Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ նախարարն ու ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենը նշել են Հաագայի դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման կարևորությունը 


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ժնևում, ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայային է ներկայացրել Ադրբեջանի կողմից 2022-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2022-ի դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ համապատասխան մարմինների՝ տեղում իրավիճակը գնահատելու և ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:

Օրերս Հաագայի դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Միրզոյանն ու Վալովայան նշել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը վերաբերող հարցերի:

Միրզոյանը Ժնևում է՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։ Նա արդեն հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի, Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։

XS
SM
MD
LG