Մատչելիության հղումներ

Իշխանությունը Երևանում տրանսպորտի խնդրի լուծման նոր ժամկետ է նշում՝ ևս երկու տարի


Երևանի քաղաքային իշխանությունը հանրային տրանսպորտի խնդրի լուծման նոր ժամկետ է նշում՝ առաջիկա երկու տարիները: Ընդ որում, ասում են՝ այդ ընթացքում խնդիրը 90 տոկոսով լուծված կլինի։ Այսօր այս մասին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ըստ նրա՝ երկու տարուց կկարողանան հայտարարել, որ մայրաքաղաքը նոր տրանսպորտային ցանց ունի. «Որը որ վստահաբար գործելու է, և որակը բավարարելու է մարդկանց»։

Այսպիսով 2018-ին իշխանությունների տված գլխավոր խոստումներից մեկը մինչ հաջորդ աշնանը կայանալիք ընտրություններ ամբողջությամբ իրականացված չի լինի։ Խոստումից 4 տարի անց էլ երևանցիները օրվա պիկ ժամերին ստիպված են ավտոբուսներում սեղմված աշխատանքի գնալ ու գալ։ Այս տարիների ընթացքում գնված հարյուրավոր մեքենաները քաղաքացիների հոգսը դեռ չեն թեթևացրել:

«Պատահել է՝ 30-40 րոպե սպասել եմ, մի հատ տրանսպորտ է ու շատ լիքը, իրար շալակի թռած գնում են», -ասում են քաղաքացիները:

«Այո, միանշանակ տրանսպորտային բարեփոխումները չեն ենթադրում միայն ավտոբուսների ձեռքբերումներ: Ավտոբուսների ձեռքբերումները շատ կարևոր կոմպոնենտ են տրանսպորտի բարեփոխման, բայց տրանսպորտային բարեփոխումը ենթադրում է նաև միասնական տոմսային համակարգ, ենթադրում է հարմարեցված կանգառներ, կանգառասհրահներ, չցավուցակներ», - ասաց Ավինյանը:

Առայժմ չկա կառավարման կենտրոնը, որը պետք է ավտոբուսների աշխատանքը համակարգեր։ Դեռ չի գործարկվել նաև խոստացված միասնական տոմսային համակարգը, սա էլ պետք է վերջ դներ տրանսպորտում կանխիկով վճարելուն։ Այնինչ, ավելի քան կես տարի առաջ քաղաքապետարանից հայտարարում էին՝ դրա փորձնական տարբերակը շուտով գործարկվելու է։

«Ինչ վերաբերում է տոմսային համակարգի ժամկետներին, այդտեղ ենթադրում եմ՝ ինչ-որ շրջափուլեր կան, բայց քանի որ արդեն մրցույթը կայացել է, հաղթող ունենք, պայմանագրի կնքման փուլում ենք, ես չեմ կարծում, որ այդտեղ շատ... 2023 թվականին պետք է արդեն ներդրված լինի համակարգը ենթադրաբար», - նշեց նա:

Երևանի ավագանու հաջորդ ընտրություններում իշխանությունների քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այս հարցին անդրադարձավ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու համար հրավիրված ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով կատարված աշխատանքը, ու թե ինչ են անելու 2023-ին։

Փաշինյանի թիմակից Ավինյանը փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո հաճախ է հայտնվում էկրաններին, մայրաքաղաքի տարբեր բակերում, նույնիսկ մասնակցում կառավարության նիստերին ու քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի փոխարեն հենց ինքն է խոսում տարբեր հարցերի մասին։ Քաղհասարակության գնահատմամբ՝ նա իր քարոզարշավն արդեն սկսել է։ Քաղաքապետի՞ փոխարեն է տարին ամփոփում, ասուլիսի ընթացքում հարցրին Ավինյանին, ասաց. «Ես կարծում եմ՝ այն ոլորտները, որոնք նշեցի, վերաբերում էին այն ոլորտներին, որոնք ես անձամբ համակարգում եմ»:

Տիգրան Ավինյանից զատ, այս պահին ևս երկու հոգի է ասել, որ մասնակցելու է 2023-ի սեպտեմբերին կայանալիք ընտրություններին՝ Տիգրան Խզմալյանի գլխավորած Եվրոպական կուսակցությունը երգահան Ռուբեն Հախվերդյանին է առաջադրելու: Երևանի հաջորդ կառավարչի մյուս թեկնածուն էլ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինն է՝ Նատալյա Ռոտենբերգը: Քաղաքական մյուս ուժերը մասնակցության ու քաղաքապետի իրենց թեկնածուների մասին առայժմ չեն հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG