Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված միջադեպը հեռախոսով քննարկել են երկու երկրների արտգործնախարարները։
«Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բայրամովի հետ զրույցում դատապարտել է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը՝ միաժամանակ մատնանշելով միջադեպի շուրջ երկու երկրների թշնամիների կողմից այսօրվա չարաշահումները»,- փոխանցում է իրանական ISNA գործակալությունը։
Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Բաքուն և Թեհրանը չպետք է թույլ տան, որ տեղի ունեցածը բացասաբար ազդի երկկողմ հարաբերությունների վրա։
«Կատարվածի տարբեր ասպեկտները պարզաբանելու համար Աբդոլլահիանը առաջարկել է երկու երկրների անվտանգության մարմիններին հետաքննել այդ հարցը միմյանց հետ սերտ համագործակցությամբ»,- ասվում է իրանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում: