Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահներից բացի, որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն չպիտի ունենա. Փաշինյան (լրացված)


16։44

«Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու ՀՀ կառավարության խոստումը ժամկետանց չէ»​

«Ազատության» հարցադրմանը, թե Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղն ինքը պետք է բանակցի իր անվտանգության հարցով, այս դեպքում Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու կառավարության խոստումը ժամկետա՞նց պետք է համարել, արդյոք սա ձեռքերը լվանալ չէ՞ Արցախից, այն պարագայում, երբ Ադրբեջանը դրան չի համաձայնում, վարչապետն արձագանքեց. «Ոչ մի բան ժամկետանց համարել պետք չէ և չի կարելի։ Հարցն այն է, թե որևէ առաքելություն ինչ բանաձևով է իրագործվում։ Այն, ինչի մասին մենք խոսում ենք, սկսած նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստից, այդ հանձնառության իրականացման ճարտարապետության մասն է»։

Անվտանգությունը երաշխավորելու հանձնառության մի մաս է, ըստ Փաշինյանի, Հայաստանից հնչող քննադատությունը ռուս խաղաղապահների հասցեին։ «Մենք խոսում ենք այն մասին, որ եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ խումբ գործուղելու հարցում։ Մենք այս խոսույթը որպես ի՞նչ ենք բարձրացնում՝ այդ թվում որպես ԼՂ անվտանգության երաշխավոր երկիր։ Եթե Ձեր ասածն է, ուրեմն մենք պետք է այդ հարցով ընդհանրապես չզբաղվենք», - հավելեց նա։

Հարցին՝ խաղաղապահների ժամկետը լրանալու դեպքում ՀՀ-ն հնարավո՞ր է դիմի ՄԱԿ-ին, Փաշինյանն ասաց, որ իրավիճակի վերլուծությունը հիմք է տալիս նման բան ասելու, եթե տեսնի, որ գործառույթին որևէ բան սպառնում է. «Մենք՝ այդ թվում որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր երկիր, պետք է նաև այլ միջոցներ փնտրենք և փորձենք գտնել»։

16։00

«Փաստն այն է, որ այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղն ընկալել է որպես Ադրբեջանի մաս։ Մենք գուցե նաև այդքան պրագմատիկ չենք գտնվել, երբ մեզ թվացել է, թե ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերն ուղղակի տեքստեր են թղթի վրա գրված, ու մենք կարող ենք նաև չնկատելու տալ, դա մի մոտեցում է եղել, որի մասին պետք է մտածենք։ Մենք պետք է առերեսվենք փաստերի հետ։ Ղարաբաղի հարցում մեր խոսույթը, մեր ռազմավարությունները մեկը մյուսին հակասել են։ Եվ սա նույնպես բերել է որոշակի հետևանքների», - ասաց վարչապետը։

2020 պատերազմից շաբաթներ առաջ BBC-ն հարց էր ուղղել՝ ինչպե՞ս է Փաշինյանն այդ բանաձևերից հետո գնում Ստեփանակերտ և հայտարարում՝ Ղարաբաղը «Հայաստան է և վերջ»։

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթում չի նշվում Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Այնտեղ նշված է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանական ուժեր։ Երկրորդ, Դուք առաջարկում եք առերեսվել իրականության հետ։ Իսկ իրականությունն այն է, որ նախքան հակամարտության սկիզբը Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության 80-90%-ը հայեր էին։ Եվ փորձելով երկրամասը մաքրել հայերից` Ադրբեջանը սկիզբ դրեց հակամարտությանը», - պատասխանել էր Փաշինյանը 2020-ի օգոստոսին։

15։49

«Դուք ընդունե՞լ եք, որ Արցախն, ի վերջո, պետք է լինի Ադրբեջանի կազմում խաղաղության պայմանագրով կամ ինչ-որ տարբերակով», - հետաքրքրվեց լրագրողը, հիշեցնելով՝ դեկտեմբերին Ռուսաստանի արտգործնախարարը պնդել էր, թե Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և դրանից հետո անհիմն են մեղադրանքները, թե Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից:

«Այնտեղ կա պայմանավորվածության արձանագրում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բայց մեր մտահոգությունն այն է, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում անընդհատ ասում է, որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ենթադրում եմ, հղվելով Պրահայի փատաթղթին, բայց չի ասում, որ Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այստեղ կարևոր է նաև այդ հարցում պարզաբանում մտցնել՝ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, եթե այո, Հայաստանի Հանրապետությունն էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - պատասխանեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, ուղիղ պատասխան չտվեց լրագրողի հարցին՝ ընդունելի՞ է Հայաստանի համար, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։

15։22

Անկլավների հարցը ևս ընդգրկված է լինելու դելիմիտացիայի և դեմարկացիայի քննարկումների մեջ․ «Մենք էլ ունենք այդ թեման, Արծվաշենը կա, որը ՀՀ ինքնիշխան տարածքի մասին է, և որը այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է», - այսօր ասաց վարչապետը։

Փաշինյանն անկլավների մասին առաջին անգամ հրապարակավ խոսեց անցած տարի՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հայտարարելով՝ Ադրբեջանը դեռ նոյեմբերի 9-ի բանակցություններում է այս հարցը բարձրացրել, բայց իրենք այն ընդհանրապես հանել են: «Մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել և այդ կետն ընդհանրապես հանվել է», - ասել էր Փաշինյանը նախընտրական հավաքի ժամանակ։

Ադրբեջանական կողմի հայտարարություններից դատելով՝ Բաքուն պահանջում է Տավուշի մարզի Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար, Բաղանիս Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Ղըզըլհաջըլը գյուղերը և Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին:

15։06

Պատասխանելով «Հետք» պարբերականի հարցին՝ արդյոք կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում, երբ Ազգային Ժողովի նախագահը հանգստի է մեկնում «Վիվարո» ընկերության սեփականատերերի ինքնաթիռով, Փաշինյանը պնդեց՝ այդ ընկերության՝ «շահումով խաղերի բիզնեսի գովազդի վրա դրվել են մի շարք սահմանափակումներ», և հիմա խաղադրույքների ոլորտում «շատ լուրջ անկում կա»։

Պաշտոնական վիճակագրությունը, սակայն,փաստում է, որ այդ փոփոխություններից հետո թափ են ստացել համացանցով կատարված խաղադրույքները․ դրանք 2018-ի համեմատ, ավելացել են 6 անգամ։ Նույն վիճակագրությամբ, 2021թ. Հայաստանում բուքմեյքերական ոլորտում ավելի քան 6,5 միլիարդ դոլար է շրջանառվել, համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում ողջ երկրի պետբյուջեն երկու անգամ ավելի քիչ եկամուտ է ստացել։ Մեկ տարում մարդիկ ավելի քան 140 միլիոն դոլար են պարտվել։

14։00

Արցախի ժողովուրդը պետք է լինի այն սուբյեկտը, որը կխոսի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության մասին։ «Իրենք պետք է որոշումներ կայացնեն», ասաց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, թե Հայաստանը «կաջակցի մեզ հասու բոլոր միջոցներով»։

2020-ի պատերազմից հետո ընդունված Կառավարության հնգամյա ծրագրում, մինդեռ, արձանագրված է․ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Անդրադառնալով հարցին՝ ո՞րն է կարմիր գիծը, որն անցնելու դեպքում Փաշինյանը չի ստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ասաց՝ «եթե տեքստը չհամապատասխանի Հայաստանի Հանրապետության պետական շահերին»՝առանց հավելյալ մանրամասների։

13։36

«Լաչինի փակումն ունի երկու նպատակ․ առաջինը՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը՝ ապրելու սեփական տանը, և Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ»,-հայտարարեց Փաշինյանը։

Պատասխանելով հարցին՝ ինչ է անում պաշտոնականա Երևանն այս ուղղությամբ, Փաշինյանն ասաց՝ Հայաստանի քայլերը պետք է լեգիտիմ լինեն։ «Մենք պետք է փորձենք կապիտալիզացնել միջազգային հանրության արձագանքը։Այստեղ շատ կարևոր է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը»։

13։17

Հայաստանին Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել

«Եթե նկատի ունեք որևէ պաշտոնական առաջարկ՝ չի եղել և չէր էլ կարող լինել, բայց իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է։ Երբեմն մենք պետք է խորը դիտարկենք ոչ այնքան հարցի տեքստը, որքան ենթատեքստը, և մենք պետք է դիտարկենք գլոբալ պրոցեսները», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողի հստակեցնող հարցին՝իսկ ոչ պաշտոնական ինչ առաջարկներ են արվել և երբ, վարչապետն արձագանքեց․ «Օրինակ՝ փորձագետների առումով շարունակաբար զարգացվող խոսույթներն էլ կարելի է համարել ոչ պաշտոնական. ոչ պաշտոնական շփումներն էլ»։

Ռուսական կողմը «ակնհայտ անհեթեթություն» է որակում Երևանից հնչող այս պնդումները՝ պահանջելով ներկայացնել ասվածի հստակ ապացույցներ։

13։07

ՌԴ-ի հետ հարաբերությունների ու ՀԱՊԿ-ի մասին

2020-ի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի առաջնային մտահոգությունն ու օրակարգը առաջին հերթին Ռուսաստանի հետ եղել է այն, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ, ասաց վարչապետ Փաշինյանը: Ըստ նրա՝ սա եղել է ՌԴ-ի հետ հաղորդակցության հիմնական թեման:

«Իմ կարծիքով՝ այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ, այդ խոսակցությունների արդյունքում մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների, գործընկերների համար:

Երևանում գագաթնաժողովում Հայաստանի առաջադրած հիմնական խնդիրը այն էր, որ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու ու հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Մենք ասել ենք, որ առանց այս գծի արձանագրման մենք որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում», - ասաց նա՝ հավելելով, որ այս խոսակցությունը շարունակում է մնալ օրակարգային։

Չնայած ՀԱՊԿ -ն այդպես էլ քաղաքական հայտարարություն չարեց Երևանում կայացած գագաթնաժողովին և չդատապարտեց Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի նկատմամբ, վարչապետն անկեղծ ու դրական էր գնահատել գագաթնաժողովի քննարկումները։ Սակայն, հենց դաշնակիցների քաղաքական հայտարարության բացակայության պատճառով նա հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը։

Այսօրվա ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ըստ էության, Ռուսաստանի կողմից «չարձագանքման պայմաններում, ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»։

12։47

ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում չեն կայանա. Հայաստանը նպատակահարմար չի համարում

«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայն դեպս, այս տարի չեն կայանա», - հայտնեց վարչապետը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորավարժություններին։

12։26

«Միակ բանը, որ այս ամենին խանգարում է, Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ-որ միջանցքների մասին»

Նիկոլ Փաշինյանը ողջունում է օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը. «Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար»։

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում նաև երրորդ երկրի քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար կբացվի սահմանը։

Հայաստանի վարչապետը խոսեց նաև ապաշրջափակման մասին՝ շեշտելով, որ Երևանը մնում է այս հարցում շահագրգռված։

«Պետք է արձանագրեմ պատրաստակամությունը նաև Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերականգնելու վերաբերյալ։ Մենք դրան պատրաստ ենք։ Միակ բանը, որ այս ամենին խանգարում է, Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ-որ միջանցքների մասին։ Մենք պատրաստ ենք իրագործել հայկական խաչմերուկի մեր տեսլականը, նաև հասկանում ենք՝ ձեզ հայտնի հանգամանքների բերումով միջազգային բեռնափոխադրումների, լոգիստիկ շղթաների և ուղիների գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, և այս փոփոխությունները կարելի է օգտագործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության և ոչ հակառակը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

12։18

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը»

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը, և դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ։ Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա», - նշեց վարչապետ Փաշինյանը։

Ավելի վաղ՝ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել էր ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ միջազգային զորախումբ Արցախ ուղարկելու մասին՝ նշելով, որ եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, ապա պետք է դիմի ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդին՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Արցախ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։

Բաքուն, իր հերթին, շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքը բաց է, և «Հայաստանը և որոշ խամաճիկներ միտումնավոր խոչընդոտում են քաղաքացիներին օգտվել Լաչինի ճանապարհից՝ «շրջափակման» մասին կեղծ պատմություն ստեղծելու համար»։

12:11

«Հայաստանի կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական»

Հայաստանի կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում, ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի հայության սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի, և սա է խնդրի ամենակարևոր կոնտեքստը, և մենք պետք է սա հաշվի առնենք», - հավելեց նա։

Մեկնաբանելով լուրերը, թե ՀՀ-ն Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել, վարչապետն արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք, այն, ինչ մենք ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է։ Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, չարձագանքեց ՀԱՊԿ-ից ու ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության վերաբերյալ հարցին։

Նա հիշեցրեց 2020թ. նոյեմբերյան եռակողմ հայտարարության 6-րդ կետը՝ նշելով, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի և Ռուսաստանի վրա։

Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը Ղարաբաղի հետ կապվելու է Լաչինի միջանցքով, որը չի հասնելու Շուշի, ունենալու է 5 կմ լայնություն և մնալու է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG