Մատչելիության հղումներ

Հարձակվողը պնդել է՝ կինը 2022-ի ապրիլին գնացել է Ադրբեջանի դեսպանատուն ու չի վերադարձել


Իրան - Զինված հարձակումը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, արտապատկերում տեսախցիկի արձանագրածից, 27-ը հունվարի, 2023թ.
Իրան - Զինված հարձակումը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, արտապատկերում տեսախցիկի արձանագրածից, 27-ը հունվարի, 2023թ.

Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը պնդել է, որ իր կինը անցած տարվա ապրիլին գնացել է դեսպանատուն, ու մինչև հիմա նրա գտնվելու վայրն անհայտ է:

Թեհրանում զինված հարձակում է կատարվել Ադրբեջանի դեսպանատան վրա, մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել, հարձակվողը ձերբակալվել է։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ հարձակումը կատարվել է այսօր առավոտյան Բաքվի ժամանակով ժամը 08:30-ի սահմաններում։ Կալաշնիկովի ինքնաձիգով զինված անձը սպանել է դիվնագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարին:

Հարձակումը հետ մղելիս վիրավորվել է դեսպանատան անվտանգության ևս երկու աշխատակից, որոնց վիճակը բավարար է։ Փոքր-ինչ ուշ հրապարակվեց զոհվածի անունը՝ Օրխան Ասկերով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպը ահաբեկչություն է որակել։

«Վճռականապես դատապարտում եմ ահաբեկչական գործողությունը, որն այսօր կատարվել է Թեհրանում մեր դեսպանության դեմ։ Մենք պահանջում ենք շուտափույթ հետաքննել այդ ահաբեկչական գործողությունը և շուտափույթ պատժել ահաբեկիչներին։ Դիվանագիտական ներկայացուցչության դեմ ահաբեկչական գործողությունն անընդունելի է», - Թվիթերում գրել է Ալիևը՝ խորին ցավակցություն հայտնելով դեսպանատունը պաշտպանելու ժամանակ զոհված անվտանգության ծառայության ղեկավար ավագ լեյտենանտ Օրխան Ասկերովի հարազատներին ու մտերիմներին և դեսպանատան աշխատակիցներին։

Մինչդեռ Թեհրանի ոստիկանության պետ Հոսեյն Ռահիմին ասել է, որ հարձակվողն «առաջնորդվել է անձնական դրդապատճառներով»։

Իրանի դատական համակարգին մոտ կանգնած Mizan News-ը փոխանցում է Թեհրանի քրեական դատախազ Մոհամադ Շահրիյարիի խոսքերը, ում փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում մեղադրյալը պնդել է, որ անցած տարվա ապրիլին իր կինը գնացել է Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։ Չնայած նա բազմիցս այցելել է դեսպանատուն իր կնոջ գտնվելու վայրը պարզելու նպատակով, ոչ մի պատասխան չի ստացել։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը 50-ն անց տղամարդ է։ Նախնական տեղեկություններով՝ նա դեսպանատանն է մոտեցել ավտոմեքենայով, որում եղել են նրա անչափահաս երկու երեխաները՝ 14-ամյա աղջիկն ու 7-ամյա տղան։ Տղամարդը մտել է դեսպանության շենք ու կրակ բացել հենց մուտքի մոտ։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն թուրքական TRT Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ հիմա աշխատանքներ են տարվում դեսպանատան անձնակազմը Ադրբեջան տարհանելու համար։

Իրանի արտգործնախարության խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է հարձակումը և ցավակցություն հայտնել դեսպանատան անվտանգության զոհված աշխատակցի ընտանիքին։ Նա նշել է, որ միջադեպը հետաքննվում է։

«Երկրի քաղաքական և անվտանգության իշխանությունների հատուկ ցուցումով հարցը քննվում է առաջնահերթության կարգով և զգայնությամբ՝ պարզելու այս գործողության չափերն ու հարձակվողի դրդապատճառները», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը, նշելով, որ նախնական տվյալները ցույց են տալիս հարձակման անձնական շարժառիթներ։ Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախաքննության ավարտից հետո, նշել է նա։

Թուրքիայի արտգործնախարարը դատապարտել է «նենգ հարձակումը»:

«Դատապարտում եմ նենգ հարձակումը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Ադրբեջանը երբեք միայնակ չի լինի», - Թվիթերում գրել է Մևլյութ Չավուշօղլուն՝ թեգ անելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG