Երևանի ավագանին ապրիլի 11-ին, քաղաքապետի արտահերթ ու ըստ էության ձևական ընտրություն կանցկացնի՝ օրենքի պահանջին հետևելու համար։ Նման անհրաժեշտություն առաջացել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո։ Ավագանին արտահերթի համար ամենաուշը մեկ ամիս ժամանակ ունի։
Այսօրվա նիստը վարող Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, ով հիմա քաղաքապետի պարտականություններն է կատարում, հայտարարեց. - «Առաջարկում եմ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2023 թվականի ապրիլի 11-ը, ժամը 10:00-ին»։
Այսպիսով, ապրիլի 11-ին ավագանու խմբակցությունները պետք է իրենց թեկնածուներին առաջադրեն, բայց օրենքը պարտադրում է, որ այդ թեկնածուն ավագանու անդամ լինի։
Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց՝ իրենք այդ օրը նիստին չեն ներկայանա, որովհետև թեկնածու չունեն. - «Մեր խմբակցությունը այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրությունների մի քանի ամիս ժամանակահատված է մնացել։ Հետևաբար նաև ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, և քննարկելու և ընտրելու անհրաժեշտություն չի լինի»։
Ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանն անընդունելի է համարում իշխող խմբակցության կողմից նիստը բոյկոտելը։ Ասում է՝ իսկ գուցե մյուս երկու խմբակցություննե՞րն են որոշում թեկնածու առաջադրել։ Աբգարյանը հիշեցրեց՝ իշխող թիմի քաղաքապետի թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ով ավագանու անդամ չէ։
«Այսօր իշխանությունը հենց Ավինյանի ձեռքում է», - ընդգծում է 44-օրյա պատերազմից հետո ավագանու իշխող թիմը լքած Աբգարյանը։ - «Առաջադրել Տիգրան Ավինյանին ՔՊ-ն չի կարող բնականաբար, որովհետև նա ավագանու ցանկից չէ։ Առաջադրել մեկ այլ մարդու չեն կարող, որովհետև այդ մարդը կարող է մեկ էլ դառնա քաղաքապետ և ունենա իր ամբիցիաները, ինչը կխանգարի կրկին։ Նպատակն է Երևանը պահել ֆիկտիվ պաշտոնակատարով, բայց իրականում Երևանը պահել Տիգրան Ավինյանի ազդեցության ամբողջական գոտում»։
Արմեն Գալջյանը հակադարձում է՝ քաղաքապետարանը ոչ թե Տիգրան Ավինյանն է ղեկավարում, այլ քաղաքական թիմը, որոշումներն էլ, ասաց, քննարկումների արդյունքում են կայացվում։
Ավագանու իշխող թիմի ղեկավարն ասում է՝ այո, իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է, քաղաքապետի առաջին տեղակալն էլ քաղաքապետի բոլոր լիազորություններն իրականացնում է, նոր քաղաքապետ ընտրելու կարիք չկա։ Իսկ ապրիլի 11-ին եթե մյուս խմբակցություններն էլ թեկնածու չառաջադրեն, Լևոն Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնակատար մնալ, մինչև աշնանը կայանալիք հերթական ընտրությունները։
Գալջյանից հետաքրքրվեցինք՝ արտահերթ ընտրությունների գնալը բացառու՞մ եք։ «Չեմ բացառում, բայց այս պահին մենք նման որոշում չունենք»։
Դիտարկմանը, թե ընթամենը մի քանի ամիս է մնացել մինչև ընտրությունները, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն արձագանքեց. - «Այո, մի քանի ամիս է մնում, հիմա ունենք իրավիճակ, օրենսդրությունը մի քանի մեկնաբանություն ունի էս պարագայում։ Բայց այս պահի դրությամբ արտահերթ ընտրություն անցկացնելու որոշում չունենք»։
Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, ով մասնկացել է Ընտրական օրենսգրքի մշակմանը, նույնպես չի բացառում, որ իշխող թիմը հարմար առիթի դեպքում չի սպասի սեպտեմբերին կայանալիք ընտրություններին ու արտահերթի կգնա։
Բայց, Իոաննիսյանի գնահատմամբ, դա խնդրահարույց ու անարդար որոշում կլինի. - «Օրինակ, նոր ավտոբուսները բերելով եթե իշխանությունները տեսնեն, որ իրենց ռեյտինգը բարձրացել է, միգուցե պահից օգտվեն և գնան արտահերթ ընտրությունների։ Բայց դա կլինի շատ սխալ, տգեղ և ժողովրդավարության պրինցիպներին հակասող քայլ։ Արտահերթ ընտրությունները նաև ընդդիմադիր ուժերի համար անակնկալ կլինեն, և ընդդիմադիր ուժերը չեն կարողանա պլանավորել իրենց քարոզարշավը, պլանավորել հնարավոր, օրինակ, կոալիցիաների, դաշինքների ձևավորումը»։
«Քաղաքացիական պայմանագիրը» դեռ անցած տարի էր պաշտոնապես հայտարարել, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանը կլինի։ Իրենց թեկնածուների կամ մասնակցության մասին առայժմ չեն հայտնել խորհրարանի ընդդիմադիր ուժերը։