Մատչելիության հղումներ

Թեհրանը դեմ է իր միջազգային սահմանների փոփոխություններին. Անթալիայում հայտարարել է խորհրդարանի նախագահը


Իրանը դեմ է իր միջազգային սահմանների փոփոխություններին, պաշտոնական Թեհրանի այդ դիրքորոշումը այս անգամ հնչել է Ադրբեջանի և Իրանի խորհրդարանների խոսնակների հանդիպմանը, որը տեղի է ունեցել նախօրեին թուրքական Անթալիայում։

«Մենք չենք ընդունում սահմանի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն»,- հայտարարել է Իրանի օրենսդիր մարմնի ղեկավար Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը և հավելել. «Արտատարածաշրջանային երկրների միջամտություններն անթույլատրելի են»,- փոխանցում է IRNA պետական լրատվական գործակալությունը։

Թուրքիայի խորհրդարանի խոսնակի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ այդ հանդիպմանը իրանցի պաշտոնյան չի հստակեցրել, թե որ արտատարածաշրջանային երկրների միջամտությունը պետք է կանխվի, և ինչու է Թեհրանը շարունակաբար մտավախություն հայտնում սահմանների հնարավոր փոփոխության կապակցությամբ։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը հնչում է Թեհրանի և Բաքվի հարաբերություններում լարվածության ֆոնին, որը չի մարում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից ի վեր։ Իրանի իշխանությունները Բաքվին մեղադրում են իրանական սահմաններին «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ տեղակայելու համար։ Թեև Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հերքում են այդ մեղադրանքները, երկու հարևան երկրներն էլ, ի վերջո, որոշել են անցյալում թողնել զորավարժություններով, փոխադարձ կոշտ մեղադրանքներով ուղեկցված լարվածությունը։ Թեհրանի մտահոգությունը, սակայն, չի մարում։

Իրանը շարունակում է կտրուկ դեմ արտահայտվել նաև Սյունիքով միջանցք պահանջելու Ադրբեջանի հայտարարություններին։ Սյունիքով է անցնում հայ-իրանական 35 կիլոմետր երկարությամբ սահմանը, որն ինչպես Հայաստանի, այնպես էլ 13 պետությունների հետ սահմաններ ունեցող Իրանի ամենակարճ պետական սահմանն է։

Բաքուն Լաչինի միջանցքը փակել է՝ ի պատասխան Սյունիքով միջանցք չտրամադրելու Երևանի դիրքորոշման. Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինի համոզմամբ՝ Բաքուն Լաչինի միջանցքը փակել է՝ ի պատասխան Սյունիքով միջանցք չտրամադրելու Երևանի դիրքորոշման։

«Ադրբեջանի հանրապետությունը պետք է ընդունի, որ Սյունիքի միջանցքը գտնվում է Հայաստանի ներսում, և Երևանն իրավունք ունի դրա նկատմամբ ինքնիշխանություն սահմանել»,- իրանցի դիվանագետի խոսքերն է մեջբերում Tehran times պարբերականը։

2012-2016 թվականներին Բաքվում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը ղեկավարած Փաքայանի խոսքերով՝ Երևանն իր հերթին պետք է ընդունի՝ «Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության տակ է, և խնդիրը պետք է լուծի՝ հիմք ընդունելով այդ իրականությունը»։

Փաստելով, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը հայտնվել են ծանր իրավիճակում, Փաքայանը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունների «այդ գործողությունները հակասում են մարդու իրավունքների չափանիշներին, ինչի հետևանքով անմեղ մարդիկ վտանգի են ենթարկվում և տառապում»։

XS
SM
MD
LG