Մատչելիության հղումներ

Չնայած «Վրացական երազանքի» զիջումներին՝ ընդդիմությունը հայտարարում է բողոքի ակցիաները շարունակելու մասին


Չնայած այն իրողությանը, որ «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր առավոտյան հայտարարեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենսդրական փաթեթը հետ կանչելու մասին՝ ընդդիմությունը Թբիլիսիի փողոցներից հեռանալ չի պատրաստվում։ Պատճառը իշխող կուսակցության հանդեպ տածած անվստահությունն է։

«Այսօր ավելի վաղ՝ առավոտյան, «Վրացական երազանքը» հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, թե նրանք պատրաստ են չեղարկել այս «ռուսածին» օրենքը։ Մենք, սակայն, քաղաքական այդ ուժին չենք հավատում՝ ելնելով մեր տխուր փորձից, երբ «Վրացական երազանքը» մի քանի անգամ պարզապես ստեց վրաց հանրությանը։ Մեզ պետք է, որ «Վրացական երազանքը» այդ «ռուսական» օրենքը ընդգրկի խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում և պաշտոնապես չեղարկի այն», - այսօր կեսօրին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Դրոա» կուսակցության ներկայացուցիչ Գիգա Լեմոնժալան։

Այս հայտարարությունից բառացիորեն մեկ ժամ անց «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հայտարարեցին՝ պատրաստ են կատարել ընդդիմադիրների նաև այս պահանջը։

«Որոշում է կայացվել օրենսդրական այս փաթեթում ներառված երկու նախագծերն էլ հետ կանչել։ «Ժողովրդի ուժ» շարժումը արդեն իսկ խորհրդարանից հետ է կանչել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագիծը։ Ինչ վերաբերում է առաջին ընթերցմամբ հաստատված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, ապա այն քննարկման կդրվի նաև երկրորդ ընթերցմամբ, որի ընթացքում իշխող մեծամասնությունը դեմ կքվեարկի փաստաթղթին», -ասաց «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն։

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած քաղաքական ուժը ստիպված եղավ նահանջել երկու օր անընդմեջ շարունակված բողոքի ակցիաներից հետո, որոնք ուղեկցվում էին ոստիկանության հետ բախումներով, և որոնց ընթացքում 130-ից ավելի մարդ բերման էր ենթարկվել։

Անցած գիշեր իրադարձությունները զարգանում էին գրեթե նույն սցենարով, ինչ դրանից մեկ օր առաջ։ Նախ վիճահարույց օրինագծի հակառակորդները հավաքվեցին Ռուսթավելիի պողոտայում՝ որոշելով արգելափակել Վրաստանի խորհրդարանի շենքը, որում, ի դեպ, այդ պահին արդեն որևէ պատգամավոր չկար։

Կեսգիշերին մոտ առավել արմատական տրամադրված մի քանի տասնյակ ցուցարարներ փորձեցին գրոհել խորհրդարանի շենքը, ինչից հետո հատուկ ջոկատայինները անցան գործի և 15-20 րոպեյում մաքրեցին Թբիլիսիի գլխավոր պողոտան թե խորհրդարանի շենքը գրոհողներից և թե նրանց քանակով մի քանի անգամ գերազանցող խաղաղ ցուցարարներից։

Դրանից հետո բախումները ցուցարարների և ոստիկանության միջև շարունակվեցին ևս մի քանի ժամ՝ տարածվելով Թբիլիսիի կենտրոնի մի շարք այլ թաղամասերում, մասնավորաբար «Արդարադատության պալատին» և իշխող կուսակցության կենտրոնակայանին հարող տարածքներում։

Ճնշումը, սակայն, որ ստիպեց վրացական կառավարությանը հետ կանչել վիճահարույց օրինագիծը ոչ միայն ներքին էր, այլև արտաքին։ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն, օրինակ, Թբիլիսիում կազմակերպված ցույցերն այսօր Twitter-ում արված գրառման մեջ «հուզիչ էր» անվանել՝ ողջունելով նաև վիճահարույց օրինագծերը հետ կանչելու իշխող մեծամասնության որոշումը։

Չորեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում Վրաստանի իշխանություններին ուղղված քննադատական հայտարարությունների և նախազգուշացումների հերթական չափաբաժինը հնչեցրեց նաև Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մեր մտահոգությունն այն է, որ նմանատիպ օրինագծի ընդունումը կարող է ազդել Վրաստանի և վրաց ժողովրդի ռազմավարական դաշնակիցը լինելու մեր ձգտման վրա՝ ձգտում, որը բնորոշ է եղել մեր քաղաքականությանը տասնամյակներ շարունակ», - հայտարարում էր Նեդ Փրայսը։

Մի քանի օր տևած լռությունից հետո Վրաստանում ծավալվող իրադարձությունները մեկնաբանեց նաև պաշտոնական Կրեմլը՝ պնդելով, թե «ռուսական» որակված օրենքի հետ Ռուսաստանը որևէ կապ չունի։

«Հարևան երկիր է, և չնայած այն հանգամանքին, որ մենք Վրաստանի հետ հարաբերություններ որպես այդպիսին չունենք, այնտեղ ստեղծված իրավիճակը չի կարող մեզ մոտ մտահոգություն չառաջացնել։ Մեզ համար կարևոր է, որպեսզի մեր սահմանների երկայնքով հանդարտություն տիրի», - շեշտեց Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Արդյո՞ք հանգուցալուծվել է Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը։ Այս հարցի պատասխանը հստակ կլինի առաջիկա ժամերին, երբ պարզ դառնա, թե որքան մարդ է մասնակցում այս րոպեներին Ռուսթավելիի պողոտայում մեկնարկող ցույցին, և ամենակարևորը՝ որքան արմատական են նրանք տրամադրված։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG