Մատչելիության հղումներ

Համակարգը դիմադրում է բարեփոխումներին՝ ազատելով դրա դրոշակակրին. Իոաննիսյանը՝ Պարեկային ծառայության մասին


Նորաստեղծ պարեկային ծառայության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքը սկսած Արթուր Ումրշատյանը երեկ ազատվեց աշխատանքից։ Արդյո՞ք նրա պաշտոնանկությունը կապ ունի օրեր առաջ կառավարության շենքի մոտ տեղի ունեցածի հետ՝ ոստիկանությունից չեն պարզաբանում։

Մեկ շաբաթ առաջ մի խումբ պարեկներ տևական ժամանակ չէին կարողանում Հանրապետության հրապարակի մայթերին անկանոն վտանգավոր պտույտներ անող «Համերին» կանգնեցնել, հետո, երբ հաջողվեց, վարորդն արդեն փախուստի էր դիմել։ Երիտասարդը ձերբակալվեց որոշ ժամանակ անց։

Մինչ ոստիկանությունը լռում է, ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհրդի նախկին անդամ Դանիել Իոաննիսյանը պնդում է՝ համակարգն այսպիսով դիմադրում է բարեփոխումներին՝ ազատելով դրա դրոշակակրին. «Եղել է իշխանական խմբակցության պատգամավոր, ով վարորդական իրավունքից է զրկվել, ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ: Իրականում Արթուր Ումրշատյանին առաջին անգամ փորձել են համակարգից հանել, երբ որ պարեկները կանգնեցրել էին մի շատ բարձրաստիճան պաշտոնյա և արել էին այն վարչարարությունը, որ իրենք պետք է անեին:

Բոլորովին վերջերս ԱԱԾ փոխգնդապետի էին պարեկները կանգնեցրել, վարորդական վկայականից զրկել: Ոստիկանության համակարգի ավանդույթներին նաև դեմ էր այն, որ խնամի-ծանոթ բարեկամով, անհասկանալի ձևերով չի կարելի նշանակել մարդկանց պաշտոնի, կոչումներ տալ, և սա էլ ոստիկանական համակարգին դուր չէր գալիս»:

«Համերի» վարորդին կանգնեցնելու պարեկների անհաջող փորձերը քննադատության ալիք էին բարձրացրել համացանցում: Նրանց աշխատանքը նաև Իոաննիսյանն էր քննադատել, բայց ընդգծել՝ զգուշավոր են, որովհետև, եթե օրինակ՝ մեքենան վնասեին, երկար-բարակ ծառայողական քննությունների էին ենթարկվելու։ Այս դեպքից 7 օր անց ծառայության պետից բացի, աշխատանքից ազատվել են նաև ղեկավար կազմի երկու աշխատակից՝ Ռոման Միրզախանյանն ու Լևոն Բադալյանը։ Միրզախանյանն, ի դեպ, «Համերի» հարվածից գետնին ընկած պարեկն է

Իոաննիսյանն ասում է՝ ՆԳՆ պաշտոնական թվերն են փաստում, որ պարեկների աշխատանքը համարժեք չի գնահատվում, ընդգծեց՝ մոտ 1300 պարեկ ավելի շատ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել, քան ամբողջ ոստիկանական համակարգի ավելի քան 10 հազար ծառայող միասին:

«Ծառայողական քննություն է եղել, երբ պարեկին մարզից կանչել են Երևան, որ ինքը բացատրություն գրի, թե ինչու հանցագործի հետևից վազելուց գլխարկը գլխին չի եղել: Նաև այս «Համերի» դեպքով եթե տեսել եք, բոլոր պարեկներն անպայման գլխարկները դնում են գլխին: Դեպք է եղել, որ պարեկը, ով որ այս աշնանը հանցավոր խումբ է բացահայտել, որը թմրանյութերի վաճառքով էր զբաղված, ընդ որում ոչ թե մի հանցագործ, այլ հանցավոր խումբ, այդ պարեկը պարգևավճար չստացավ այդ բացահայտման համար, որովհետև երբ ծառայությունը նոր էր սկսում, մի հատ բլանկ էր կորցրել: Ինքն էլ, ընդ որում, քաղաքացիական կյանքից սկսած, այսինքն՝ նախկինում ոստիկան չի եղել, այդ ոստիկանական համակարգի ֆորմալիստական ավանդույթներին այդքան ծանոթ չի եղել, եկել է, մտածել է, որ իր հիմնական գործը հանցագործ բռնելն է, և այդ գործն արել է շատ լավ: Բայց, պարզվել է, որ չէ, իր գլխավոր գործը ձևը պահելն է և ոչ թե իրական պայքարը հանցավորության դեմ», - ասաց նա:

Դանիել Իոաննիսյանը դադարեցրեց կառավարության հետ իր համագործակցությունը, երբ ՆԳ նախարար նշանակվեց նախկին ոստիկանապետ, վարչապետի դասընկեր Վահե Ղազարյանը։ Իոաննիսյանը համոզված է՝ հենց նա է դիմադրում համակարգի բարեփոխումներին։

Ոստիկանությունից այսօր կրկին հրաժարվեցին մեկնաբանել Իոաննիսյանի մեղադրանքներին՝ ընդգծելով միայն, որ աշխատանքից ազատված Արթուր Ումրշատյանը կադրերի ռեզերվում է։ Վահե Ղազարյանը ևս երբեք չի արձագանքել անձամբ իր հասցեին քաղհասարակությունից հնչող քննադատությանը։

Պարեկային ծառայության 43-ամյա պետը 2 տարուց էլ քիչ պաշտոնավարեց, 2021-ի հուլիսին էր նշանակվել, երբ մայրաքաղաքում պաշտոնապես մեկնարկեց պարեկային ծառայությունը։ Նա ոստիկանության համակարգում է 2008-ից։

XS
SM
MD
LG