Մատչելիության հղումներ

Ռուսները այժմ վերահսկում են Բախմուտի տարածքի մոտ 65 տոկոսը. ամերիկացի փորձագետներ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ Associated Press-ին տված հարցարզույցում նախազգուշացրել է, որ եթե ուկրաինական բանակը տանուլ տա Բախմուտի համար ճակատամարտը, Ռուսաստանը այդ հաղթանակը կօգտագործի Ուկրաինայի համար անընդունելի զիջումներ պահանջող բանակցություններ սկսելու համար։

«Որովհետև դա նրա համար հաղթանակ կլինի։ Նա այդ հաղթանակը կվաճառի Արևմուտքին, իր հասարակությանը, Չինաստանին, Իրանին, բոլոր երկրներին, Բրազիլիային, Լատինական Ամերիկայի երկրներին», - հավելել է Զելենսկին։

Նրա կարծիքով, այժմ որևէ պարտություն կարող է վտանգել Ուկրաինայի դիմադրության տեմպերը։

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերը նշում են, որ իրավիճակը Բախմուտում շարունակում է մնալ «լարված, բայց վերահսկողության տակ»։ Ռուս ռազմական թղթակիցները գրում են, որ ռուսական բանակը «ճնշում է» ուկրաինացի զինվորներին և առաջ է գնում։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետների տվյալներով, ռուսները վերջին շաբաթվա ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Բախմուտի տարածքի մոտ հինգ տոկոսը և այժմ վերահսկում են քաղաքի մոտ 65 տոկոսը։

Ռուսները Ուկրաինայի արևելքում մի քանի ուղղությամբ են գրոհում։ Թեժ է նաև Ավդեևկայում ու Մարյինկայում, թեև այստեղ, ինչպես ուկրաինական կողմն է պնդում, ռուսների գրոհները ձախողվել են։

Ուկրաինան հաջող հակահարձակման շատ լավ հնարավորություններ ունի. Լլոյդ Օսթին

Լլոյդ Օսթին
Լլոյդ Օսթին

LloydՉնայած կատաղի մարտերին Բախմուտում և Դոնբասի մյուս շրջաններում, Պենտագոնի ղեկավարը երեկ խոսել է ուկրաինական հակահարձակումից։
Լլոյդ Օսթինը հայտարարել է, թե Ուկրաինան հաջող հակահարձակման շատ լավ հնարավորություններ ունի. - «Ուկրաինացիները զգալի կորուստներ են պատճառել ռուսներին, և նրանք սպառել են իրենց զրահատեխնիկայի պաշարները այնպես, ինչպես ոչ ոք չէր կարող պատկերացնել: Հետևաբար կարծում եմ, որ գարնանը մենք ականատես կլինենք ռազմական գործողությունների աճին։ Կարծում եմ, որ Ուկրաինան հաջողության հասնելու շատ լավ հնարավորություն կունենա»։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը այսօր գերմանական Leopard 2 տանկերի մասին խոսելիս ասել է, թե ուկրաինական հակահարձակումը կարող է սկսվել ապրիլ-մայիս ամիսներին. - «Մեր գլխավոր շտաբի որոշմամբ, այդ տանկերը կտեսնեք հակահարձակման մեջ։ Արդեն մի քանի ուղղություններով նախատեսվում է։ Դա կախված է նրանից, թե որ պահն է ամենահարմարը, նաև՝ եղանակային պայմաններից: Գարնանը մեր հողը շատ թաց է։ Կարծում եմ՝ մենք դրանք կկարողանանք տեսնել ապրիլին կամ մայիսին»։

Միացյալ Նահանգները չափազանց վտանգավոր է համարում բանակցություններ սկսելու կոչերը

Ու մինչ ուկրաինական կողմը պատրաստվում է հակահարձակման, Վաշինգտոնը կրկին հայտարարում է, թե բանակցություններ սկսելու կոչերն այսօր չափազանց վտանգավոր են։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ անհապաղ զինադադարի մասին կոչերը, պահպանելով ներկա իրավիճակը, երբ երկրի տարածքի մի մասը օկուպացված է ռուսական զորքերի կողմից, կարող են հանգեցնել հակամարտության սառեցմանը, ինչը ձեռնտու է Ռուսաստանին։

Էնթոնի Բլինքեն
Էնթոնի Բլինքեն

Այս մասին Բլինքենը հայտարարել է Վաշինգտոնում կայացած «Արդար և տևական խաղաղություն Ուկրաինայի համար» միջազգային քննարկման ժամանակ։ Պետքարտուղարը կարծում է, որ Մոսկվան կօգտագործի նման զինադադարը վերազինվելու և Ուկրաինայի վրա նոր հարձակման համար։

«Ինչը կարող է առաջին հայացքից գրավիչ թվալ, ո՞վ չէր ցանկանա, որ զինադադար լինի, իրականում սա ցինիկ ծուղակ է, որից պետք է խուսափել», - նշել է Բլինքենը։

Տասներեք ամիս տևող պատերազմի վերջը չի երևում։ Ըստ բրիտանական The Guardian-ի, անցած տարվա դեկտեմբերին ռուս պաշտոնյայի տանը ընթրիքի ժամանակ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել էր այնտեղ ներկա վերնախավին, որ պատերազմը շատ երկար կտևի, և «ամեն ինչ շատ ավելի կդժվարանա»։ Թերթի զրուցակիցը նշել է, որ հյուրերի համար տհաճ էր սա լսել։

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով

Այսօր էլ հակամարտության հնարավոր տևողության մասին հարցին Պեսկովը պատասխանել է. - «Եթե դուք նկատի ունեք պատերազմը լայն համատեքստում, դա երկար է տևելու: Եվ մեզ անհրաժեշտ է ինքնավստահություն և համախմբվածություն նախագահի շուրջը»։

Ավելի վաղ նաև Ռուսաստանի արտգործնախարարն էր նման հայտարարություն արել՝ հավելելով, թե Ռուսաստանի նպատակներին կարելի է հասնել միայն ռազմական ճանապարհով։

Միխայիլ Պոդոլյակ
Միխայիլ Պոդոլյակ

Զելենսկու գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պատասխանել է Մոսկվայից հնչող այս հայտարարություններին․ - «Պեսկովն ու Լավրովը սխալվում են։ Պատերազմը կարող է ավարտվել դիվանագիտական ճանապարհով։ Եթե Ռուսաստանը անմիջապես հեռանա օկուպացված հողերից։ Որպեսզի դա տեղի ունենա, Մոսկվայում պետք է բանակցողը փոխվի։ Դրան կարելի է հասնել ավելի շատ զենք մատակարարելով Ուկրաինային և ռուսական բանակի նոր պարտությունների շնորհիվ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG