Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն քննադատում է Բելառուսում միջուկային զենք տեղակայելու՝ Մոսկվայի որոշումը


Ռուսաստանը միջմայրցամաքային հրթիռ է փորձարկում, արխիվ
Ռուսաստանը միջմայրցամաքային հրթիռ է փորձարկում, արխիվ

ՆԱՏՕ-ն կիրակի օրը քննադատել է Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին Մոսկվայի որոշումը՝ այն անվանելով վտանգավոր և անպատասխանատու:

Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում նշվում է, որ մինչ այժմ որևէ նախանշան չկա, որ Ռուսաստանը պատրաստվում է կիրառել միջուկային զենք: ՆԱՏՕ-ի դաշնակիցների մարտունակության մակարդակը նույնպես չի փոխվում:

Նույն կերպ են գնահատել իրավիճակը նաև Միացյալ Նահանգներում: Պետդեպարտամենտը և Պենտագոնը հայտարարել են, որ երկրի միջուկային ուժերը չեն բերվել բարձր պատրաստականության: Պետքարտուղարության խոսնակն էլ ասել է, թե Բելառուսում ռուսական միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին Ռուսաստանի նախագահի հայտարարությունից հետո Վաշինգտոնը նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում:

Ուկրաինան, սակայն, պահանջել է շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Պուտինի հայտարարությունից հետո: Այս մասին ասվում է երկրի արտգործնախարարության հայտարարությունում, որով Կիևը վճռական քայլեր է ակնկալում Անվտանգության խորհրդի մշտական անդամներից՝ Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից և Չինաստանից: Ռուսաստանը, հիշեցնենք, նույնպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և ըստ այդմ վետոյի իրավունք ունի:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի կարծիքով, Պուտինի որոշումը վկայում է՝ Մոսկվան հասկանում է, որ տանուլ է տալիս Ուկրաինայի դեմ պատերազմը:

Մարտի 25-ին "Россия 24" հեռուստաալիքի եթերում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան որոշում է կայացրել Բելառուսի տարածքում տեղակայել մարտավարական միջուկային զենք: Նրա խոսքով՝ Բելառուսի ռազմաօդային ուժերի 10 օդանավեր արդեն պատրաստ են օգտագործել այս տեսակի զենք: Բացի այդ, Ռուսաստանը Բելառուսին է փոխանցել «Իսկանդեր» համալիրները, որոնք կարող են կրել նաև միջուկային զենք:

Պուտինը նաև հայտարարել է, թե մինչև հուլիսի 1-ը նախատեսվում է ավարտել Բելառուսում միջուկային զենքի պահեստարանի կառուցումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG