Մատչելիության հղումներ

Երկրաշարժի զոհերի թիվն աճում է. միջազգային լայնածավալ օգնությունը Սիրիա դեռ չի հասնում


Թուրքիայի Հաթայ քաղաքում փլուզված շենքի փլատակներից փրկարարներն այսօր ողջ կնոջ են դուրս են բերել։ Նաիդե Ումայը փլուզված պատերի արանքում ավելի քան 175 ժամ է անցկացրել։ Աղետալի երկրաշարժից մեկ շաբաթ անց ինչպես Թուրքիայում, այնպես էլ հարևան Սիրիայում փլատակներում գտնվող շնչող մարդկանց հայտնաբերելու հույսերը ժամ առ ժամ մարում են։

Անցած երկուշաբթի օրը թուրք -սիրիական սահմանին ուժգին երկրաշարժի զոհերի թիվը մեկ շաբաթում հասել է 36 հազարի։ Սա համարվում է վերջին քսան տարվա ընթացքում հինգ ամենամահաբեր երկրաշարժերից մեկը։ ՄԱԿ-ը նախազգուշացնում է՝ աղետի հետևանքների իրական ծավալները դեռ հայտնի չեն։

Թուրքիական պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ երկրում մահացել է մոտ 31 հազար 600 մարդ, Սիրիայում զոհերի թիվը 4 հազար 574 է։ Երկու երկրներում վիրավորների ընդհանուր թիվը գերազանցել է ութսուն հազարը։

Թուրքիայի իշխանությունները մեղավորներ են փնտրում

Աղետից մեկ շաբաթ անց Թուրքիայի իշխանությունները մեղավորներ են փնտրում՝ քրեական հետապնդում սկսելով տասնյակ շինարարների և կառուցապատողների նկատմամբ։ Երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի խոսքերով՝ կառավարությունը սեյսմիկ գոտիներում շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների կասկածանքով ավելի քան 130 անձ է հայտնաբերել, նրանց մի մասն արդեն կալանքի տակ է։

Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ աղետի գոտում 170 հազար շինություններից 25 հազարն ամբողջությամբ փլուզվել կամ շատ մեծ վնաս են կրել:

Ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունը փորձում է մեղքը շինարարների և կառուցապատողների վրա բարդել՝ շեղելու զայրացած բնակչության ուշադրությունը պետական կառավարման ձախողումներից։ Ընդդիմադիրների համոզմամբ՝ Ռեջեփ Էրդողանի կառավարման 20 տարիների ընթացքում իշխանությունները աչք են փակել շինարարական կանոնների խախտումների վրա և չարաշահել հատուկ հարկի տեսքով հավաքագրված հսկայական գումարները, որոնք պետք է ուղղվեին սեյսմակայունության բարելավմանը։

Էրդողանը, որին մայիսին բարդ նախագահական և խորհրդարանական ընտրություններ են սպասվում, հերքում է մեղադրանքները՝ կոչ անելով երկրի համար ծանր իրավիճակում համախմբել։

Սիրիացիներն իրենց լքված են զգում

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ իրավիճակը ծայրաստիճան ծանր է Սիրիայում։ Վերջին օրերի աղետը հազարավոր զոհերից և վիրավորներից բացի, ավելի քան տասնամյա պատերազմից դեռևս չվերականգնված երկրում տասնյակ հազարավոր մարդկանց զրկել է տանիքից՝ մատնելով ցրտի և սովի։

Սիրիայի աղետի գոտիներին մինչ օրս օգնություն են ցուցաբերել հատուկենտ երկրներ, միջազգային լայնածավալ օգնությունը լոգիստիկ խոչընդոտների, Ասադի վարչակազմի դեմ միջազգային պատժամիջոցների պատճառով երկիր չի հասնում։

Սիրիական Ջաբլեն աղետից ամենաշատը տուժած բնակավայրերից է․ երկրաշարժից փրկված Նադիր Ֆադելը վերադարձել է ավերակների վերածված իր բնակարան, որտեղ մեկ շաբաթ առաջ կորցրել է ընտանիքի անդամներին՝ կնոջն ու երկու երեխաներին։ Երկրաշարժից փրկված միակ իրը, ինչպես նշում է, տեղաշորն է՝ դեռևս սավանով ծածկված, մի քանի հագուստներ, մահացած որդու նոթատետրը ։

«Քարամը, Նուռը և նրանց մայրը փլատակներում էին։ Մենք նրանց երկու օր շարունակ փնտրել ենք, որպեսզի դուրս բերենք քարերի արանքներից ․․․ Դատաբժշկական փորձագետների խոսքերով՝ Քարամը մահացել է երկրորդ օրը, նրա դեմքին արյունը դեռ թարմ էր»,- արցունքն աչքերին պատմել է սիրիացի տղամարդը։

ՄԱԿ-ի արտակարգ օգնության համակարգող Մարտին Գրիֆիտսը խոստովանում է՝ միջազգային հանրությունը հուսախաբ է արել Սիրիայի ժողովրդին, որոնք իրենց լքված են զգում՝ սպասելով միջազգային օգնության, որը չի հասնում։ Այսօր այցելելով Հալեպ՝ ՄԱԿ-ի պաշտոնյան կոչ է արել մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և հումանիտար բեռներ հասցնել աղետից տուժած սիրիացիներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG