Մատչելիության հղումներ

Թբիլիսիում մարտի 8-ի կանանց երթի մասնակիցները դատապարտել են «ռուսական օրենքի» ընդունումը


Մարտի 8-ին կանայք դուրս են եկել ցույցի Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում։

«Այսօր կանանց երթ է։ Մենք միանում ենք ամբողջ երկրի բողոքին ընդդեմ ռուսական օրենքի ու ռուսական մեթոդների»,- ասել է խորհրդարանի պատգամավոր Խաթունա Սաբնիձեն, նշելով նաև, որ պայքարում են Վրաստանի եվրոպական ապագայի համար։

Թբիլիսիի բնակիչ Նատալիա Բերիձեն ասել է, որ բողոքում են ռուսական օրենքի դեմ։

«Ես դա ռուսական օրենք եմ համարում, այլ կերպ չեմ կարող կոչել, որովհետև այն ամբողջովին ռուսական օրենք է, որը վերահսկվում և մեզ պարտադրվում է Ռուսաստանի կողմից։ Մենք բողոքում ենք մեր կառավարության դեմ, որը Ռուսաստանի կողմից վերահսկվող խամաճիկային կառավարություն է», - ասել է նա։

Վրաստանի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որից հետո խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջև բախումներ սկսվեցին։

Ցուցարարների դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, ճայթուցիկներ և այլ հատուկ միջոցներ է կիրառել։ 66 ցուցարար բերման է ենթարկվել։ Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ շուրջ հինգ տասնյակ ոստիկաններ վնասվածքներ են ստացել։ Ցուցարարների թվում ևս տուժածեր կան։ Ականատեսների պատմելով՝ հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել ընդդիմադիր գործիչ, «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին, նրանք ամբոխի մեջից նրան քաշել, «տարել են խորհրդարանի բակ ու այնտեղ ծեծել ու բերման ենթարկել ոստիկանական կենտրոնական բաժանմունք»։

«Վրաստան, Վրաստան» բացականչում էին Եվրամիության դրոշներով ցուցարարները, որոնք օրենքը համարում են ռուսական նմանատիպ օրենքի ընդօրինակում։

Կեսգիշերից անց հատուկ ջոկատայինները ցրեցին բողոքի ակցիայի մասնակիցներին՝ վերահսկողության տակ վերցնելով խորհրդարանի դիմացի հրապարակն ու հարակից տարածքները։

Անտեսելով Վրաստանի ռազմավարական դաշնակիցների բազմաթիվ հորդորները՝ Վրաստանի իշխող ուժը առաջին ընթերցմամբ ընդունեց վիճահարույց օրինագիծը։ Կողմ է քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 13-ը։

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը դա «սև օր» է համարել Վրաստանի ժողովրդավարության համար։

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հանձնակատար Ժոզեպ Բորելն ասել է, որ դա շատ վատ իրադարձություն է Վրաստանի և նրա ժողվրդի համար։

«Այդ օրենքը չի համապատասխանում Եվրամիության արժեքներին ու չափանիշներին։ Այն հակասում է Եվրամիությանը անդամակցելու Վրաստանի հայտարարած նպատակին, որին սատարում է Վրաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը։ Նրա վերջնական ընդունումը լուրջ ազդեցություն կգործի մեր հարաբերությունենրի վրա»,- հայտարարել է Ջոզեպ Բորելը՝ Վրաստանի իշխանություններին կոչ անելով կատարել իրենց խոստումները՝ օժանդակել ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը և հիշեցրել խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց իրավունքը։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ասել է, որ ուշադրությամբ ու տագնապով է հետևում Վրաստանի վերջին իրադարձություններին։

«Կոչ եմ անում դադարեցնել բռնությունները և պաշտպանել Եվրոպայի խորհրդի չափանիշները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Քաղաքական երկխոսությունը պետք է հաղթի»,- ասել է նա։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին՝ խոստանալով վետո դնել օրենքի վրա. - «Առաջին իսկ օրվանից ասել եմ, որ վետո կդնեմ այս օրենքի վրա և կանեմ դա։ Ինձ հետաքրքրում է միայն Վրաստանի ապագան, նրա Սահմանադրությունը, որի երաշխավորը ես եմ։ Բոլորը, ովքեր կողմ են քվեարկել այս օրենքին, խախտել են երկրի Սահմանադրությունը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Վրաստանում իրական իշխանություն ունեցող իշխող քաղաքական ուժը, որի հիմնադիրն է Ռուսաստանում միլիարդատեր դարձած Բիձինա Իվանիշվիլին, խորհրդարանական մեծամասնությունը, վարչապետը պաշտպանում են այդ օրենքը։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, թե երկրի ապագան պատկանում է ոչ թե օտարերկրյա գործակալներին, այլ հայրենասերներին։ Ղարիբաշվիլին Իվանիշվիլիի մերձավոր զինակիցներից է։

Այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել թե իշխող ուժի, թե ընդդիմության ներկայացուցիչները։

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է. «Վրաստանը ժամանակին կարող էր խուսափել մեծ ցավից, եթե բոլոր լրտեսներին կոչեին այնպես, ինչպես կան»։

Ընդդիմադիր պատգամավոր Պատա Մանջգալաձեն լրագրողներին ասել է, որ Կոբախիձեն ռուսական սովորական պրոպագանդիստ է, և նրա բոլոր խոսքերը պետք է դիտարկել որպես ռուսական հայտարարություններ Վրաստանի դեմ։

XS
SM
MD
LG