Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու մեկամյա տարելիցի կապակցությամբ Պեկինը հրապարակեց Ոկրաինայի ճգնաժամը կարգավորելու 12 կետից բաղկացած իր դիրքորոշումը։ Արտգործնախարարության հրապարակած փաստաթուղթը կոնկրետ առաջարկներից չի ներկայացնում, ինչը սպասվում էր Մյունխենում Չինաստանի ներկայացուցչի ելույթից հետո, ավելի շուտ շարադրված են Չինաստանի մոտեցումներն ու կոչերը։
Առաջին կետում նշված է, որ պետք է խստորեն պահպանել համընդհանուր ճանաչված միջազգային սկզբունքները, ներառյալ ցանկացած երկի ինքիշխանութան, անկախության և տարածքային ամբողջականության երաշխավորումը։
Երկրորդ կետը, ըստ էության, ռուսական հռետորաբանության արտացոլումն է, թե իբր Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով սպառնում են իրեն։
«Երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի ուրիշների անվտանգության հաշվին։ Տարածաշրջանի անվտանգությունը չպետք է ապահովվի ռազմական բլոկների ուժեղացմամբ, առավել ևս ընդլայնմամբ»,- նշված է երկրորդ կետում։
Մնացած կետերով Չինաստանը բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, չբորբոքել կրակը և օգնել Ռուսաստանին և Ուկրաինային որքան հնարավոր է շուտ վերականգնել երկխոսությունը։ Անթույլատրելի են համարվում միակողմանի պատժամիջոցները, միջուկային զենք կիրառելու սպառնալիքները։ Կոչեր են արվում հաղթահարել հումանիտար ճգնաժամը, պաշտպանել շարքային քաղաքացիների իրավունքները, չկրակել ատոմակայանների վրա, պահպանել հացահատիկի արտահանման երթուղիները, օգնել վերականգնելու հակամարտության հետևանքները։
Չնայած Պեկինը հայտարարում է իր չեզոքության մասին, արևմտյան մամուլը գրում է , որ Չինաստանը պատրաստվում է ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին։ Մասնավորապես գերմանական Spiegel-ը պնդում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնեցնում են չինական հարվածային ԱԹՍ-ն մատակարարելու հարցը։ Ըստ հրապարակման՝ արդեն գալիք ապրիլին Չինաստանը պատրաստվում է 100 կամիկաձե դրոններ տրամադրել Ռուսաստանին։ Նախօրեին ամերիկյան մամուլը գրել էր, որ Բայդենի վարչակազմը դիտարկում է հետախուզական տվյալների հրապարակման նպատակահարմարությունը, ըստ որի Պեկինը ծանրութեթև է անում Ռուսաստանին զենք մատակարարելու կողմ և դեմ փաստարկները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես ասել է, որ նման տվյալներ կան նաև ՆԱՏՕ-ի տրամադրության տակ։
Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը այսօր ճեպազրույցում ասել է, որ նման հրապարակումներից տեղյակ չէ։ «Այն, ինչ գիտեմ, վերջին շրջանում մեծ ծավալի ապատեղեկատվություն է տարածվել այդ հարցի շուրջ, և մենք պետք է զգոն լինենք դրա ետևում ընկած մտադրությունների հանդեպ։ Չինաստանը միշտ խոհեմ ու պատասխանատու է վերաբերվել զենքի արտահանմանը և որևէ զենքի վաճառք չի իրականացնում հակամարտ տարածաշրջաններում կամ պատերազմող կողմերին։ Այն ամենը, ինչ արել է Չինաստանը, կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ խթանել խաղաղությունը և երկխոսությունը»,- ասել է Վան Վենբինը։
Նա պնդել է, որ Չինաստանը շարունակելու է աշխատել միջազգային հանրության հետ կառուցողական դեր խաղալու Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար՝ հիմնված Չինաստանի հրապարակած դիրքորոշման վրա։
Պեկինը մինչ հիմա չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումը հարևան Ուկրաինա։