Մատչելիության հղումներ

Պուտինին ձերբակալելու հնարավորություն կարող է լինել օգոստոսին «Բրիկս»-ի գագաթնաժողովին. դատավոր Մարկ Ուոլֆ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Պուտինին ձերբակալելու՝ Միջազգային քրեական դատարանի որոշումը իրագործվելու հնարավորությունը կարող է ստեղծվել «Բրիկս»-ի՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության առաջիկա գագաթնաժողովում։ Այս տարի այն տեղի կունենա օգոստոսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որը միացել է միջազգային դատարանին։

Առայժմ չի հաղորդվել՝ Պուտինը կմասնակցի հավաքին, թե ոչ։ Սակայն հստակ է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը պարտավոր է իր սահմանը հատելուն պես Պուտինին ձերբակալել ու հանձնել միջազգային ատյանին, որին անդամակցում է 1998 թվականից, ասում է ԱՄՆ Մասաչուսեթսի դատարանի դատավոր Մարկ Ուոլֆը։

«Նա, իհարկե, չի պատրաստվում ենթարկվել այդ որոշմանը, բայց միևնույնն է, դա սահմանափակում է նրա տեղաշարժը։ Պուտինը ծրագրում էր Հարավային Աֆրիկա գնալ այս տարի՝ գագաթնաժողովի։ Եթե գնա, այդ երկիրը պարտավոր է հանձնել նրան Միջազգային քրեական դատարանին», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։

Հաագայի Միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին Ռուսաստանի նախագահին ձերբակալելու օրդեր տվեց Ուկրաինայի դեմ պատերազմական ենթադրյալ հանցագործության համար։ Ռուսաստանը կտրականապես մերժում է մեղադրանքները, պնդում, թե ինքնապաշտպանության համար է հարձակվել ու գրավել հարևան երկրի տարածքը։ Կրեմլը հայտարարում է նաև, թե միջազգային քրեական դատարանի որոշումը չի կարող կիրառվել՝ հիշեցնելով 1973 թվականին ՄԱԿ–ի ընդունած որոշումը, որը երաշխավորում է երկրների նախագահների անձեռնմխելիությունը։ Սակայն, ըստ ԱՄՆ դատավորի՝ Պուտինը սխալվում է․ - «Նրանք ունեն անձեռնմխելիություն տեղի դատարաններում, օրինակ՝ Պուտինը չի կարող մեղադրյալ լինել քանի դեռ ՌԴ նախագահն է, բայց նախագահներն ու վարչապետները չունեն անպատժելիություն միջազգային դատարաններում»։

1993-1994 թվականներին ստեղծվեցին Միջազգային քրեական տրիբունալներ՝ նախկին Յուգոսլավիայում և Ռուանդայում պատերազմական հանցագործությունների մեղավորներին դատապարտելու համար։ Մարկ Ուոլֆը դեռևս 2014-ին՝ Ղրիմի բռնակցումից հետո էր առաջարկել ստեղծել նույնանման տրիբունալ Ռուսաստանի պատասխանատվության հարցով։ Ադ առաջարկը դեռ չի իրագործվել, քննարկումներ են ընթանում, ասում է Ոուլֆը, հավելելով, որ մինչ այդ Հաագայի Միջազգային դատարանի որոշումը արդեն իսկ կարևոր քայլ է։

«Ձերբակալման այս որոշումը, անշուշտ, խորհրդանշական ու բարոյական կարևորություն ունի պատասխանատվության կանչելու Վլադիմիր Պուտինին՝ իմ կարծիքով ամենածանր հանցագործության՝ Ուկարինայի նկատմամբ ագրեսիայի համար։ Սա հիշեցում է Պուտինին ու նրա նմաններին, իսկ նա միակը չէ, որ նրանց գլխին վտանգ է կախված՝ միջազգային պատասխանատվությունը, եթե նրանք անձեռնմխելի են սեփական երկրներում», - հավելեց նա։

Մարկ Ուոլֆը մի քանի տարի է՝ պայքարում է ստեղծելու համաշխարհային հակակոռուպցիոն դատարան՝ քաղաքական առաջնորդներին պատասխանատվության կանչելու համար։ Ըստ ամերիկացի դատավորի՝ հենց կոռուպցիան է միավորում բռնապետերին, և այս ուղղությամբ քայլերը կարող են ամենաազդեցիկն ու ցավոտը լինել նրանց համար

«Բռնապետները, ոչ ժողովդրավարական առաջնորդները յուրացրել են իշխանությունը, և նրանց պետք է օրինական ճանապարհով իշխանությունից հեռացնել։ Կոռուպցիան նրանց աքիլլեսյան գարշապարն է», - հավելեց Ուոլֆը։

Եթե անգամ Ռուսաստանը կամ որևէ այլ պետություն Պուտինին չհանձնի միջազգային քերական դատարանին, Ուոլֆն առաջարկում է դիտարկել առանց մեղադրյալի ներկայության դատավարության հնարավորությունը. - «Վերջերս Նիդեռլանդներում 4 հոգու դատեցին, որոնք մեղադրվում էին մալազիական ինքնաթիռի կործանման համար, որի զոհ էին դարձել բազմաթիվ հոլանդացիներ։ Մեղադրյալներից միայն մեկն էր ներկա դատավարությանը, մյուսներին հեռակա դատեցին»։

Ամերիկացի դատավորն ընդգծում է՝ այս գործընթացի հաջողությունը կարևոր է ոչ միայն Պուտինին, այլև աշխարհի մյուս բռնապետերին պատասխանատվության կանչելու համար։ «Հանցագործության դատապարտման դեպքում իրական հնարավորություն կա կանխել նման դեպքերի կրկնությունը ապագայում», - շեշտեց Մարկ Ուոլֆը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG