Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա. Փաշինյան


ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա, այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով միայն, թե այս իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարում։ Ի՞նչ իրավիճակի մասին էր խոսում՝ արդյոք ՀԱՊԿ-Հայաստան հակասությունների, չմանրամասնեց։

2021-ի ադրբեջանական ներխուժումից մի քանի ամիս անց, երբ ռազմական դաշինքը դարձյալ Երևանի դիմումին չարձագանքեց, Հայաստանում ՀԱՊԿ վարժանքներ այնուհանդերձ անցկացվել են։ Փաշինյանն ասաց, որ պաշտպանության նախարարն արդեն ՀԱՊԿ-ի տեղեկացրել է Երևանի որոշման մասին։ ՀԱՊԿ-ն անմիջապես հայտարարեց, թե զորավարժությունները կարող են անցկացվել այլ երկրի տարածքում։ Մոսկվան անակնկալի եկավ ու հայտարարեց, թե կշարունակի երկխոսությունը Երևանի հետ, այդ թվում՝ դժվար հարցերի շուրջ։

«ՀԱՊԿ չի արձանագրվում՝ որտեղով է անցնում այդ կարմիր գիծը՝ Սոթք-Խոզնավարով չի անցնում, Ջերմուկի մոտով չի անցնում, որտեղո՞վ է անցնում, մինչև մենք դա չիմանանք, մենք այդ իրավիճակում կլինենք, որ կհրավիրենք, կասենք՝ եկեք սպառնալիք ստեղծեք ձեր ասածով թուրք-ադրբեջանական տանդեմի համար երկու օր, երրորդ օրը հանգստացեք, չորրորդ օրը գնացեք էլի ձեր գործերին, մենք մնանք էդ տանդեմի առաջ դեմ հանդիման», - ասաց վարչապետ:

Փաշինյանն այսօր հայտարարեց, թե Հայաստանին չի եղել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ, իսկ ԱԽ քարտուղարը, որ մի քանի օր առաջ հայտարարեց, թե Հայաստանին ստիպում են անդամակցել միութենական պետությանը, վարչապետի խոսքով՝ փորձագետների հայտարարություններ ու ոչ պաշտոնական շփումներն է նկատի ունեցել. - «Որևէ պաշտոնական առաջարկ, բնականաբար, չի եղել»:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է բանակցի իրեն վերաբերող հարցերով»

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է բանակցի իրեն վերաբերող հարցերով և ինքը որոշում կայացնի, Հայաստանը կաջակցի, հայտարարում էր Փաշինյանը։ 2020-ի պատերազմից հետո ընդունված Կառավարության ծրագրում, մինչդեռ, արձանագրված է՝ «Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, աշխատելու է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»:

«Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցով, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, մենք էլ իրենց պետք է աջակցենք», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու կառավարության խոստումը արդյոք ժամկետա՞նց պետք է համարել, արդյոք սա ձեռքերը լվանալ չէ՞ Արցախից, այն պարագայում, երբ Բաքուն Ստեփանակերտի հետ բանակցել չի համաձայնում. - «Ոչ մի բան ժամկետանց համարել պետք չի: Անվտանգությունը շատ բազմաշերտ կոմպոնենտ է: Երբ որ մենք 2022 թվականին 170 միլիարդի աջակցություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղին, դա անվտանգությանը ծառայում է, որովհետև տնտեսական անվտանգություն կա, պարենային անվտանգություն կա, շատ: Անվտանգությունը բազմաթիվ կոմպոնենտներից է բաղկացած, մենք դա անում ենք նաև որպես այդ գործառույթն ունեցող երկիր»:

«Այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղն ընկալել է որպես Ադրբեջանի մաս»

«Փաստն այն է, որ այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղն ընկալել է որպես Ադրբեջանի մաս։ Փաստն այն է, որ մենք գուցե նաև այդքան պրագմատիկ չենք գտնվել, երբ մեզ թվացել է, թե ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը ուղղակի տեքստեր են՝ թղթի վրա գրված, որ մենք կարող ենք չնկատելու տալ։ Մենք պետք է առերեսվենք փաստերի հետ։ Ղարաբաղի հարցում մեր խոսույթը, մեր ռազմավարությունները մեկը մյուսին հակասել են։ Եվ սա նույնպես բերել է որոշակի հետևանքների», - այսօր ասում էր վարչապետը։

2020 պատերազմից շաբաթներ առաջ BBC-ն այդ բանաձևերի մասին հարց էր ուղղել՝ ինչպե՞ս է Փաշինյանն այդ բանաձևերից հետո գնում Ստեփանակերտ և հայտարարում՝ Ղարաբաղը «Հայաստան է և վերջ»։

Այն ժամանակ՝ 2020-ի օգոստոսին, Փաշինյանը պատասխանել էր. - «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթում չի նշվում Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Այնտեղ նշված է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանական ուժեր։ Երկրորդ, Դուք առաջարկում եք առերեսվել իրականության հետ։ Իսկ իրականությունն այն է, որ նախքան հակամարտության սկիզբը Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության 80-90 տոկոսը հայեր էին։ Եվ փորձելով երկրամասը մաքրել հայերից` Ադրբեջանը սկիզբ դրեց հակամարտությանը»:

«Աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չճանաչի որպես Ադրբեջանի մաս, չկա և չի եղել», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանն այսօր չբացառեց, որ 2025-ին, երբ լրանա խաղաղապահների ժամկետը Արցախում, Հայաստանի դիմի ՄԱԿ-ին. - «Ես տեսնում եմ, որ մենք իրավիճակից բխող որոշումներ պետք է կայացնենք: Հայաստանը չի կարող [ռուս խաղաղապահների] մանդատը չերկարաձգել, բայց եթե տեսնել, որ գործառույթին որևէ բան սպառնում է, իսկ գործառույթը միջոցը չէ, նպատակն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության, մենք, իհարկե, այդ թվում՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր երկիր պետք է նաև այլ միջոցներ փնտրենք և փորձենք գտնել»:

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի արգելափակմանը, Փաշինյանը դարձյալ սլաքներն ուղղեց ռուս խաղաղապահների կողմը

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի արգելափակմանը, Փաշինյանը դարձյալ սլաքներն ուղղեց ռուս խաղաղապահների կողմը, թե բնականոն գործունեությունն ապահովելը նրանց պարտավորությունն է, իսկ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով է գնում։

Որո՞նք են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ տարաձայնությունները, անդրադառնալով այս հարցին, վարչապետն ասաց. «Մենք կասկածներ ունենք, որ Ադրբեջանը փորձում է այսպես ասած փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրույթ ստորագրել մեզ հետ, որտեղ այդ տարածքային ամբողջականությունը ֆիքսված չի լինի, ըստ էության, տարածք ֆիքսված չի լինի և դրա ստորագրումից հետո Ադրբեջանը դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսում սկսի նոր տարածքների նկատմամբ նկրտումներ ներկայացնել: Ասենք, օրինակ, ասի՝ Սյունիքն իրականում Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ չի մտնում: ադրբեջանն, իր հերթին ունի հետևյալ մտավախությունը, որ Հայաստանի Հանրապետությունը կստորագրի փաստաթուղթ, այսպես ասած, կապահովի կերաշխավորի 29 հազար 800 քառ. կմ Հայաստանի Հանրապետությունը, այս հարցը կլուծի կդնի մի կողմ և էլի այլ նորանոր շարժումներ և պրոցեսներ սկսելով՝ Ադրբեջանի պետականության և տարածքային ամբողջականության քայքայման գործընթաց կսկսի»:

Մոտ չորս ժամ տևած Փաշինյանի այսօրվա ասուլիսը վերջին երեք տարվա մեջ առաջին ոչ հեռավար շփումն էր լրագրողների հետ։ Վերջինը 2020-ի համավարակից ու պատերազմից առաջ էր եղել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG