Հանգստյան օրերին բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների լուրերից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր վստահեցրել է՝ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա, ու չի կարելի նման բան թույլ տալ։
Պատգամավորների հետ հանդիպմանը Հարությունյանն ասել է, թե հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այդ իրավիճակից դուրս բերելը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Արցախի նախագահն ասել է, թե շրջափակման առաջացրած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծմանը։
Արցախում խոսում են Հայաստանից բանեցվող ճնշումների մասին
Ի՞նչ է կատարվում Արցախում վերջին օրերին, ինչո՞ւ պետնախարար Ռուբեն Վարդանյանը մամուլում շրջանառվող համառ լուրերից հետո շաբաթ օրը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ միաժամանակ անընդունելի համարելով երկրի նախագահի, հետևաբար նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։ Ինչո՞ւ էր նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցն ընդհանրապես քննարկվում ճգնաժամային այս պայմաններում։ Այս հարցերի հետ կապված Արայիկ Հարությունյանը որևէ պարզաբանում չի տվել, համենայնդեպս այդ մասին պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ նշված չէ։
Մինչդեռ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը չի բացառում, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնանակ անելու հարցով Արայիկ Հարությունյանը վարչապետ Փաշինյանի կողմից ճնշումների է ենթարկվել. - «Ես ենթադրում եմ, որ Ռուբեն Վարդարյանի տելեմոստից հետո Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանից զանգ ա ստացել, որ Արցախի իշխանությունները ընդդիմանում են Հայաստանի իշխանություններին և «փակուղային իրավիճակներ են» ստեղծում, և ըստ այդմ փորձում են հանգուցալուծում տալ Ռուբենի հեռանալով։ Բայց հաշվի առնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ երևի ընդհանուր հայտարարի են եկել»։
«Արցախում օրակարգ էր բերվել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հարցը»
Հայաստանյան իշխանությունները դեռևս չեն շտապում գնահատականներ հնչեցնել Արցախում տեղի ունեցող խոմորումների շուրջ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին խոսել այս թեմայի շուրջ։
Մինչ այդ, սակայն, փակագծեր է բացում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակացության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ Արցախում իսկապես օրակարգ էր բերվել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչն էլ դարձել էր ներքաղաքական լարվածության պատճառ։
«Ազատության» հարցին, թե ինչու էր արտահերթ ընտրությունների հարցը օրակարգ բերվել, ի՞նչ էր տեղի ունեցել, արդյո՞ք պատճառը Ռուբեն Վարդանյանն էր, Աբրահամյանն արձագանքեց. - «Չեմ կարծում, թե խնդիրը զուտ մեկ մարդով էր սահմանափակված։ Վերջին շրջանում Արցախը հնչեցնում է հայտարարություններ Արցախյան հարցի հնարավոր հանգուցալուծման ուղիների հետ կապված, որը հակասում է Հայաստանի իշխանության պաշտոնական տեսակետին։ Եվ չի բացառվում, որ Հայաստանից կար ճնշումներ՝ հատկապես դաշտից հեռացնելու այն անձանց, ովքեր ունեին սկզբունքային մոտեցում և դա հակասում էր Հայաստանի Հանրապետության մոտեցումներին։ Առաջին հերթին դա վերաբերում էր Արայիկ Հարությունյանին, և չի բացառվում, որ ստեղծվել ա մի իրավիճակ, որից դուրս գալու որպես հնարավորություն Արայիկ Հարությունյանը տեսել է, օրինակ, նոր ընտրությունների անցկացումը»։
«Ազատություն». - Բայց նաև Ռուբեն Վարդանյանի գործոնը առաջ եկավ։ Նա հայտարարեց, որ չի տալիս հրաժարական, թեև մինչև այդ լուրեր տարածվեցին, որ Արայիկ Հարությունյանը կարծես հենց նրա հրաժարականն է պահանջում։
Աբրահամյան. - Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի հարցը քննարկվել է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների համատեքստում և դրանք իրար հետ փոխկապակցված ա եղել։
Տիգրան Աբրահամյանի համոզմամբ, Արցախում կա այն գիտակցումը, որ այս ծանր քաղաքական և հումանիտար իրավիճակում հրաժարական տալ, և գնալ արտահերթ ընտրությունների, նշանակում է էլ ավելի լուրջ սպառնալիքներ ստեղծել, հատկապես, որ Ադրբեջանը բազմիցս սպառնացել է՝ Արցախում համապետական ընտրությունների դեպքում դիմելու է ռազմական գործողությունների. - «Բայց ուզում եմ արձանագրել, որ այս պահին հնարավոր եղել է կողմերին տարբեր ձևաչափերով բերել քննարկումների դաշտ, և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների հարցը պարզապես դուրս է բերվել օրակարգից»։
Արտախորհրդարանական «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար, Արցախի շրջափակման ընթացքում բողոքի ակցիաներ նախաձեռնած Տիգրան Պետրոսյանն այսօր նույնպես պնդել է՝ իր տեղեկություններով, Արայիկ Հարությունյանը այս օրերին փորձել է հրաժարական տալ՝ հաշվի չառնելով ստեղծված ծանր իրավիճակը. - «Հարցեր են ծագում, ոչ միայն իմ մոտ։ Ի՞նչ ա, փողերը պրծե՞լ ա, Արայիկ։ Էլ փող չկա ուտելու, հիմա փորձում ես թռնե՞ս... Ընտրություններից խոսելը հիմարություն ա, անգրագիտություն ա, անգիտակցություն ա։ Հրաժարականն էլ, Արայիկ Հարությունյան, փորձիս ոչ։ Փորձիս ոչ քանդիս մեր երկիրը»։
Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է նաև պետնախարար Ռուբեն Բարդանյանի պաշտոնից հեռացնելու Արայիկ Հարությունյանի մտադրությանը՝ պնդելով, որ Արցախի նախագահը դա փորձում է անել կոնկրետ անձանց ցուցումով. - «Թեև Արայիկը ասում ա՝ դա իմ որոշումն ա, ժողովուրդը բողոքում են Ռուբեն Վարդանյանից, ես համոզված եմ, որ դա ինքը փորձում ա կամ Նիկոլի, կամ ինչ-որ Ալիևի ասածը անի։ Եթե Ռուբենը դաժե վատն ա, ինքը մերն ա, մունք թոքրին ասածով բռնինք, ասենք թե Ռուբեն դյուս անինք, դառնանք վաբշի տրյապկա՞...»
Հայաստանի և Արցախի միջև հակասությունները վերջին շրջանում հրապարակային դրսևորում են ստացել։ Նախ Արցախի իշխանությունները անցած շաբաթ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարեցին՝ վերջին ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետի հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ և որ դրանք չեն համապատասխանում Արցախի բնակչության ու իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը։ Հաջորդ իսկ օրը Հայաստանի վարչապետը հակադարձեց, թե պետք է խուսափել իրավիճակն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից։