Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններն ահազանգում են՝ ծեծն ու բռնությունը շարունակում են խոստովանություն կորզելու միջոց լինել


Բռնությունները բացառելու նպատակով ոստիկանության բոլոր բաժիններում մինչև այս տարեսկիզբ պետք է տեսախցիկներ տեղադրվեին, սակայն այդ բարեփոխումը հասել է միայն 10 բաժանմունք։ Ընդ որում՝ ավելանալու փոխարեն, տեղադրված տեսախցիկներն էլ աստիճանաբար անջատվել են։ Այս ընթացքում, ըստ իրավապաշտպանների՝ ոստիկանական բաժիններում ծեծն ու խոշտանգումները շարունակում են մնալ խոստովանություն կորզելու հիմնական ձևը։

«Անցյալ տարվա հուլիսի 25-ի Վահե Ղազարյանի հրամանով տեսախցիկներն անջատվեցին», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Իոաննիսյանը, ով տևական ժամանակ ոստիկանության բարեփոխումների խորհրդի անդամ էր, տարակուսած է՝ տարիների աշխատանքն այսպիսի որոշումներով ջուրն է ընկնում. - «Տեղադրվում էր նրա համար, որ խոշտանգումներ չլինեն, խոշտանգումներ լինում են»:

«Ազատությունը» դեռ փետրվարի 13-ին էր հարցում ուղարկել ոստիկանություն, առ այսօր, սակայն, պատասխան չենք ստացել։ Տեսախցիկների հարցը նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին է հետաքրքրել, նրանց ոստիկանությունից բացատրել են, որ Քրեական օրենսգրքի փոփոխության արդյունքում բաժիններում հիմա բերման ենթարկվածներին չեն հարցաքննում, ուստի այդ սարքերը փոխանցվել են Քննչական կոմիտեին։

«Քրդատի ընդունելն անակնկալ չէր, 8 տարի առնվազն քննարկվում էր», - հակադարձում է Իոաննիսյանը՝ պնդելով՝ ի՞նչ կապ ունի դա խոշտանգումների հետ, որոնք հիմա էլ շարունակվում են։

Որպես թարմ դեպք իրավապաշտպանը հիշում է օրերս Էրեբունու բաժնում տեղի ունեցած ծեծկռտուքը. ոստիկանները ծեծել էին փաստաբաններին, որոնք էլ եկել էին պաշտպանելու նախորդ օրը նույն բաժնում ծեծի ենթարկված անչափահասների շահերը։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միայն վերջին 8 ամիսներին 22 բողոք է ստացել ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ, այդ թվում՝ բաժիններում։

«Այստեղ պետք է Վահե Ղազարյանը պատասխան տա՝ այդուհանդերձ ի՞նչ էին խանգարում իրեն այդ տեսախցիկները: Լավ, արդեն տեղադրված էին, ինչո՞ւ անջատվեցին», - ընդգծեց նա:

Երեք տարի առաջ, մինչդեռ, «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունների ընթացքում բարեփոխման խոստումներ էին հնչում։ Փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում էր 208 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի ողջ գրավչությունը:

«Միայն ոչ թե այդ սենյակներն են տեսաձայնագրող սարքերով կահավորվելու, այլ նաև Ոստիկանության ստորաբաժանումների մուտքերն ու ելքերը: Այսինքն՝ արդեն դա էլ է սահմանափակվում Ոստիկանության աշխատողների հնարավոր անօրինական գործողությունները», - ներկայացրել է Եսայանը:

Սա մնաց բարի ցանկություն, կարծում է իրավապաշտպանը. - «Քաղհասարակության մի շարք կազմակերպություններ արձանագրել են՝ Վահե Ղազարյանը ոստիկանական բարեփոխումների դիմադրության դրոշակակիրն էր և իրեն դուր չէր գալիս այս փոփոխությունները և ինքը սրտանց համարում էր, որ լավ էին այն ժամանակները, երբ որ կարելի էր մարդ ծեծելով ցուցմունք պոկել և դրա համար էլ ինքը անջատեց, որպեսզի այդ տեսախցիկները չխանգարեն Ոստիկանությանը հին ու «բարի» ձևերով գործելու»:

Շաբաթներ առաջ ներքին գործերի նախարար նշանակված Վահե Ղազարյանը հրապարակավ չի արձագանքել իր հասցեին հնչող այս քննադատությանը։

Փաստաբան Էդգար Հակոբյանը դեռ օգոստոսին «Ազատությունը» պատմել էր, թե Աբովյանի ոստիկանական բաժանմունքում օրենքի ներկայացուցիչները խոշտանգել ու նվաստացրել են իր պաշտպանյալին։

Ոստիկանական բարեփոխումների համար ոստիկանությունը նաև Եվրոպական միությունից ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրից է օժանդակություն ստացել։ Իրավապաշտպան Իոաննիսյանի պնդմամբ՝ սա միակ դեպքը չէ, երբ իրավապահ այս կառույցը չի կատարում միջազգային գործընկերների առջև ստանձնած պարտավորությունները։

«Միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ արդեն վաղուց պատն են բարձրանում ոստիկանության աշխատելաոճից, երբ որ ոստիկանությունն իրենցից ինչ-որ տեխնիկական միջոցներ է ուզում, հետո պարզվում է այնպիսի չափանիշներ էր գրել, որ այդ տեխնիկական միջոցները չեն օգտագործվում և պահեստում փոշի են հավաքում: Միջազգային գործընկերները հարց են բարձրացնում, ասում են, մենք մեր հարկատուների հաշվից ձեր համար ձեր ուզած տեխնիկան ենք առել, հետո պարզվել է, որ դուք սխալ բան եք ուզել ու էս տեխնիկան բանի պետք չի՞, հաջորդ անգամ մենք ձեզ տեխնիկա չենք առնելու: Մանրից միջազգային հանրությանը վանում են Հայաստանի իրավապահ համակարգին աջակցելուց և ինչ-որ պահի ուղղակի ասելու են, լավ, հարգելի Հայաստանի Հանրապետություն, դուք՝ ձեր ոստիկանությունը, ինչ ուզում եք, արեք», - նշեց Դանիել Իոաննիսյանը:

Մոտ մեկ ամիս առաջ ներքին գործերի նախարար նշանակված Վահե Ղազարյանը հրապարակավ չի արձագանքել իր հասցեին հնչող քննադատությանը։

XS
SM
MD
LG