պատգամավորներ դուրս բերվեցին դահլիճից։
Կարճ ժամանակ անց նիստը վերսկսվեց։ Տասը պատգամավորներ զրկվեցին դահլիճ վերադառնալու իրավունքից՝ Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը։ Մյուսներն էլ դահլիճ չվերադարձան, նիստը շարունակվեց միայն իշխող մեծամասնության ելույթներով։