Չինաստանի ղեկավարն առաջին արտասահմանցի առաջնորդը կլինի, ում հետ կհանդիպի Ռուսաստանի նախագահն այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել՝ պատերազմական ենթադրյալ հանցագործության համար։
Այսօր մեկնարկում է Սի Ծինպինի եռօրյա այցը Ռուսաստան։
Չինաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ ընդգծել էր, որ Պեկինը հավատարիմ է ուկրաինական պատերազմին «օբյեկտիվ և արդար» դիրքորոշմանը, ինչպես նաև պատրաստ է կառուցողական դեր ստանձնել Կիևի և Մոսկվայի միջև՝ խաղաղ բանակցությունների հաստատման գործում:
Նախագահ Պուտինը Միջազգային քրեական դատարանի որոշումը դեռ չի մեկնաբանել, իսկ Ծինպինի այցից առաջ անսպասելիորեն այցելել է Ուկրաինայի գրավյալ տարածքներ՝ Ղրիմ և Մարիուպոլ։
Ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցին՝ փետրվարի 24 ին, Չինաստանը ներկայացրել էր Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական լուծման վերաբերյալ իր ծրագիրը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայլո Պոդոլյակը երեկ հայտարել է, թե խաղաղության չինական ծրագրում տրամաբանություն և մանրամասներ չկան։
Նրա խոսքով՝ ծրագրի կետերից մեկը խոսում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անձեռնմխելիության մասին, իսկ մյուսը՝ անհապաղ հրադադարի անհրաժեշտության մասին, ինչը նշանակում է Ռուսաստանին թողնել օկուպացված տարածքները։
Ուկրաինացի պաշտոնյան շեշտում է՝ չինական պլանը «բավարարում է» Մոսկվայի շահերը, մինչդեռ ռուս ուկրաինական կարգավորումը, Պոդոլյակի խոսքով, պետք է սկսվի «Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի պարտադիր դուրսբերմամբ»։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ ողջունում է Պեկինի՝ հակամարտության խաղաղ լուծում առաջարկելու փորձը, սակայն կարծում է, որ ուկրաինական կողմն անհնար է դարձնում քննարկումը և, այսպես կոչված, հատուկ գործողությունը պետք է շարունակվի։
Ուկրաինայի դաշնակից Միացյալ Նահանգները նույնպես համարում է, որ Ուկրաինայում զինադադարի մասին կոչերը, որոնք կարող են հնչել Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի Մոսկվա կատարելիք այցի ժամանակ, անընդունելի են։
Սպիտակ տան ազգային անվտանգության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, Fox News-ին տված հարցազրույցում, ասել է, թե հրադադարը պարզապես ժամանակ կտա Մոսկվային ուժերը համալրելու համար։