Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում


Ադրբեջանցի զինվորները արգելափակված Լաչինի միջանցքում, արխիվ
Ադրբեջանցի զինվորները արգելափակված Լաչինի միջանցքում, արխիվ

Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են», - ասված է Արցախի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

Նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է, և, «հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»: «Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից», - ընդգծում է Արցախի ՆԳ նախարարությունը:

«Սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի հատվածը։ Եվ արդեն 108 օր շարունակ Արցախի բնակչությունը զրկված է արտաքին աշխարհի հետ կապից», - նշված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ և Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ (Աղավնո) գյուղերի միջև ընկած տարածքը։ «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված՝ հսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, հիմնական և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև ընկած սահմանային ընդարձակ տարածքը», - ասվում է հաղորդագրությունում:

Բաքուն շաբաթ օրը հայտարարեց, թե ադրբեջանական բանակը «անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել» Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար: Արցախի տեղեկատվական շտաբը, մինչդեռ, հայտարարեց, որ «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում»: Եռակողմ հայտարարության խախտման փաստը հաստատեց նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Երկուշաբթի օրը Արցախի Պաշտպանության բանակը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը առավոտյան կրկին փորձել է առաջխաղացում կատարել, որը կասեցվել է ՊԲ զինծառայողների կողմից:

XS
SM
MD
LG