«Տխրեցի, որ մենակ ես եմ»
Մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի բաժինն այս տարի մեկ ուսանող կունենա։ Մանե Առաքելյանն է միակ ընդունված դիմորդը՝ Սիսիանի Անգեղակոթ գյուղից։
«Տխրեցի, որ մենակ ես եմ, ինչի՞ եմ մենակ ես ու հետո մի պահ մտածեցի, որ երևի այնպիսի բաժին է, որ կամ չեն ձգտում, կամ իրենց պետք չի», - «Ազատությանն» ասաց նա:
Մանեին սկզբում ընկերուհիներն ու ուսուցիչներն են լուրը հայտնել, որ Ֆիզիկայի բաժնի միակ ուսանողն է։ Անհավատալի էր, ասում է. «Երբ հուլիսի 18-ին ցուցակները կախեցին, կայքերում տեղադրեցին, նայեցի, իմացա, որ անվճար էլի մենակ ես եմ, իսկ վճարովի չկա, դիմորդ մենակ ես եմ»:
Ընկերներ կգտնեմ ուրիշ բաժիններից, սփոփվում է Մանեն, բայց տխուր է, որ դպրոցներում պահանջված մասնագիտություն է, ու աշակերտները հետաքրքրված չեն։ Խոստանում է ավարտելուց հետո գյուղ վերադառնալ՝ իրենց դպրոցում աշխատելու. «Որ պրակտիկաների էլ ուղարկեն, կընտրեմ մեր գյուղը, որ համ այստեղ»:
Մանկավարժականում չորս տարի առաջ էլ է նման պատկեր եղել: Մեկ ուսանողով չորս տարի բաժինը պահելու փորձ ունենք, ասում է Մանկավարժական համալարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։ Ֆիզիկայի բաժնի միակ ուսանողուհին այս տարի ավարտել ու վերադարձել է Աշտարակ դպրոցում աշխատելու։
«Ցավով պետք է նշեմ, որ այս տարի չորրորդ կուրս բակալավրիատն ավարտեց ևս մեկ ուսանող, այսինքն` մենք 4 տարի մեկ ուսանողով դասավանդել ենք այդ ուսանողին, կատարել ենք այն նույն աշխատանքը, ինչն անում ենք ամբողջ խմբով ուսանողության հետ», - նշեց նա:
Մանկավարժականում ոչ մի դիմորդ չի ընդունվել դպրոցներում մեծ պահանջարկ ունեցող առարկաների գծով. «Քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ցավոք սրտի, ինֆորմատիկա, տեխնոլոգիա և ձեռնարկչություն, այդ մասնագիտություններում այս պահի դրությամբ զրո դիմորդ»:
Տխուր ու արտառոց պատկերներ մյուս բուհերում ևս
Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է միասնական քննությունների հիմնական փուլը, մի քանի օրից լրացուցիչ քննությունների փուլն էլ կավարտվի։ Բուհերում սովորել ցանկացողների թիվն անցած տարվա համեմատ չի նվազել՝ 13 հազար 887 շրջանավարտ, մի քանի հարյուրով ավելին է։ Միասնական քննությունների արդյունքում ընդունվել է 7246 հոգի` մի քանի հարյուրով ավելի անցած տարվա համեմատ:
Այս տարի տխուր պատկեր է արձանագրվել բնագիտական մասնագիտությունների ուղղություններով։ Երևանի պետական համալսարանում էլ Քիմիայի բաժինն է վատ վիճակում։ Ընդամենը երկու դիմորդ է ընդունվել։
«Կոպիտ ասած` ընդամենը երկու հոգի է ցանկություն հայտնել, չնայած կարող է և կտրվածներ լինեն, բայց երկու հոգի է բավարարել քիմիական ֆակուլտետ ընդունվելու համար»:
Պատկերը արտառոց է Ագրարային համալսարանում։ Ընդամենը 38 դիմորդ է ընդունվել 192-ից։ Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը այս կտրուկ նվազումը բացատրում է տարեվերջին նախարարության նորամուծությամբ։ Դեկտեմբերին որոշվել է, որ բնագիտական մասնագիտություններով երկու քննություն պետք է հանձնեն մեկի փոխարեն։
«Այս տարի քանի որ երկրորդ քննությունն էլ ավելացավ, ենթադրում եմ, որ ավելի քիչ դիմեցին` հաշվի առնելով, որ պատրաստված չէին քննություններին», - նկատեց նա:
Պետության համար շատ կարևոր ժամանակակից գյուղատնտեսության ու պարենային անվտանգության հետ կապված մասնագիտություններով դիմորդները հետաքրքրված չեն։ Այս և մի շարք բաժիններում ոչ մեկը չի ցանկացել սովորել։
Թոփ բաժինների ցանկն անփոփոխ է
Թոփ բաժինների ցանկը, որ մրցակցությունը բարձր է, նույնն է՝ իրավագիտություն, բուժական գործ, ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, տեղեկատվական անվտանգություն, ֆինանսներ, կառավարում խիստ պահանջված են։ Դիմորդները չեն ցանկանում ուսուցիչ դառնալ ու գյուղատնտեսությամբ զբաղվել, եզրահանգում է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Աշխատավարձը ցածր է, գրավիչ չէ, ասում է նա:
«Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ և Ագրարային համալսարանի շրջանավարտը, և ուսուցիչն այսօր այն գումարը չի ստանում, որ կարողանա հետագայում ընտանիք կազմելուց, ընտանիք ունենալուց հետո, այսպես ասած, «տուն պահել», - հավելեց նա:
Բարձրագույն կրթության պահանջարկի նվազումը վերջին տարիների միտումն է, ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Պատճառները մի քանիսն են։ Առանձնացնում է հատկապես աշխատաշուկայի փոփոխությունը։ Սպասարկման ոլորտը զարգացել է, շրջանավարտները գերադասում են միանգամից փող աշխատել, աշխատաշուկայում չորակավորված աշխատուժի կարիք կա. «Եթե մենք նայում ենք, վերջին տարիներին դուք էլ նկատած կլինեք, Հայաստանի սնկի պես աճեցին սուպերմարկետները, սրճարանները, սերվիսի ոլորտը զարգացավ, և այս ոլորտում շատ ակտիվ ներգրավված են հենց 17-18 {տարեկան} երիտասարդները»:
Ըստ փորձագետի՝ մյուս պատճառն արտագաղթն է, որը հանգեցրեց դիմորդների թվի կրճատման։ Բացի այդ, շրջանավարտների մի խումբ էլ գերադասում է դպրոցից հետո դիմել արտասահմանյան բուհեր, քոլեջներ։
Ռազմավարական ոլորտներում խիստ ցածր են վարձատրում. փորձագետ
Կառավարությունը մեծ անելիք ունի, որ բուհական համակարգը տրվեց շուկայական հարաբերություններին, իշխանության սխալն է, շեշտում է կրթության փորձագետը։ Ռազմավարական ոլորտներում խիստ ցածր են վարձատրում։ Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ կառավարությունը պետք է ամբողջական կրթաթոշակ տա, որ կարողանա Երևանում ապրել մարզից եկած ուսանողը։
«Ստացվում է, որ մի շարք ռազմավարական ոլորտներ` գյուղատնտեսություն, մանկավարժություն, ինժեներություն, գիտություններ, գիտությունների ոլորտում էլ է խայտառակ վիճակ, հումանիտար գիտություններում պակասում են, ավանդական գիտությունները` պատմություն, սոցիոլոգիա, փիլիսոփայություն, այստեղ էլ շատ վատ վիճակ է: Բնագիտությունն էլ: Այսինքն` այս ոլորտներում էլ մարդիկ չեն դիմում: Հիմա արդեն պետությունը պետք է հասկանա, որ այս ոլորտներին ինքը պիտի տերություն անի», - ընդգծեց Խաչատրյանը:
Երբ պետությունն աչքաթող է անում, ողբալի պատկեր է լինում, ասում է կրթության փորձագետն ու մեկ օրինակ նշում։ Հանրապետությունում աշխարհագրության ուսուցիչների թիվը այս տարի կրճատվել է 62-ով, իսկ համալսարանում այդ ֆակուլտետ ընդամենը երեք դիմորդ է ընդունվել։