Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին:
Փարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը և Տասմագամբետովը մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցերի:
Իմանգալի Տասմագամբետովին այսօր ընդունել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:
Արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ-պետություն հանդիսացող Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վերաբերյալ կազմակերպության հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Նրանք անդրադարձել են նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ԱԳ նախարարը շեշտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման հրամայականը:
Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, իսկ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ դաշնակիցների և գործընկերների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունները կատարելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է նախօրեին քաղաք Ջերմուկ կատարած այցելությունից իր տպավորությունները:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել երեկ: Նա եղել է Ջերմուկում, զինվորականաները նրան ուղեկցել են այն վայրերը, որոնք Ադրբեջանը ռմբակոծել էր սեպտեմբերյան հարձակման ժամանակ։