Մատչելիության հղումներ

5 ամսից բարձրագույն կրթություն չունեցող 1400-ից ավելի ուսուցիչ կազատվի աշխատանքից


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

5 ամսից բարձրագույն կրթություն չունեցող 1400-ից ավելի ուսուցիչ կազատվի աշխատանքից։ Օրենքի պահանջն է՝ ուսուցիչը պետք է պարտադիր բարձրագույն կրթություն ունենա։ Այս չափանիշին չհամապատասխանողների համար օրենքն արդեն երկու անգամ երկարաձգվել է, որպեսզի ընթացքում նրանք բարձրագույն կրթություն ստանան։ Բայց կառավարությունը երրորդ հնարավորությունը չի տալիս։

«Հասկացանք, որ օրենք է, բայց օրենքի մեջ կարող ենք չէ ենթակետ մտցնել»․ 42 տարի Սպիտակի թիվ 1 դպրոցում դասվար աշխատող Սուսաննա Մանուչարյանը թեև տեղյակ է օրենքի մասին, միևնույնն է՝ դժգոհում է՝ արդյո՞ք այս տարիների մանկավարժական փորձն ու գիտելիքները բավարար չեն աշխատանքը շարունակելու համար։

Վերջին տարիներին Մանուչարյանը մասնակցել է ուսուցիչների ատեստավորմանը, ստացել ամենաբարձր միավորը, ասում է, պատրաստ է նորից ստանալ անհրաժեշտ գիտելիքները։ «Մենք ուզում ենք թույլ տան գոնե հասնենք մեր ծերության թոշակին», - ասաց Մանուչարյանը։

Հայաստանում մոտ 40 հազար ուսուցիչ կա, նրանցից 1345-ն ունի միջին մասնագիտական, 64-ը՝ միջնակարգ կրթություն։

Արսեն Բաղդասարյանը, որ օրերս «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ դեռ զբաղեցնում էր Կրթության նախարարության հանրակրթության վարչության պետի պաշտոնը, բացատրում է՝ այս ուսուցիչների համար օրենքը չերկարաձգելու որոշումը կապված է կրթական բարեփոխումների հետ:

«Ամեն անգամ երկարացնելով ժամկետը ստացվում էր, որ որոշ կատեգորիայի մարդկանց վրա օրենքի պահանջը չի ազդում, և մենք պարբերաբար երկարացնելով ուղղակի իրենց համար ստեղծում ենք արտոնյալ պայմաններ», - ասաց Բաղդասարյանը։

Արդյո՞ք միանգամից 1400 ուսուցչի աշխատանքից ազատելով՝ դպրոցներում խնդիրներ չեն առաջանա։ Պաշտոնյան ընդունում է՝ թափուր տեղեր կան հատկապես բնագիտական առարկաների դեպքում, այժմ աշխատում են, որ նրանց պակասը լրացվի։

«Այս տարի սեպտեմբերից գործելու է նոր նախաձեռնություն, որի համաձայն ՀՀ բոլոր դպրոցների բնագիտական առարկաների ուսուցիչները ստանալու են հավելավճար», - ասաց Բաղդասարյանը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, սակայն, ընդգծում է՝ 2009-ին, երբ ընդունվում էր օրենքը, ուսուցիչներն ավելի շատ էին, քան առկա աշխատատեղերը, հիմա հակառակն է՝ դպրոցներում մասնագետների զգալի պակաս կա։

«Այս մարդկանց մեջ կան շատ լավ մանկավարժներ, մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ աշխատել են դպրոցում և ապացուցել են իրենց կենսունակությունը», - նկատեց Խաչատրյանը։

Ինչո՞ւ 14 տարվա ընթացքում 1400 ուսուցիչ չի ստացել պահանջվող բարձրագույն կրթությունը, կրթության փորձագետը պատասխանում է՝ ցածր աշխատավարձը չէր կարող ուսուցչին թույլ տալ դիմել բուհ։ «Միգուցե պետք է այդ մարդկանց կրթությունը անվճար լիներ, կամ շատ էժան լիներ, որովհետև շատ հեշտ է խոսել՝«մենք իրենց հնարավորություն ենք տվել», բայց պայման տվե՞լ եք, տվե՞լ եք այն աշխատավարձը, որով ինքը կարող էր կրթություն ստանալ», - հարց է բարձրացնում փորձագետը։

Հանրակրթության վարչության նախկին պետը հակադարձում է՝ 14 տարիների ընթացքում մի շարք խոչընդոտներ կարող էին լինել, սակայն սա չպիտի ազդի օրենքի պահանջի վրա։

«Կարծում եմ կարելի էր հետևողական լինելու դեքպում բավարարել այդ պահանջները», - ասց Բաղդասարյանը։

Օրենքի կիրառման դեպքում ուսուցիչների պակասից բացի Սերոբ Խաչատրյանը ևս մեկ խնդիր է առանձնացնում՝ ավագ սերնդի երկար տարիների փորձը, որը սկսնակ մասնագետները չունեն։

«Պատկերացրեք գյւողի ուսցչին հանեցին, որովհետև չունի էդ կրթությունը, ումով ենք փոխարինելու, արդյոք բարձրագույն կրթությամբ նոր շրջանավարտները ավելի լավ կարող են աշխատել, շատ դեպքերում, կարծում եմ, ոչ», - ասաց Խաչատրյանը։

Միևնույն ժամանակ կրթության փորձագետն ընդգծում է՝ այս ծախսը կլինի անհիմն, քանի որ ուսուցիչների այս քանակի մեջ գերակշռում են պատկառելի տարիքով անձինք։ Մի քանի տարուց կենսաթոշակային տարիքին անցնող ուսուցիչներին պիտի հնարավորություն տրվի ավարտել իրենց աշխատանքային գործունեությունը համապասխան տարիքային շեմում և դրանից հետո այլևս չընդունել օրենքին չհամապատասխանող մասնագետների, կարծում է կրթության փորձագետը։

5 ամսից բարձրագույն կրթություն չունեցող 1400-ից ավելի ուսուցիչ կազատվի աշխատանքից
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG