Մատչելիության հղումներ

Թուրքիան մեկ զանգով կարող է բացել Լաչինի միջանցքը, բայց դա տեղի չի ունենում. Տիգրան Աբրահամյան


Թուրքիայում այսօր ջերմությամբ խոսում են երկարատև խաղաղության, կայունության մասին, բայց նրանց՝ այլ ֆորմատով հնչող հայտարարությունները, քայլերը, դեռևս չեն խոսում իրականում իրենց անկեղծ մոտեցումների մասին, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյունավե՞տ է գնահատում օրերս Անկարայում կայացած Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը։

Արդյունավետությունը նկատելի պետք է լինի ոչ թե հայտարարություններից, փոխադարձ ջերմությունից, այլ դրա արդյունքից, ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ մատնացույց անելով Լաչինի փակ միջանցքը։

Արդեն 68 օր Ադրբեջանը բնապահպանական պատրվակով փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

«Երբ որ դու գնում ես ու քեզ խոստանում են, որ երկկողմ կամ եռակողմ հարաբերությունները կարող են քո տարածաշրջանին երկարատև խաղաղություն և կայունություն բերել, բայց դու գիտես, որ Թուրքիայի մեկ որոշումը, մեկ զանգը կարող է բերել Լաչինի միջանցքի բացմանը, բայց դա տեղի չի ունենում, բնականաբար, այստեղ արդյունքի մասին խոսելն անիմաստ է», - ասաց Աբրահամյանը՝ նկատելով՝ այդ հարցում Թուրքիան այսօր ունի ծանրակշիռ ներկայություն։

Պատգամավորը հիշեցրեց՝ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահը գոհունակություն էր հայտնում Ադրբեջանի օգնության և այս ծանր պահին նրանց կողքին լինելու համար, միևնույն ժամանակ հիշատակում էր 44-օրյա պատերազմում իրենց դերակատարությունը, առաքելությունը։

Աբրահամյանը նաև շեշտեց՝ Թուրքիան ակնարկում է սահմանի բացման մասին, բայց, այսպես կոչված, Սյունիքով անցնող միջանցքի թեման անընդհատ պահում է ակտուալության դաշտում, խոսվում է տարածաշրջանային խաղաղության մասին և անընդհատ մեջբերվում են Ադրբեջանի հետ հարաբերությունները։

«Ակնհայտ է, որ այսօր Հայաստանը զոհի կարգավիճակում է, ոչ միայն զոհվածների, կորուստների մասով, այլ անընդհատ պատերազմի շանտաժի և սպառնալիքի տակ գտնվող։ Եվ այս իրավիճակում Հայաստանին կանչել և Հայաստանից ակնկալել քայլեր, որոնք բերելու են տարածաշրջանային խաղաղությանը, բնականաբար, սա միայն ենթադրում է Հայաստանից ակնկալվող զիջումներ և նոր կորուստներ», - եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

Աբրահամյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG