Մատչելիության հղումներ

Չավուշօղլու․ «Եղբայրական Ադրբեջանի ընդերքը թալանելու փորձերն անընդունելի են»


Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն 2022-ի ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ «անկասկած, Լաչինի ճանապարհին վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության քննություն կլինեն»։

«Եղբայրական Ադրբեջանի ընդերքը թալանելու փորձերն անընդունելի են», - ասել է նա։

Չավուշօղլուն խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացի մասին, կրկնել Անկարայի հայտնի դիրքորոշումը, թե Հայաստանի հետ կապերը նորմալացնելու հարցում Անկարան իր քայլերը սերտորեն համակարգում է Բաքվի հետ։ «Եղբայրական Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով»,- ասել է արտգործնախարարը։

Գլխավորապես հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսվել է նաև Անկարայի համալսարանում անցկացված համաժողովում։

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու դիվանագիտական գործընթացքում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ դեսպան Սերդար Քըլըչը նախ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա իրավիճակին ու համոզմունք հայտնել, որ փոխադարձ ըմբռնման ու երկու կողմերի՝ երկարատև շահերը հաշվի առնելու պարագայում առկա խնդիրները կհաղթահարվեն։

«Պետք է գիտակցենք, որ գործընթացներից մեկում դրական տեղաշարժը դրականորեն է ազդում մյուս գործընթացների վրա, և նմանապես՝ գործընթացներից մեկում բացասական զարգացումը ազդում է մյուսի վրա։ Այս երկու գործընթացները առանձին-առանձին են, բայց հնարավոր չէ լիովին տարանջատել իրարից»,- ասել նա։

Անդրադառնալով այն կարծիքներին, թե Թուրքիան և Հայաստանը իրականում եռակողմ բանակցություններ են վարում, որովհետև Ադրբեջանն էլ է մաս կազմում այդ գործընթացին, նա նշել է, որ «իհարկե Ադրբեջանն էլ կա, Հայաստանի հետ երկխոսություն ունեցող որոշ երկրներ էլ կան, սակայն նրանք ֆիզիկապես այս գործընթացքում չկան և չեն կարող պայմաններ թելադրել այս գործընթացին»։

Նա խոսել է «Դիվանագիտությանը նվիրված մի կյանք․ վերջին զարգացումների լույսի ներքո Թուրքիա-Հայաստան հարաբերությունները դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով» համաժողովում։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քըլըչն ասել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլում որոշակի դժվարություններ կան, բայց դրանք կապել է «դրսի միջամտությունների փորձերի հետ»։

Առկա խնդիրների լուծմանը պետք է հետամուտ լինեն տարածաշրջանի երկրները, ասել է նա՝ նկատելով, որ վերջին շրջանում Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն սկսել են միջամտել և խնդիրը միջազգայնացնել, ինչը թուրք դեսպանը սխալ է համարել։

«Տարածաշրջանային երկրները իրենց խնդիրներն իրենց նախաձեռնությամբ պետք է լուծեն և տեր կանգնեն դրանց։ Այս պահին մենք Ռուբինյանի հետ միասին հենց սա ենք փորձում անել»,- ընդգծել է Սերդար Քըլըչը։

Նա ասել է, որ կարգավորման գործընթացի շրջանակներում առարկայական քայլեր են կատարվում, և շատ կարճ ժամկետում Հայաստանի և Թուրքայի միջև օդային ավիաբեռնափոխադրումներ են սկսվելու։

Նա նշել է, որ եթե Հայաստանում ժողովրդի կենսամակարդակի բարձրացում և բարգավաճում է ակնկալվում, ապա դրա ուղին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է։

«Հիմա պատկերացրեք՝ երկու սահմանային անցակետ ունենք՝ մեկը երկաթուղային, մյուսը՝ ավտոճանապարհային, դրանք բացվելու պարագայում Ալիջան սահմանային անցակետի առջև Երևանն է գտնվում, իսկ երկաթուղու համար նախատեսված Աքյաքա անցակետի դիմաց Գյումրին է գտնվում։ Այս ԱՄՆ- Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում եթե Հայաստանի հետ առևտրի բնագավառում առկա խնդիրները հաշվի առնենք, սա Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի վրա կարող է շռնդալից ազդեցություն ունենալ»,- ասել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացում Թուրքայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

XS
SM
MD
LG