Արցախից երեք հիվանդներ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Արցախի պետական բուժհաստատություններում պլանային վիրահատությունները դեռ դադարեցված են։ «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխաներ գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, «Հանրապետական բժշկական կենտրոնում»12 բուժառուներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 58 հիվանդ։
Շրջափակման արդեն 51-րդ օրն է։ Արցախցիների խնդիրները չեն թեթևանում. հոսանքն օրական 6 ժամով անջատվում է, մթերքի հիմնական տեսակները կտրոնով են վաճառվում, դեղորայքի պակաս կա։ Գազամատակարարումը թեև վերականգնվել է, բայց էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածության պատճառով կապույտ վառելիք ունեն միայն Ստեփանակերտի բնակիչները: Երեկվանից դասապրոցեսը թեև վերականգնվել է, բայց մանկապարտեզները շարունակում են փակ մնալ։