Մատչելիության հղումներ

«Ադրբեջանցիք իմ ցանած ցորենը  արմատախիլ են արել, տեղը խրամատ են փորել». Տեղ համայնքի բնակիչ 


«Եկել են դրոշները խփել են, խրամատավորվել նստել, դրանից էն կողմ էլ ինչ ասես»․ մինչ վարչապետ Փաշինյանը երեկ կառավարության նիստում վստահեցնում էր, թե հայկական կողմը դիրքեր չի կորցրել, ընդամենը ճանապարհի փոփոխություն է կատարվել, այդ նույն ժամանակահատվածում Տեղ գյուղում բնակիչներն անսպասելիորեն բացահայտում էին, որ ադրբեջանցիները մտել են իրենց ցորենի դաշտերը, քանդում են մշակած հողերն ու դիրքեր փորում։

Տեղ գյուղի բնակիչներից մեկը «Ազատությանը» պատմեց, որ իրեն պատկանող երկու հեկտար հողում ցորեն էր ցանել՝ լավ բերքի հույսով, սակայն, երեկվանից ցորենի դաշտում ադրբեջանցիներն են։

«Երեկ ես աշխատանքի էի, եկա, մեկ էլ ասին՝ թուրքերը եկել են, գնացի տեսնեմ ցանածս արմատախիլ են արել, ցանած ցորենս սաղ հանել են, խրամատներ են փորում, էլ ինչ՝ սուսուփուս հետ եկա», - ասաց ցանքատարածքը կորցրած Տեղ գյուղի բնակիչը։

Նա պատմեց, որ այդ պահին տեղում և՛ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ են եղել, և՛ ռուս խաղաղապահներ, սակայն ադրբեջանցիներին դա չի զսպել․ - «Սաղ կանգնած, իրենք ոչ մի բանի չեն ենթարկվում»։

Տեղի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ, պնդեց՝ իր հողատարածքն ու համագյուղացիների հողերը, որ հիմա ադրբեջանցիների վերահսկողության տակ են, թե' Խորհրդային Միության տարիներին, թե' անկախացումից հետո հայկական կողմում են եղել, իրենք էլ դրանց դիմաց հողի հարկ են վճարել, ավելին՝ երեկ կորցրած 2 հեկտար հողի համար այս տարի, թանկացումների պատճառով կրկնակի ավելի է վճարել․ - «Նախկինում էլ մերն է եղել, էնպես չի, որ ադրբեջանական տարածք է, պայմանագրով մերն է, վարկը մուծում ենք, էս տարի էլ թանկացել է՝ միշտ մուծում էի 20 քանի հազար, էս տարի մուծել եմ 40 քանի հազար»։

Տեղ համայնքի բնակիչները միայն ցանքատարածքները չեն կորցրել, ադրբեջանցիների երեկվա առաջախաղացումից հետո մարդիկ նաև արտովայրերից են զրկվել։

«Տեղեր կան՝ բարձունքներում, որ արոտավայրերը սաղ հայտնվել են բանի տակ, չես էլ կարա էնտեղ անասուն պահես», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Տեղ համայնքի բնակիչները դեռ երեկ էին «Ազատությանը» պատմել, որ ադրբեջանցիները գիշերը մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։

«Էս գիշերը եկալ են, հենե մեքենաները կանգնած, իրանց տեխնիկան գործ ա անում արխային... ինքն էլ մեր տարածքում... պատկերացնո՞ւմ ես։ Շտեղ ուզում են, էնդեղ էլ կանգնում են, ասում են մերն ա։ Էդ Փաշինյանի ասած 29 հազար 800-ը գոնե պաշտպանենք... Ինքը Երևան նստած, հի՞նչ ա իմանում։ Թող կյա, մեր տնից նայի, տեսնի թորքի Կամազուները ոնց են գործ անում։ Կամ մեզ չունե՞նք, պաշտպանություն չունե՞նք, Ազգային անվտանգություն չունե»նք։ Խի՞ չեն ասում՝ արա, էդ հի՞նչ ա կատարվում», - զայրանում է գյուղի բնակիչը։

Սյունեցիների ահազանգերից ժամեր անց՝ երեկ երեկոյան ԱԱԾ-ն հաստատեց, որ ադրբեջանցիները սահմանային հինգ կետերում առաջ են եկել դեպի Հայաստանի տարածք։ Թե կոնկրետ որ կետերում՝ ծառայությունը չի հստակեցրել, տեղեկացնում է միայն, թե Բաքուն դրանով խախտել է նախօրեին ձեռք բեչված պայմանավորվածությունները։ Թե ովքեր, երբ, որտեղ, կոնկրետ ինչի շուրջ էին պայմանավորվել՝ Անվտանգության ծառայությունը չի մանրամասնում։

«Ռուս խաղաղապահները այդ տարածքից դուրս են եկել՝ ադրբեջանցիք էլ առիթից օգտվել են և առաջ են եկել»

Ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանցիներն անարգել եկան ու մտան Հայաստանի տարածք։

Տեղ խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը պարզաբանում է՝ այդ հատվածում ռուս խաղաղապահներն են տեղեկայված եղել, նրանք դուրս են եկել, ադրբեջանցիներն էլ առիթից օգտվել են և առաջ են եկել։

«50 մետր թուրքը վերևն է, էդ որ իրենք առաջ են եկել, էդտեղ միջանցք է եղել, ռուս է նստած եղել, մեր բանակը մեղավո՞ր է, որ ռուսը դուրս է եկել, իրենք առաջ են եկել։ Էս պահին մեր կորպուսի հրամանատարը, իր բանակի հետ միասին, շուտ հասել է և կանգնեցրել է առաջխաղացումը... Մեր բացթողումը էն է, որ մենք ռուսին հավատում ենք», - ասաց Արգամ Հովսեփյանը։

ԱԱԾ -ն, սակայն, ռուսական կողմի մասնակցության մասին հաղորդագրության մեջ որևէ բան չի ասում։ Նշվում է միայն, որ այդ հատվածի երկայնքով մարտի վերջին օրերին պետք է տեղակայվեին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահները՝ ըստ Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։

Հայկական կողմի պաշտոնական պարզաբանմամբ, կատարվածը քարտեզների տարընթերցման հետևանք է։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: ԱԱԾ-ն հայտարարում է, թե հայկական կողմն իրավիճակին մոտենում է «էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»՝ չմանրամասնելով, թե դա ինչ է ենթադրում։

Ըստ Տեղ համայնքի ավագանում ընդդիմադիր անդամի, այս պահին բանակցություններ են ընթանում. - «Կորպուսի հրամանատարը էսօր էլ ա գնացել, էլի իրա զինվորների հետ փորձում, որ հետ շպրտի դրանց»։

Տեղի համայանքապետ Դավիթ Ղոլունցը արդեն 2 օր է հեռախոսազանգերին չի պատասխանում։ Մինչ այդ, Կոռնիձորի գյուղապետ Արշակ Կարապետյանը երեկ վստահեցրել էր, թե ադրբեջանցիները ոչ մի սանտիմետր առաջ չեն եկել, այսօր արդեն պարզաբանեց, թե ինքը նկատի է ունեցել Կոռնիձորի տարածքը։ Իսկ Տեղում, ըստ Կարապետյանի, ադրբեջանցիները մոտ 50-60 հեկտար առաջ են եկել. - «Ոնց հասկանում եմ, մի 50-60 հետարի չափով ավել մտած են»։

Վարչապետ Փաշինյանն առայժմ չի արձագանքել Հայաստանի տարածք ներխուժելու ադրբեջանական կողմի քայլերին։ Նա երեկ «բլոկբաստեր» էր որակել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ վերահսկղության տակ վերցնելու ադրբեջանական կողմի պնդումները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG