Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետը հրաժարական տվեց


Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ավագանու արտահերթ նիստում հայտարարում է իր հրաժարականի մասին։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ավագանու արտահերթ նիստում հայտարարում է իր հրաժարականի մասին։

Իշխող ուժը Երևանում հերթական քաղաքապետն է փոխում։ Հրաչյա Սարգսյանն այսօր հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից։ Նա ուղիղ 15 ամիս ղեկավարեց։

«Ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ», - ասաց նա։

Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանին հրաժեշտ տվեց արտահերթ նիստում, ուղիղ հեռարձակմամբ։ Ինչո՞ւ է հերթական ընտրություններից վեց ամիս առաջ հեռանում, պատճառը այդպես էլ չբացահայտեց։ Փոխարենը շեշտեց քաղաքապետ դառնալու շարժառիթը։ Քաղաքական կյանքն էր բարդ, քաղաքապետարանի ու կառավարության կապն էր խզված. - «Ես պատասխանատվություն ստանձնեցի, որպեսզի շարունակենք էդ ծրագրի իրականացման աշխատանքները»։

38-ամյա Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ դարձավ Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո։ Մարությանին իշխող թիմը անվստահություն հայտնեց, քանի որ պատերազմին հաջորդած խորհրդարանական ընտրություններում նա չաջակցեց իշխող կուսակցությանը, Նիկոլ Փաշինյանին։

«Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել Երևանի քաղաքապետ, ծառայել Երևանին», - ավագանու այսօրվա արտահերթ նիստում ասաց Սարգսյանը։

Սարգսյանի ակտիվությունը քաղաքապետի պաշտոնում կարճ տևեց։ Վերջին ամիսներին Երևանի բնակիչները նրան միայն նիստերը վարելիս էին տեսնում, երբ ենթականերին չէր խնայում ու նկատողություններ անում։

Այժմ հանրային վայրերում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էր ակտիվ, կարմիր ժապավեններ է կտրում։ Կառավարության նիստերին մասնակցում։

«Բոլորիդ հայտնի էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն պարոն Տիգրան Ավինյանն էր, և ցուցակը գլխավորելու է պարոն Ավինյանը։ Հույս ունեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա երևանցու վստահության քվեն», - ասաց Սարգսյանը։

Տիգրան Ավինյանը իշխող թիմի քաղաքապետի թեկնածուն է սեպտեմբերին սպասվող ընտրություններում, իսկ մինչ այդ Սարգսյանին քաղաքապետի պաշտոնում կփոխարինի հինգ տեղակալներից առաջինը՝ Լևոն Հովհաննիսյանը, փոխանցեցին իշխող խմբակցությունից։

Ինչո՞ւ ընտրություններից մի քանի ամիս առաջ փոխվեց քաղաքապետը։ Հնարավո՞ր է պարտադրվեց հրաժարականը։

Ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը պարտադրանքը չի կարող հաստատել, բայց համոզված է, որ Հրաչյա Սարգսյանի հրաժարականով մայրաքաղաքի կառավարումն ամբողջությամբ անցնում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին. - «Հաշվի առնելով նոր քաղաքապետի [ժամանակավոր պաշտոնակատարի] ով լինելը, խոսքը Լևոն Հովհաննիսյանի մասին է, քանի որ իր անունն է շրջանառվում, ես մի բան եմ տեսնում, որ ընտրություններից առաջ կարիք կար, որ ամբողջովին քաղաքը անցնի միայն և միայն Տիգրան Ավինյանի վերահսկողության տակ։ Քանի որ փոխքաղաքապետը, ըստ էության, կրկին ինքնուրույն ֆիգուր չէ։ Նա Տիգրան Ավինյանի ստվերն է, ընկերը»։

Կարիք կար, որ մինչև ընտրությունները թեկնածու Ավինյանի ձեռքերն ամբողջությամբ ազատ լինեին որոշումներ կայացնելու հարցում, ասում է Իզաբելլա Աբգարյանը, որ սկզբում իշխող խմբակցության անդամ էր, իսկ Մարությանի պաշտոնանկությունից հետո լքեց խմբակցությունը. - «Հրաչյա Սարգսյանը ուներ նաև իր գիծը։ Որքան էլ որ նա լիներ ՔՊ-ի դրածոն, բայց նա ուներ իր գիծը, ուներ իր մարդիկ։ Եվ հիմա մենք կարող ենք փաստել, որ լինելու է Լևոն Հովհաննիսյանը ժ/պ, կրկին ունենալու ենք դրածո, բայց քաղաքը այս անգամ ամբողջովին ղեկավարելու է Տիգրան Ավինյանը»։

Հրաչյա Սարգսյանի հրաժարականի ելույթում հասցեական ու ուղիղ դժգոհություններ չհնչեցին։ Ընդհանուր դժգոհեց, որ, անկախ պաշտոններից, համատեղ աշխատանքի կարիք կա, ոչ թե պառակտման ու անկայունության. - «Ներողություն այն մարդկանցից, որ նեղացվածություն ունեն գուցե ինձանից, բայց անձնական տիրույթում ոչ մեկից ո'չ նեղացվածություն ունեմ, ո'չ ինչ-որ տրամադրվածություն, այլ ուզում եմ, որ մենք թիմային աշխատանքով առաջ գնայինք։ Եվ միգուցե էդ աշխատանքի ընթացքում եղել են տարբեր ընկալումներ աշխատանքների ձևի, բովանդակության հանդեպ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG