ԱՄՆ-ում Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել, ով մեղադրվում է հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար՝ ի շահ գործարար Սերգեյ Կուրչենկոյի, հայտնում է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը։ Սերգեյ Կարպուշկինին մեղավոր ճանաչվելու դեպքում սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
«Բելառուսի քաղաքացի 46-ամյա Սերգեյ Կարպուշկինը՝ Մայամիից, ձերբակալվել և դաշնային քրեական դատարանի կողմից մեղադրվել է օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի և նրա հետ կապված երկու ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները խախտելու սխեմային մասնակցելու համար», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ Կարպուշկինը և Ֆլորիդայի բնակիչ Ջոն Ունսալանը երեք տարի շարունակ մասնակցել են «օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու սխեմային»։ Հետաքննությունը կարծում է, որ նրանք գնել են 150 միլիոն դոլարի մետաղի արտադրության նյութեր «Կուրչենկոյի հետ կապված» երկու ընկերությունների համար։
Սերգեյ Կուրչենկոն Ուկրաինայի քաղաքացի է, Եվրամայդանից հետո տեղափոխվել է Բելառուս, ապա՝ Մոսկվա։ Վիկտոր Յանուկովիչի նախագահության շրջանում նա Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից էր: 2015 թվականին Կուրչենկոն պատժամիջոցների է ենթարկվել ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի կողմից՝ ուկրաինական պետական ակտիվների կամ տնտեսապես նշանակալի կազմակերպությունների յուրացման մեջ ունեցած դերի համար: