Մատչելիության հղումներ

ԱԺ վաղվա նիստի օրակարգում են Օհանյանի և Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները


«Հայաստան» խմբակցութան պատգամավոր Սեյրան Օհանյանը, արխիվ
«Հայաստան» խմբակցութան պատգամավոր Սեյրան Օհանյանը, արխիվ

Վաղը մեկնարկող քառօրյայի ընթացքում Ազգային ժողովը առաջինը կքննարկի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունները։

Այդ նիստից առաջ՝ այսօր, Սեյրան Օհանյանը ուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով խորհրդարանի ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին չմասնակցել իշխանության «էժանագին ներկայացմանը»:

«Թող անեն իրենց շոուն առանց մեզ», - ասել է նա՝ նշելով, որ պատգամավորական մանդատն իր «կյանքի բարձրագույն տիտղոսը կամ գերնպատակը չի եղել», և այն վայր դնելը ամենահեշտը կլիներ իր համար։

«Մանավանդ որ վախենալու պատճառ չունեմ: Սակայն մեզ մանդատ տվել է ժողովուրդը, և սպիտակ թելով կարած այդ գործերի շինծու, պատվիրված լինելը մենք կապացուցենք հենց ժողովրդի հետ ուղիղ խոսելով, և ոչ թե իշխանության առաջ», - շեշտել է պաշտպանության նախկին նախարարը՝ շարունակելով. «Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող քվեարկեն ու զրկեն։ Մենք քննությունից չենք խուսափում։ Թող համարեն, ես և պրոֆեսոր Չարչյանը կողմ ենք քվեարկում քրեական հետապնդում սկսելու որոշմանը՝ ամբողջությամբ կեղծ որակելով միջնորդագրերում ներկայացված հիմնավորումները»։

Սեյրան Օհանյանի վերաբերյալ երեք միջնորդություն կա, որոնցից մեկը գաղտնի է։ Մի գործով, ըստ դատախազության, փաստեր ունեն, որ Օհանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել։ Մյուս երկու գործերով, որ նախկին նախարարը վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք է հափշտակել։

Արմեն Չարչյանի վերաբերյալ գլխավոր դատախազը մեկ միջնորդություն է ներկայացրել, գործն առնչվում է պրոֆեսոր Չարչյանի բժշկական գործունեությանը: Ըստ դատախազության՝ նա 2017 թվականին ստորագրել է փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն։

Ընդդիմությունը քաղաքական հետապնդում է որակում դատախազի միջնորդությունները։ Իշխանականները մինչ այս պահը չեն հստակեցրել՝ ինչ դիրքորոշում ունեն իրենց ընդդիմադիր գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու հարցում։

Դատախազությունը պատգամավորներին մեղադրանք առաջադրելու հնարավորություն կստանա, եթե քվեարկությանը մասնակցի առնվազն 54 պատգամավոր, ու նրանցից 28-ը կողմ լինեն։ Իր դիրքորոշումը չբացահայտող իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» 71 պատգամավոր ունի:

XS
SM
MD
LG