Թուրքիան անորոշ ժամկետով հետաձգել է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ բանակցությունները ՆԱՏՕ-ի անդամակցության հարցով։ Թուրքական աղբյուրների համաձայն` հանդիպումը նախատեսված էր փետրվարին, դրան պետք է ներկա լիներ նաև Հյուիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարը։
Բանակցությունները չեղարկելու Անկարայի որոշումը հաջորդում է Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական բողոքի ցույցերին։ Ակցիաներից մեկի ժամանակ ցուցարարները վառել են մահմեդականների համար սուրբ գիրք համարվող Ղուրանը, հնչել են քրդերին աջակցող կարգախոսներ, պահանջներ։
«Եթե Շվեդիան այդքան աջակցում է ահաբեկչական կազմակերպության անդամներին և իսլամի թշնամիներին, մենք խորհուրդ ենք տալիս այդ երկրի պաշտպանությունը դրանց վստահել»,- արձագանքել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Շվեդիան և Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցելու գործընթաց են սկսել Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո։ Սկանդինավյան զույգի անդամակցության հայտը հաստատել են դաշինքի 30 անդամներից 28-ը։ Հունգարիայի խորհրդարանը խոստանում է փաստաթուղթը վավերացնել առաջիկա շաբաթներին, Թուրքիան, մինչդեռ, նույնը անել չի շտապում`առաջ քաշելով մի շարք պահանջներ, այդ թվում՝ Էրդողանի վարչակազմի ընդդիմախոսների արտահանձնում: