Դանիացի աջ ծայրահեղական Ռասմուս Փալուդան Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել է մահմեդականների համար սուրբ գիրք համարվող Ղուրանը, և դա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար առիթ է դարձել հայտարարելու, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
«Ակնհայտ է, որ նրանք, ովքեր թույլ են տալիս նման անարգանք մեր դեսպանատան առջև, այլևս չեն կարող ակնկալել մեր աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար», - նշել է Էրդողանը:
«Կարիք չկա Շվեդիայի կառավարությանը հիշեցնելու իրավունքների ու ազատությունների մասին։ Բայց եթե դուք իսկապես հարգում եք իրավունքներ և ազատություններ, ապա առաջին հերթին պետք է հարգեք Թուրքիայի ու մահմեդականների կրոնական հավատը։ Եթե դուք հարգանք չեք ցուցաբերում, կներեք, մեր կողմից դուք չեք տեսնի որևէ աջակցություն ՆԱՏՕ-ի հարցում», - կառավարության երեկվա նիստից հետո հայտարարել է Էրդողանը։
Անկարան արտգործնախարարություն է կանչել Շվեդիայի դեսպանին և բողոք հայտնել։ Թուրքիայի պաշտպանության նախարարը չեղարկել է Շվեդիայի իր պաշտոնակցի պլանավորված այցը Թուրքիա։
Թուրքիայի նախագահի հայտարարությունից հետո, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեկվա ճեպազրույցում ասել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պատրաստ են անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին, և ԱՄՆ-ն ուժեղ աջակցում է նրանց։
«Մենք ուժեղ աջակցում ենք նրանց թեկնածությանը ՆԱՏՕ-ին։ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են միանալ դաշինքին», - ասել է Նեդ Փրայսը, նշելով, որ Շվեդիան և Ֆինլանդիան դաշինքին միանալու ռազմական կարողություններ ունեն, նրանց հետ տասնամյակներ շարունակվող անվտանգային գործընկերություն կա, միասին վարժանքներ են անցկացնում, համագործակցում, կիսվում տեղեկատվությամբ։ «Նրանք նաև պատրաստ են միանալ դաշինքին, որովհետև բարձր զարգացած ժողովրդավարություն ունեն», - ընդգծել է պետդեպարտամենտի խոսնակը։
Ինչ վերաբերում է Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանը այրելու արարքին, ապա Նեդ Փրայսն ասել է, որ պաշտպանում են միավորումների ազատությունը, խաղաղ հավաքների իրավունքը որպես ցանկացած ժողովրդավարության տարրեր և ընդգծել․ «Բայց, ինչպես ասել է Շվեդիայի վարչապետը, շատերի համար սուրբ համարվող գրքերի այրելը խորը անհարգալից արարք է, այն, ինչ օրինական է, կարող է տեղին չլինել։ Մեր երկում ասացվածք կա․ ինչ-որ բան կարող է օրինական, բայց ահավոր լինել։ Կարծում եմ դա այն դեպքն է, ինչ տեսանք Շվեդիայում»։
Դանիացի Ռասմուս Փալուդանը նաև Շվեդիայի քաղաքացիություն ունի։ Նա հակաիսլամական աջ ծայրահեղական «Կոշտ գիծ» կոչվող կուսակցության ղեկավարն է։ Վերջին ընտրություններում նրա կուսակցությունը 1,8 տոկոս ձայն էր ստացել։ Առաջին անգամը չէ, որ նա Ղուրան է այրում, նախկինում անցկացված ցույցների ժամանակ ևս նա այրել է մահմեդականների սուրբ գիրքը։
Ստոկհոլմի գործողությունը դատապարտել են մի շարք մահմեդական երկներ՝ Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Քուվեյթը, Իրաքը, Յեմենը։ Շվեդիայի դեսպանատների մոտ ցույցեր են անցկացվել, Հորդանանում այրել են Շվեդիայի դրոշը։
Հորդանանում ցույցի կազմակերպիչ «Իսլամական գործողությունների ճակատ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադ ալ-Ադայան ասել է, որ Ղուրանը պարզապես գիրք չէ, այն «մահմեդականների սահմանադրությունն է և նրանց կյանքը»։
Ռազմական դաշինքների հարցում ավանդաբար չեզոք դիրքորոշում ցուցաբերած Ֆինլանդիան և Շվեդիան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել։ Ըստ դաշինքի կանոնադրության, անդամներից յուրաքանչյուրը պետք է հաստատի նրանց հայտը, սակայն Թուրքիան ձգտում է որքան հնարավոր է օգուտներ ստանալ, պահանջում է տասնյակ քուրդ ակտիվիստների ու թուրք կրոնական առաջնորդ Գյուլենի կողմնակիցների արտահանձնումը Թուրքիային, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում։
Վերջերս Շվեդիայի քրդական համայնքի ակտիվիստները Էրդողանին էին ահաբեկիչ կոչել՝ հունվարի 13-ին Ստոկհոլմի պատմական քաղաքապետարանի դիմացի հրապարակում գլխիվայր կախելով Էրդողանին նմանվող խրտվիլակը։
Մայիսի 14-ին Թուրքիայում համապետական ընտրություններ են։