Ուկրաինան պահանջել է շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ կապված Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Կիևը վճռական քայլեր է ակնկալում Անվտանգության խորհրդի մշտական անդամներից՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Չինաստանից։
Ռուսաստանը նույնպես այս կազմակերպության մշտական անդամ է և դրանում վետոյի իրավունք ունի։
Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի մտադրությունները Ուկրաինան «հերթական սադրիչ քայլն» է անվանում։