Այժմ օրակարգում Շվեդիայի անդամակցումն է
Երեկվանից ՆԱՏՕ-ի անդամների թիվը պաշտոնապես հասավ 31-ի: Ֆինլանդիայի դրոշը բարձրացվել է դաշինքի կենտրոնակայանի մուտքի մոտ, և, ամենայն հավանականությամբ, տեսանելի ապագայում սկանդինավյան մեկ ուրիշ պետություն էլ՝ Շվեդիան կդառնա 32-րդ անդամը: Ռուսաստանում նյարդայնացած են արձագանքում ՆԱՏՕ-ի ընդարձակմանը:
«ՆԱՏՕ-ի ընդարձակումը սպառնում է Ռուսաստանի ազգային շահերին, և մենք ամեն ինչ կանենք մարտավարական ու ռազմավարական առումով մեր սեփական անվտանգությունը երաշխավորելու համար»,- այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա փոխանցմամբ, պատասխանն ինչ-որ միանվագ գործողություն չի լինի, դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի, բայց ամեն ինչ կարվի վտանգները վնասազերծելու համար:
Պեսկովը նաև նշել է, որ Ֆինլանդիայի անդամակցումը ոչ միայն սպառնալիք է Ռուսաստանի անվտանգությանն, այլև չի ամրապնդում հենց Ֆինլանդիայի և Եվրոպայի անվտանգությունը:
Մինչդեռ, արդիական աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքին միացած Ֆինլանդիայում թե՛ պետական այրերը և թե՛ բնակիչների մեծ մասը ողջունում են անդամակցումը:
«Սա, անշուշտ, մեծ օր է Ֆինլանդիայի համար, շահում են և՛ Ֆինլանդիան, և՛ ՆԱՏՕ-ն, բայց մեր մյուս ցանկությունն է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամի կարգավիճակում տեսնել մեր լավ հարևան Շվեդիան»,- երեկ ասել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը:
Բոլորը սպասում են Անկարայի վճռին
Երեկվա միջոցառմանը ներկա Շվեդիայի արտաքին գերատեսչության ղեկավար Տոբիաս Բիլստրյոմը համոզված է, որ այլևս չի կարելի խոչընդոտել իր երկրի անդամակցումը:
«Չկա պատճառ, որ Թուրքիայի կամ Հունգարիայի խորհրդարանները շարունակեն հետաձգել խնդիրը: Նրանք պետք է սկսեն վավերացումը, որովհետև մեզ աջակցում են ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, մենք կատարել ենք բոլոր ստանձնած պարտավորությունները»,- ասել է նախարարը:
Նրա կոչին է միացել նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին.- «Մենք կոչ ենք անում Թուրքիային և Հունգարիային առանց հապաղելու վավերացնել Շվեդիայի անդամակցումը: Մեր նպատակն է դաշինքի ամրապնդումը, Ֆինլանդիայի անդամակցմամբ, ինչին՝ հուսով եմ, առաջիկայում կհաջորդի նաև Շվեդիայինը՝ ՆԱՏՕ-ն ի զորու կլինի հակազդել արդիական մարտահրավերներին»:
Թուրքիան երկու սկանդինավյան երկրներից պահանջել է ապաստան չտալ քուրդ զինյալներին և ԱՄՆ-ում բնակվող կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին և արտահանձնել կասկածյալներին:
Ըստ Անկարայի, Հելսինկին հիմնականում կատարել է պահանջը, սակայն Ստոկհոլմը դեռ խուսանավում է:
Ֆինլանդիան արդեն ամրապնդում է Ռուսաստանի հետ 1300-կիլոմետրանոց սահմանը: Ֆինլանդիայի անդամակցմամբ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի ընդհանուր սահմանի երկարությունը գրեթե կրկնապատկվում է:
Ռուսաստանի հետ սահմանին ծառայող ֆին սահմանապահ Մարկուս Հաապասաարին իր ժողովրդին բնորոշ հանգստությամբ է արձագանքում նոր իրողությանը:
«Դե, Ֆինլանդիայի անդամակցումն ուղիղ կազդի պաշտպանական ուժերի վրա, իսկ թե ինչ ազդեցություն կգործի սահմանապահ ծառայության վրա՝ չեմ կարող ասել, երևի, վարժանքները կփոխվեն, ստույգ չգիտեմ»,- ասել է սահմանապահը:
Շարքային ռուսաստանցիները մտահոգված են՝ ՆԱՏՕ-ն մոտենում է երկրին
Ռուսաստանցիները և ֆինները հակառակ տեսանկյուններից են մեկնաբանում Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին:
Անցած տարվա մայիսին, երբ ակնհայտ էր դարձել, որ Ֆինլանդիայի անդամակցումն անխուսափելի է, Reuters լրատվական գործակալությունը հարցում է անցկացրել Սանկտ Պետերբուրգում:
Վլադիմիր անունով բնակիչը խիստ դժգոհ է. - «Ֆինլանդիան բարեկամ երկիր էր, որովհետև չեզոք էր, միանալով ՆԱՏՕ-ին, Ֆինլանդիան կդառնա Ռուսաստանի ռազմավարական հակառակորդ, ոչ մի լավ բան չկա դրանում»:
Նատալիան ենթադրում է, որ հարաբերությունները կվատթարանան. «Սարսափելի է, որ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի հարևանությամբ ՆԱՏՕ-ի ռազմակայան կլինի»:
Լարիսան հավատացնում է, որ ռուսները սիրում են ֆիններին և շվեդներին, «բայց այս պայմաններում մենք, իհարկե, ստիպված կլինենք պատասխանել, պաշտպանել մեզ, եթե նրանք դա չեն հասկանում, ապա մենք շատ լավ ենք հասկանում, որ սա երկուսիս համար էլ ինքնասպանություն է»:
Ֆինները ողջունում են անդամակցումը ՆԱՏՕ-ին
Ավանդական չեզոքությունից հրաժարված ֆինները համոզված են, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքին միանալն այլևս անհրաժեշտություն էր դարձել:
Պաշտոնաթող ռազմական ինժեներ Իլկա Լանսիվարաա. «Ինչ-որ բան ժողովրդի մեջ փոխվեց անցած ձմռանը, մարդիկ կառավարությունից պահանջեցին միանալ ՆԱՏՕ-ին, և դա լավ է»:
Սահմանամերձ շրջանի բնակիչ Մատտի Սեպպալա. «Լավ է, որ միացել ենք, ես կողմ էի, որովհետև երբեք չգիտես, թե ինչ սպասես քո «ավագ եղբայր» Ռուսաստանից»: