Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը. Աննա Գրիգորյան


Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Սորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ի՞նչ անեն Հայաստանի իշխանությունները, որ բացվի Լաչինի միջանցքը, կամ ի՞նչ չեն անում:

Գրիգորյան. - Կարծում եմ՝ ավելի ճիշտ է ասել, որ իրենք ոչինչ չեն անում, և կարծես թե Նիկոլ Փաշինյանն էլ իր ասուլիսի ընթացքում շատ հստակ սլաքներն ուղղում էր բացարձակապես բոլորին, բայց ոչ սեփական իշխանությանն ու կառավարությանը: Այսինքն՝ ի՞նչ է ասում, ասում է ՝ «Լաչինի միջանցքը փակ է, բայց ես ի՞նչ կարող եմ այդտեղ անել, ինձանից որևէ բան կախված չէ»: Արցախի հարցում ի՞նչ կարող ենք անել, ասում է՝ «որևէ բան չենք կարող անել»: Ի վերջո՝ պետք է ընդունել, որ Պրահայում ինքը համաձայնություն է տվել, որ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում՝ առանց հետագա բանակցությունների, որոնք կարող էին վերաբերել Արցախի կարգավիճակին: Եվ դրան զուգահեռ ասում է՝ «այո, իրավունքների և անվտանգության խնդիր կա, բայց դա էլ՝ պաշտոնական Ստեփանակերտ գնա և բանակցիր Բաքվի հետ և փորձիր տեսնել, թե ինչ կարող ես ստանալ»: Այսինքն՝ պետք է փաստել այստեղ, որ գործող կառավարությունը որևէ բան չի նախաձեռնում և չի անում, ավելին, հակառակը՝ ասում է՝ «ես այդ բոլոր հարցերի հետ որևէ առնչություն չունեմ, Լաչինի միջանցքը ուղիղ Ռուսաստանի պատասխանատվությունն է, թող բացեն, արցախցիների իրավունքներն ու անվտանգությունն էլ թող գնան իրենք բանակցեն Բաքվի հետ, ես այստեղ որևէ առնչություն չունեմ»:

«Ազատություն». - Ճիշտ չի՞ ասվում, որ Լաչինի միջանցքը ուղիղ Ռուսաստանի պատասխանատվությունն է:

Գրիգորյան. - Նոյեմբերի 9-ի համապատասխան կետով, իհարկե, ասվում է, որ ռուս խաղաղապահները պետք է այնտեղ վերահսկողություն իրականացնեն, բայց այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը երբ որևէ բան չի անում, որևէ մեսիջ չի հղում, այստեղ անհասկանալի է, թե ինչո՞ւ չի անում:

«Ազատություն». - Էլ ի՞նչ անի, տիկին Գրիգորյան, ամեն օր Ռուսաստանից պահանջում են:

Գրիգորյան. - Ինչո՞ւ է այս իրավիճակն առաջացել հիմա, ինչո՞ւ է Լաչինի միջանցքը հիմա փակվում կամ ավելի շուտ արդեն մեկ ամիս առաջ, որովհետև իմ խորին համոզմամբ, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում, այնուհետև նաև Սոչիում վերահաստատեց այն, որ Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում և առանց որևէ հետագա բանակցությունների, Ադրբեջանն այդտեղից արդեն թևավորված, որ արդեն հայկական կողմը որևէ պահանջ չունի Արցախի հետ կապված, արել է այն, ինչ ինքը հարմար է գտնում, ասում է՝ «էս իմ տարածքն է, Լաչինն էլ իմն է, ինչ ուզում եմ անում եմ»: Այսինքն՝ հայկական կողմն առնվազն չպետք է այնպիսի հայտարարություններ աներ և այնպիսի համաձայնություններ աներ, որից հետո ուղղակի հայկական կողմի որևէ հարցադրում և որևէ պնդում լուրջ չէին կարող ընդունվել որևէ մեկի կողմից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

XS
SM
MD
LG