Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար ապրիլի 11-ին Տեղ գյուղի հատվածում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվեցին։
Նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանագրով՝ ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Սահակյանը, լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը, կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը՝ Արիության մեդալներով։
Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածքում խրամատավորված ադրբեջանցիներն ապրիլի 11-ի կեսօրից հետո կրակ էին բացել հարևանությամբ ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ:
Պաշտպանության նախարարության տարածած 8.5 րոպեանոց տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները մեքենայով մոտենում հայ զինծառայողներին, հարևանությամբ էքսկավատորն է խրամատ փորում, կողմերը ձեռնամարտի են բռնվում, հետո արդեն հրաձգություն է սկսվում։ Հայկական կողմը 4 զոհ և 6 վիրավոր ունեցավ։