Մատչելիության հղումներ

Կրեմլում բանակցել են Չինաստանի և Ռուսաստանի նախագահները


Սի Ծինպինը և Վլադիմիր Պուտինը, Կրեմլ, Մոսկվա, 21 մարտի, 2023թ.
Սի Ծինպինը և Վլադիմիր Պուտինը, Կրեմլ, Մոսկվա, 21 մարտի, 2023թ.

Կրեմլի երեք շքեղ սրահները

Այսօր Կրեմլի Գեորգևյան սրահում տեղի է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինիի և Սի Ծինպինի պաշտոնական հանդիպման արարողակարգը:

Չինաստանի ղեկավարը երեկ է պետական այցով ժամանել Մոսկվա: Խորհրդանշական է, որ սա Սի Ծինպինի առաջին արտասահմանյան ուղևորությունն է այդ պաշտոնում երրորդ անգամ վերընտրվելուց հետո: Երեկ նախագահներ Պուտինը և Ծինպինը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել և ի շարս այլ թեմաների, քննարկել են նաև Ուկրաինայի պատերազմի կարգավորման հնարավորությունը:

Այսօր Գեորգևյան սրահում նվագախումբը կատարել է երկու գերտերությունների օրհներգերը, դրանից հետո պատվիրակությունները տեղափոխվել են Կրեմլի Եկատերինյան սրահ, որտեղ նեղ կազմով բանակցություններ են տեղի ունեցել:

Ապա նախագահները և երկու պատվիրակությունները տեղափոխվել են Ալեքսանդրյան սրահ, որտեղ արդեն ընդլայնված կազմերով են բանակցել:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունն էլ տեղի է ունեցել Կրեմլի Մալաքիտի ճեմասրահում:

Առևտրի տարեկան ծավալը հասցնել 200 միլիարդ դոլարի

Կողմերը ստորագրել են երկու փաստաթուղթ՝ առաջինը համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության խորացման մասին է, երկրորդը՝ մինչև 2030 թվականը ռուս-չինական համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման ծրագիրն է:

Այդ երկու հայեցակարգային փաստաթղթերից բացի կողմերը կնքել են նաև տարբեր ոլորտներում մոտ տասնյակ առանձին համաձայնություններ:

Էներգետիկա, ռազմատեխնիկական համագործակցություն և առևտուր: Միջազգային զարգացումներից բացի այդ թեմաներն են ռուս և չինացի պաշտոնյաների հանդիպումների օրակարգում:

Ռուս-չինական փոխադարձ առևտրի տարեկան ծավալը 185 միլիարդ դոլար է և հետզհետե ավելանում է: Պուտինն այսօր ասել է, որ արդեն այս տարի այն կհասնի և կհատի 200 միլիարդ դոլարի սահմանը:

Սի Ծինպինն, իր հերթին, գովեստով նշել է, որ Չինաստանը և Ռուսաստանը մտադիր են զարգացնել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի, ներդրումների, մշակույթի և այլ ասպարեզներում:

Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովը և Սերգեյ Շոյգուն, Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, «Ռոսկոսմոսի» տնօրեն Յուրի Բորիսովը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Պուտինը գովեստով է խոսել խաղաղության չինական ծրագրի մասին

Փաստաթղթերի ստորագրումից հետո երկու ղեկավարները հանդես են եկել հայտարարություններ, ապա Կրեմլում տրվել է պաշտոնական ճաշ ի պատիվ Չինաստանի ղեկավարի:

Ուկրաինայում, Միացյալ Նահանգներում և Եվրոպայում սպասել են, թե ինչ կասեն նախագահները ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հնարավորության մասին:

Պուտինն ասել է, որ Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրի շատ դրույթներ կարող են դրվել կարգավորման հիմքում, «երբ դրան պատրաստ կլինեն Արևմուտքում և Կիևում, ինչը դեռ չի նկատվում»:

Չինաստանը փետրվարի 24-ին է հրապարակել 12 կետ պարունակող ծրագիրը, որում նշվում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների կարևորությունը, կոչ է արվում հրադադար հաստատել, սակայն հստակ չի ասվում Ուկրաինայից ռուսական ուժերը հեռացնելու մասին:

XS
SM
MD
LG