«Ադրբեջանական ավիաուղիների» հատուկ չվերթով Իրանից տարհանվել են դեսպանատան աշխատակիցները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինքնաթիռը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Բաքվում։
Բաքու է փոխանցվել նաև դեսպանատան վրա զինված հարձակման հետևանքով զոհված անվտանգության ծառայության ղեկավարի դին։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, մեկնաբանելով դեսպանատան վրա կատարված զինված հարձակումը, ասել է. - «Վիեննայի կոնվենցիայի համաձայն, երկիրը, որտեղ գտնվում է դեսպանատունը, պատասխանատու է անվտանգության համար։ Հետևաբար, Իրանը պատասխանատու է ահաբեկչության և դրա ծանր հետևանքների համար»։
Խալաֆովը նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, սակայն Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը շարունակում է գործել։
Նա հավելել է, որ Բաքուն բազմիցս ծանուցել է Իրանի իշխանություններին Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ուժեղացման անհրաժեշտության մասին, քանի որ կան որոշակի ռիսկեր։
Խալաֆովի խոսքով՝ Բաքուն համաձայն չէ Թեհրանի վարկածին, ըստ որի, հարձակման պատճառ են դարձել ընտանեկան հանգամանքները։
Ըստ Ադրբեջանի փոխարտգործնախարարի՝ միջադեպը մեծ վնաս է հասցրել Բաքվի և Թեհրանի հարաբերություններին։
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ օրը, սպանվել է դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը, անվտանգության ևս երկու աշխատակիցներ վիրավորվել են։ Ադրբեջանի նախագահը միջադեպը ահաբեկչություն է որակել։