Մատչելիության հղումներ

«Աջափնյակի կայարանը կկառուցվի 48 ամսում»․ կառավարությունն ավելի քան1 մլրդ դրամ հատկացրեց ՏԿՆ-ին


Կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման նախագծանախահաշվարկային աշխատանքների համար։

Նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ աշխատանքները երեք փուլից են բաղկացած, առաջին փուլն արդեն իրականացվել է, այժմ հարկավոր է նախագծող ընկերությանը վճարել հաջորդ փուլերի համար։

«Երևանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1 մլրդ 848 մլն դրամ է։ Այսօր առաջարկում ենք կառավարությունը հատկացնի մեկումեկ միլիարդը, մնացած տարբերությունը հետագայում Երևանի քաղաքապետարանը կլրացնի», - տեղեկացրեց Սանոսյանը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ մետրոյի կայարանը, նախնական հաշվարկներով, կկառուցվի 48 ամսում։

«Այսինքն՝ երկու տարում մենք կայարանը կարողանալու են կառուցել։ Ընդհանուր երկարությունը կայարանի լինելու է շուրջ մեկուկես կիլոմետր։ Կայարանի շինարարությունը նաև ենթադրում է մետրոկամուրջ, որը որ էս պահի դրությամբ երկու տարբերակով ենք դիտարկում՝ երկաթբետոնե հենասյուներով ու հեծաններով տարբերակը և նոր մոդելով՝ մետաղական ֆերմայով հավաքված կամուրջ։ Էս պահի դրությամբ վերջնական որոշում չունենք, սպասում ենք ֆինանսական գնահատականներին»։

Աջափնյակում՝ «Թումո» կենտրոնի մոտ նոր կայարանի նախագծման մրցույթը հաղթել է ռուսական խոշոր «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը, որը մետրոպոլիտենի նախագծման աշխատանքներ է արել և՛ Ռուսաստանում, և՛ հետխորհրդային այլ երկրներում։

Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցումը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կայարանի կառուցումը ռազմավարական ծրագիր էր որակել։

Նախնական հաշվարկներով՝ մետրոյի 1 կայարանի կառուցման համար պետք կլինի մոտ 50 միլիոն եվրո։ Արդյոք սա արդյունավետ ներդրում կլինի՞ մոտ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի զարգացման տեսանկյունից։

XS
SM
MD
LG