Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի բանաձևը Ռուսաստանին կոչ արեց դուրս բերել զորքերը Ուկրաինայից․ Հայաստանը ձեռնպահ երկրների շարքում է


ԱՄՆ - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկության արդյունքները, Նյու Յորք, 23-ը փետրվարի, 2023թ.
ԱՄՆ - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկության արդյունքները, Նյու Յորք, 23-ը փետրվարի, 2023թ.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտահերթ նիստում բանաձև ընդունեց՝ Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս հանել իր զորքերը։

141 երկիր կողմ է քվեարկել, 32-ը` ձեռնապահ, այդ թվում` Հայաստանը։ Ձեռնպահների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՊՀ անդամ Կենտրոնական Ասիայի երկրները։ Ընդամենը 6 երկիր է կանգնել Ռուսաստանի կողքին՝ նրա հետ դեմ քվեարկելով բանաձևին` Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Մալին, Էրիթրեան ու Նիկարագուան։

Մի քանի երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, բացակայել են՝ քվեարկությանը չեն մասնակցել։

Մինչ քվեարկությունը ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ այս քվեարկությունը կմնա պատմության մեջ։ «Հակամարտության մեկամյա տարելիցին մենք կտեսնենք, թե աշխարհի ժողովուրդները որտեղ են կանգնած Ուկրաինայի խաղաղության հարցում», - նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը։

Ծավալված քննարկումներում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, թե արևմտյան ճամբարի համար շատ ավելի դժվար է դարձել մոբիլիզացնել ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ աջակցելու Ռուսաստանի դեմ իրենց «խաչակրաց արշավանքին»: Նա պնդել է, որ քվեարկության դրվող բանաձևը հակառուսական է և վնասակար։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ՄԱԿ-ի ամբիոնից ասել է, որ նորագույն պատմության մեջ երբեք այսքան հստակ չի եղել բարու և չարի սահմանը. - «Մի երկիր պարզապես ցանկանում է հեռանալ, մյուսն ուզում է սպանել ու ոչնչացնել»։

«Արդյոք այս սրահում կա՞ մեկը, ով պատրաստ է իր տարածքի մեկ քառակուսի մետրը նվիրել արյունարբու հարևանին։ Պատասխանը բոլորս գիտենք՝ չկա։ Ուկրաինան ձեզանից մեկն է։ Աշխարհը կընկղմվի քաոսի մեջ, եթե մենք թույլ տանք ուժով փոխել սահմանները՝ քողարկվելով քաղաքական նպատակահարմարության կամ ագրեսորի նկատմամբ համակրանքի քողի տակ։ Աշխարհի աջակցությամբ Ուկրաինան կարող է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի Կանոնադրության հանդեպ հարգանքը և կանի դա», - հայտարարել է Կուլեբան:

«Ամբողջ տարին Գլխավոր ասամբլեան, գլխավոր քարտուղարը և միջազգային հանրությունը հետևողականորեն և բարձրաձայն կոչ են արել դադարեցնել այս պատերազմը և հարգել ՄԱԿ-ի Կանոնադրությունն ու միջազգային իրավունքը։ Այսօր ևս հարկ է կրկնել՝ ագրեսիան անօրինական է, հարևանների տարածք ներխուժելն անօրինական է, բռնազավթել ուրիշ երկրի տարածք՝ անօրինական է» ,- իր ելույթում ասել է ՄԱԿ-ի նստաշրջանը նախագահող Չաբա Կյորոշին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ասել է, որ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու տարելիցը մռայլ հանգրվան է Ուկրաինայի ժողվորդի և միջազգային հանրության համար․ - «Այդ ներխուժումը վիրավորանք է մեր հավաքական խղճին։ Դա ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային օրենքի խախտում է։ Այն հումանիտար և մարդու իրավունքների դրամատիկ հետևանքներ ունի, իսկ ազդեցությունը զգացվում է Ուկրաինայից շատ հեռու»։

Գուտերեշն ասել է, որ ռուս - ուկրաինական պատերազմը նաև հրահրում է տարածաշրջանային անկայունություն, գլոբալ լարվածություն և տարաձայնություններ, ուշադրությունն ու ռեսուրսները շեղում մյուս ճգնաժամերից ու հրատապ գլոբալ խնդիրներից։

«Մինչդեռ մենք լսել ենք միջուկային զենք օգտագործելու անուղղակի սպառնալիքներ։ Միջուկային զենքի այսպես կոչված տակտիկական կիրառումը բացարձակապես անընդունելի է։ Ժամանակն է նահանջել եզրագծից», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ թեև այսօր հեռանկարները կարող են մռայլ թվալ, բայց բոլորը պետք է աշխատեն՝ գիտակցելով, որ իրական կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի վրա։ «Որքան երկար շարունակվեն մարտական գործողությունները, այնքան դժվարին կլինի այդ աշխատանքը։ Մենք ոչ մի րոպե չպետք է կորցնենք», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Չնայած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևը կատարելու պարտադիր ուժ չունի, այնուամենայիվ այն ընդգծում է Ռուսաստանի մեկուսացումը և պատերազմը դադարեցնելու՝ միջազգային հանրության բացարձակ մեծամասնության դիրքորոշումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG