Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ -ը պնդում է՝ Հայաստանից պաշտոնական ծանուցում չի ստացել զորավարժությունները չեղարկելու մասին, Երևանից հակադարձում են


ՀԱՊԿ-ն այսօր կրկին արձագանքել է զորավարժությունները չեղարկելու պաշտոնական Երևանի որոշմանը՝ կարծիք հայտնելով, թե կոալիցիոն խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասով Հայաստանի պարտավորությունները կկատարվեն։ Ընդորում, ՀԱՊԿ մամուլի քարտուղարը շեշտել է, որ Երևանը ավելի վաղ հաստատել էր Հայաստանում այս տարի զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունը։

Եթե ՀԱՊԿ -ն այսօր խոսում է Հայաստանի կողմից զորավարժությունների մասով պարտավորությունների կատարման մասին, ապա երեկ ռազմաքաղաքական այս դաշինքը բոլորովին այլ հայտարարություն էր արել՝ ասելով, թե Հայաստանում նախատեսված զորավարժությունները կարող են անցկացվել այլ երկրի տարածքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նաև հայտարարել էր, թե պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չեն համարում։ Մինչդեռ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը այսօր պնդել է, թե հայկական կողմից պաշտոնապես ծանուցում չեն ստացել զորավարժությունները չեղարկելու մասին։

Արձագանքելով այս հայտարարությանը՝ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց՝ Պաշտպանության նախարարությունը հունվարի 5-ին է տեղեկացրել ՀԱՊԿ Միացյալ շտաբին՝ Հայաստանում ծրագրված զորավարժությունները աննպատակահարմար համարելու մասին։

«Ինչպես հայտնեց ՀՀ վարչապետը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը ՀՀ-ում համարել է ոչ նպատակահարմար և այդ մասին հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին», - «Ազատության» հարցին ի պատասխան՝ նշեց Թորոսյանը։

Ինչո՞ւ Հայաստանը, այնուամենայնիվ, հրաժարվեց նախապես հաստատած ՀԱՊԿ զորավարժություններից։ Վարչապետը երեկ պարզաբանել էր, թե ՀԱՊԿ-ից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում՝ հասկանալու, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին։

ՀԱՊԿ-ը առայսօր որևէ գնահատական չի տվել սեպտեմբերի 13-14 -ի ադրբեջանական ագրեսիային և չի դատապարտել Բաքվի գործողությունները։

«Այսինքն՝ կարմիր գիծը ՀԱՊԿ-ը չի արձանագրում՝ որտեղով է անցնում, ասենք, Սոթք-Խոզնավարով չի անցնում, Ջերմուկի մոտով չի անցնում, որտեղո՞վ է անցնում: Մինչև մենք դա չիմանանք, մենք էդ իրավիճակում կլինենք, որ կհրավիրենք, կասենք, եկեք սպառնալիք ստեղծեք թուրք-ադրբեջանական տանդեմի համար երկու օր, երրորդ օրը հանգստացեք, չորրորդ օրը գնացեք էլի ձեր գործերին, մենք մնանք էդ տանդեմի առաջ դեմ հանդիման», - նշել է վարչապետը:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր հրաժարվեց «Ազատությանն» ասել, թե ռազմական տեսանկյունից որքանով էր ճիշտ հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից։

«Վստահաբար, Հայասանի Հանրապետության վարչապետը և պաշտպանության նախարարը երբ որ հանգել են այդ որոշմանը, իրենք վերլուծությունների հիման վրա են այդ որոշմանը եկել և ես ավելացնելու ոչինչ չունեմ», - ընդգծեց փոխնախարարը:

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը , մինչդեռ հակադարձելով Նիկոլ Փաշինյանին, շեշտում է, որ զորավարժությունները անցկացվում են սպառնալիքներին դիմագրավելու համար։ Իսկ ՀԱՊԿ զորավարժությունները, միջազգային փորձի փոխանակման՝ հրամանատարների, շտաբների և զորքերի պատրաստության աստիճանը բարձրացնելու հնարվորություն են տալիս, հետևաբար այսպիսի միջոցառումները պետք է օգտագործվեն։ Հատկապես, որ ըստ Սեյրան Օհանյանի, այսօր ՀԱՊԿ -ի զորավարժություններին այլընտրանք չունենք։

«Իր խոսքերը, այն, ինչ որ ինձ ասացիք, որ դա կարող է ավելորդ լարվածություն ստեղծի, խոսում է նրա մասին, որ այսօրվա իշխանությունները որոշակի պայմանավորվածություններ ունեն ադրբեջանցիների և թուրքերի հետ, որ չպետք է կատարելագործեն մեր ունակությունները ոչ միայն մեր բանակի ներսում, այլ նաև ռազմաքաղաքական այն կենտրոնի, այն դաշինքի, որի շրջանակներում մենք անընդհատ աշխատում ենք մեր բանակի վրա», - նշեց Օհանյանը:

«Ազատության» հարցին՝ «քանի որ ՀԱՊԿ-ը այդպես էլ որևէ կերպ չդատապարտեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, այսքանից հետո միևնույն է այդ զորավարժությունները պե՞տք է համաձայնություն տրվեին և անցկացվեին, քանի որ մենք դրանից օգուտնե՞ր էինք քաղելու», պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց. - «Այնպես չէ, որ մենք բոլորս, նաև տարբեր անհատներ շատ գոհ են ՀԱՊԿ-ի գործողություններից, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է այսօր ՀԱՊԿ-ի ունեցած հնարավորությունները, հատկապես զինված ուժերի, ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ օգտագործենք մեր ռազմական ներուժի բարձրացման ուղղությամբ»:

Դիտարկմանը՝ այսինքն՝ վստահ է, որ ռազմական տեսանկյունից այդ զորավարժությունները մեզ օգուտ էին տալու, Օհանյանն արձագանքեց. - «Իհարկե»:

«ՀԱՊԿ -ը նախ պետք է գնահատական տա իր անդամ պետության՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային, այլապես ցանկացած գործողություն, այդ թվում՝ զորավարժությունները անիմաստ են», - վստահ է խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու մասին իր հայտարարությունը վարչապետն արել է բավական լուրջ վերլուծությունների արդյունքում։

«Նախևառաջ ՀԱՊԿ անդամ պետության դեմ իրականացված ագրեսիային պետք է գնահատական տրվի և գնահատական տրվելուց, արձանագրելուց հետո իրավիճակը, պետք է ուղիներ փնտրել այդ իրավիճակի լուծման համար: Եթե գնահատական չի տրվել այս ամբողջին, եղածին, մնացած բոլոր գործողությունները դառնում են անիմաստ», - ասաց Խաչատրյանը:

Անցած նոյեմբերին՝ Երևանում կայացած գագաթնաժողովից հետո դաշնակիցների քաղաքական հայտարարության բացակայության պատճառով Երևանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը։ Հայաստանն առայսօր սպասում է ՀԱՊԿ-ի կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը։

XS
SM
MD
LG