Մատչելիության հղումներ

Երևանի և Բաքվի միջև միջնորդական ջանքերում պետք է խուսափել մրցակցությունից․ ՌԴ ԱԳՆ


ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Ռուսաստանցի դիվանագետը միևնույն ժամանակ ընդգծել է՝ միջնորդական ջանքերում պետք է խուսափել մրցակցությունից. - «Միջնորդական ջանքերում կարևորը կրկնօրինակումից ու մրցակցությունից խուսափելն է»։

Փոխնախարար Գալուզինն այս մասին խոսել է Եգիպտոսի նախագահի՝ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդական դեր ստանձնելու առաջարկի վերաբերյալ լրատվամիջոցի հարցին ի պատասխան: Ռուսաստանյան պետական գործակալության այն հարցին, թե հնարավո՞ր է՝ տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կնքվի Բաքվի և Երևանի միջև, և ո՞րն է հայ - ադրբեջանական կարգավորմանը հասնելու գլխավոր խոչընդոտը, ՌԴ արտգործնախարարի տեղակալը պատասխանել է՝ ռուսական կողմը նպատակաուղղված ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, Մոսկվան ձգտում է կողմերի միջև կառուցողական երկխոսություն ապահովել:

«Այդ նպատակով ՌԴ արտգործնախարարի հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Խովաևը կանոնավոր այցեր է կատարում Երևան և Բաքու՝ վերջին անգամ համապատասխանաբար փետրվարի 9-10-ը և 14-15-ը: Մենք մեր գործընկերներին փոխանցել ենք նաև ռուսական մոտեցումները խաղաղ գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ՝ հաշվի առնելով կողմերի մոտեցումները», - նշել է Գալուզինը։

XS
SM
MD
LG