Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտությունն այն խնդիրն է, որի շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի շահերը համընկնում են։
«Ես որևէ հակասություն չեմ տեսնում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի ընդհանուր, մեծ ճնշում գործադրեն Ալիևի և նրա վարչակարգի վրա», - ֆրանսիական հեռուստատեսության հետ զրույցում հայտարարել է Վարդանյանը:
Ֆրանսիական լրատվամիջոցի լրագրողն Արցախի կառավարության ներկայացուցչին հարցրել է՝ ի՞նչ կցանկանար ասել կամ հարցնել Ելիսեյան պալատի ղեկավար Էմանյուել Մակրոնին։ Վարդանյանյանը նախ երախտիքի խոսքեր է փոխանցել Մակրոնին՝ «հայ ազգի, Արցախի ժողովրդի կողքին լինելու համար», ապա կոչ արել հետևողականորեն ճնշում գործադրել մի երկրի վրա, որը «չունի մարդու իրավունքների, մարդասիրական արժեքների ընկալում»։
«Անհրաժեշտ է ապաշրջափակել ճանապարհը, օդային միջանցք ապահովել մարդասիրական փոխադրումների համար և վերջ ի վերջո ճանաչել Արցախի անկախությունը», - հավելել է Ռուբեն Վարդանյանը:
Ֆրանսիացի լրագրողը նախկինում ռուսաստանաբնակ գործարարին հարցրել է՝ արդյոք Պուտինի հետ խոսո՞ւմ է, հասանելիություն ունի՞, ի՞նչ է նա ասում ստեղծված իրավիճակի հետ կապված։
«Ոչ, ես նախագահ Պուտինին հասանելիություն չունեմ։ Ես գտնվում եմ շրջափակման մեջ, որտեղ մարդիկ ունեն պարենի, էլեկտրաէներգիայի սղություն», - պատասխանել է Արցախի պետնախարարը։