Շուրջ 3 տարի շարունակ շարունակված ստուգումներից հետո «Այբ» կրթական հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Քննությունը սկսվել էր անցած տարի հունվարին՝ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքով։ Հիմնադրամի դեմ հետապնդումները, սակայն, ըստ փաստաբանի. սկսվել էին ավելի վաղ՝ կրթության նախկին նախարար Արայիկ Հարությունյանի 2018-ին՝ «Ֆեյսբուք»-ում արած գրառումից հետո։
«Այբ»-ի հետ կապված. հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կատարել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ, դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է, այսքանը», - նշել է Հարությունյանը:
Նախկին նախարարի՝ դեռ երեք տարի առաջ խոստացած ֆինանսական աուդիտի արդյունքները մինչ օրս այդպես էլ չեն հրապարակվել, թեև նախարարության պաշտոնյաները պարբերաբար հավաստիացնում էին, թե դրանք պատրաստ են։
Արայիկ Հարությունյանն անգամ մանրամասներ էր նշել. «Պարզվել է, որ անցած տարի հատկացված գումարներից 666 միլիոնից շուրջ 280 միլիոնը չի ծախսվել, դա հետագայում ձևավորվել էր որպես կանխավճար այս տարվա, գումարը շարունակում է նույնը մնալ հիմա: Այս բոլոր տեղափոխումները այս տնավարության գործընթացների արդյունքում, ես որոշել եմ և հանձնարարական եմ տվել, որ ուսումնասիրվի մեր ներքին աուդիտի կողմից 2015 թվականից սկսած գործունեությունը, երբ որ այդ վճարումները սկսել են արվել, 2017-ին է սա վերաբերում, որպեսզի մենք տեսնենք այդ գումարների փոխատեղումները ինչպես են լինում»:
Քննչական կոմիտեն, սակայն նախկին նախարար Արայիկ Հարությունյանի նշած այս և մի շարք այլ չարաշահումների ապացույցները չի գտել։ «Այբ» հիմնադրամի փաստաբան Իռմա Ճաղարյանն ասում է՝ մինչ օրս չեն ստացել նաև՝ ինչ եզրակացության են հանգել նախարարությունում ամիսներ շարունակված ստուգումներից ու աուդիտներից հետո։ մեղադրանքների հեղինակ Արայիկ Հարությունյանը ավելի ուշ պնդել էր՝ «ԱՅԲ»-ի կրթական ծրագրի հեղինակ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի մասին իր հայտարարությունները զուտ քաղաքական բնույթի են եղել։
«Պետական պաշտոնյաները հրապարակայնորեն հայտարարելով, որ կան որոշակի հանցավոր էլեմենտներ, իրականում սկսել են հետապնդել «Այբ» հիմնադրամը, որի արդյունքում պատճառել է վնաս առաջին հերթին պետությանը, որովհետև պետությունը զգալի ռեսուրսներ է ներդրել, զգալի դրամական միջոցներ է ներդրել այս ծրագրի մեջ և պարզապես քաղաքական հայտարարության համար այդ ծրագիրը դադարել է գոյություն ունենալ», - ասաց փաստաբանը:
Ստուգումներն արվել են հիմնադրամի կողմից իրականացված Արարատյան բակալավրիատի ծրագրում։ Դա միջազգային ճանաչում ունեցող հայալեզու միակ ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս աշակերտներին աշխարհի շուրջ 120 համալսարաններ ընդունվել՝ հայերենով հանձնած քննության արդյունքներով։
Ըստ հիմնադրամի տնօրենի, իշխանությունների կողմից սկսված ստուգումների պատճառով ծրագիրը լուրջ վնաս է կրել. տապալվել է դրա ներդրումը նաև այլ դպրոցներում:
«Հենց այն պահին, երբ ծրագիրը պետք է ներդրվեր ընտրված Արարատյան բակալավրիատ դպրոցներում, ամբողջ Հայաստանով և Արցախով, երբ արդեն կատարվում էր աշակերտների ընդունելություն, երբ մենք վերապատրաստել էինք բազմաթիվ, հարյուրավոր ուսուցիչների, ովքեր պետք է նոր որակով դասավանդում ապահովեին իրենց դպրոցներում ու նաև ստանային շատ ավելի արժանապատիվ վարձատրություն, փաստացի, այդ փուլում ծրագիրը կասեցվեց: Եվ ոչ միայն այդ պահին շահառուների թիվը հաշվենք, այլ հաշվի առնենք, որ ծրագիրը 10-ամյա ծրագիր էր, որն իր ավարտին պետք է հասանելի լիներ Հայաստանի Հանրապետության բոլոր ավագ դպրոցներում: Եթե հաշվենք այդ թիվը երեխաների, շահառուների, ուսուցիչների, ի վերջո, մեր հանրության, որը պետք է շահեր այդպիսի կիրթ սերունդ ունենալուց, վնասը բավական մեծ է ստացվում», - նշեց «Այբ»-ի տնօրեն Սոնա Կոշեցյանը:
Կրթության նախարար, այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ այսօր մեզ չհաջողվեց կապ հաստատել։ Կրթության նախարարությունն էլ ոչ մի մեկնաբանություն չտվեց։
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց՝ ակնկալում է, որ Արայիկ Հարությունյանը առնվազն ներողություն պետք է խնդրի տարիներ առաջ հնչեցրած, բայց՝ այդպես էլ չհիմնավորված մեղադրանքների համար։
«Կարծում եմ, որ դա շատ նորմալ է և խիզախ քայլ կարելի է համարել, որովհետև հետագայում մեզ համար կարևոր է, որ նման երևույթներ այլևս չլինեն: Կարող ենք չհամաձայնել կրթական այս կամ այն ծրագրի դրույթների հետ, դա նորմալ է, դա մասնագիտական բանավեճ է, և նախկին նախարարն էլ կարող էր հանգիստ այդ անհամաձայնությունը արտահայտել, որպես նախարար կարող էր վերանայել այդ ծրագրի որոշ մոտեցումներ, բայց անձին վիրավորելն, ուղղակի քրեական բաների մեջ մեղադրելը առանց հիմքերի, կարծում եմ՝ ճիշտ չէ», - նշեց ոլորտի փորձագետը:
Հիմնադրամն իր հերթին դիմել է իրավապահներին՝ իր բարի համբավն արատավորելու համար, բայց քննիչները դրան ընթացք չեն տվել և կարճել են։ Իրավապահների այս որոշման դեմ «Այբ»-ը երկու դիմում է ներկայացրել դատարան: